9 ամիս առաջ Գեւորգյանների ընտանիքի հայրը որոշեց երկու դուստրերի ու կնոջ հետ Մեղրի քաղաքից գալ Երեւան, սակայն ճանապարհը չափազանց կարճ տեւեց: Մեղրիից մի քանի կիլոմետր էր մեքենան հեռացել, երբ տեղի ունեցավ ավտովթար: Վթարի հետեւանքով երեխաներից մեկը մահացավ, մյուսը ծանր կոտրվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
«Երկու աղջիկ ունեի, երրորդ երեխայիս էի սպասում: Ամուսինս ասաց` պետք է ստուգվես, եթե կրկին աղջիկ ա, աբորտ անես: Բայց հեռավոր Մեղրիում մեկ-երկու ամսական հղիության դեպքում սեռ ասել չէին կարող, ուստի որոշեցինք գալ Երեւան` հստակ պատասխան ստանալու նպատակով»,- հիշում է 24-ամյա կինը` Արեւիկ Գեւորգյանը:
Ավտովթարից 8 ամիս անց Գեւորգյանների ընտանիքում ծնվեց երրորդ դուստրը, թեեւ հղիության ողջ ընթացքում ամուսինները տղա երեխա էին սպասում: Արսեն Գեւորգյանը նշում է, որ դստեր մահվանից հետո հասկացել է` Աստված է տալիս ու վերցնում, Աստծո կամքին հակառակ պետք չէ շարժվել. «Երեխայիդ մահվանից հետո ես միայն հասկանում, որ մահը մահ է, նույն ցավն ես ապրում, ինչ որ կապրեիր, եթե երեխադ տղա լիներ, եւ մի երեխայի մահը ստիպում է ամբողջ կյանքում ամոթով նայել կնոջդ աչքերի մեջ,- ասում է ընտանիքի հայրը` Արսեն Գեւորգյանը: -Երբ երեխադ ծնվում է, հետո ես հասկանում, որ ինչ սեռի էլ լինի, քո արյունն ու միսն է: Միայն ցավում եմ, որ դա պիտի գիտակցեի երեխայիս կյանքի գնով»:
Ըստ ՀՀ Վիճակագրական վարչության տվյալների` 2009-ին Հայաստանում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 13.797 դեպք, 2010-ի տվյալները դեռեւս ամփոփված չեն, սակայն մասնագետները նշում են, որ այդ թիվը նվազագույնը 10 տոկոսով ավելացել է: Հղիության արհեստական ընդհատման դիմում են հիմնականում 25-29 տարեկան կանայք, ովքեր ունեն երկու, հազվադեպ` երեք երեխա:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ասում է` «Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք», բայց ոչ ուշ, քան մինչեւ հղիության 12-րդ շաբաթը:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը նշում է, որ աբորտի համար դիմող կանանց մեծամասնությունն ունի երկու դուստր եւ խուսափում է երրորդ աղջկանից:
Հղիության արհեստական ընդհատումը վիրաբուժական միջամտությամբ գործընթաց է, դրան զուգահեռ` այսօր թույլատրված է նաեւ դեղորայքային միջամտությամբ ընդհատումը:
Առուստամյանը նկատում է, որ հատկապես դեղորայքային եղանակով աբորտի հարցում օրենքը խիստ թերի է, քանի որ այն թույլատրվում է, սակայն չի կարգավորվում. «Կինը չպետք է ինքնուրույն օգտագործի դեղորայք կամ այլ միջոցներ հղիության ընդհատման համար: Շատ դեպքերում ամուսինները թույլ չեն տալիս կանայք հիվանդանոց հասնեն, դեղորայք են գնում, այդկերպ ազատվում են երեխայից, սակայն հետագայում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում, եւ բժիշկը ստիպված է լինում միանգամից մի քանի հիվանդություն բուժել»,- պարզաբանում է նա:
Նախքան հղիությունն ընդհատելը բժիշկները սովորաբար խոսում են ամուսինների հետ, փորձում հետ պահել այդ քայլից` բացատրելով հնարավոր բոլոր հետեւանքները, քանի որ հղիության արհեստական ընդհատումը կարող է ունենալ բազմաթիվ հետեւանքներ` դաշտանային ցիկլի խանգարում, փողերի անանցանելիություն, չբերություն: Նելլի Գրիգորյանը իր երրորդ դստերն է սպասում, 5 ամիս առաջ բժիշկները կարողացել էին համոզել իրեն ու ամուսնուն` չընդհատել երրորդ հղիությունը. «Կինը երբեք դեմ չէ երեխաներ ունենալ, այս հարցում մենք շատ ենք զգում ամուսինների օգնության կարիքը: Երրորդ երեխան ունենալ-չունենալը ամուսնուց է կախված, եւ եթե նա ցանկանա` չեմ կարծում` կինը հրաժարվի երեխայից»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով` թեպետ աբորտների խնդիրը մեծ է, այլընտրանքի առումով շատ ավելի գերադասելի է, քան, ասենք, օրենքով այն սահմանափակելը: «Սխալ է կարծիքը, թե բնակչության թվաքանակի վրա կարող է ազդել աբորտի թվաքանակը: Եթե չլինեն հղիության արհեստական ընդհատումներ, ապա երկիրը հետագայում խնդիրներ կունենա այդ սերնդի սոցիալականացման, սոցապահովման համար, եւ փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ծնվում, այդքան շատ էլ մահանում են»,- իր տեսակետն է բացատրում Եգանյանը:
Հղիության արհեստական ընդհատմանը Հայաստանում պաշտոնապես դեմ է Հայ Առաքելական եկեղեցին: «Սաղմն իր մեջ կրում է ամբողջ գենետիկան, հոգին ու մարմինը միաժամանակ են ձեւավորվում, հաճախ մարդիկ ասում են, որ սաղմն են սպանում, մարդու չեն սպանում, սակայն դրանով մարդ են սպանում, քանի որ սպանվում է այդ ծնվելիք մարդու ամբողջ կյանքի պատմությունը»,- ասում է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի քրիստոնեական ծրագրերի պատասխանատու Հովհաննես սարկավագ Մանուկյանը:
Փառանձեմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստան
«ՄեդիաԼաբ» կայքի թղթակից