Հայաստանում բնակվող եզդի կանայք կրթություն չեն ստանում ավանդույթների պատճառով

01/09/2011

Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնություններից ամենամեծ` եզդիների համայնքը, դեռ շարունակում է ապրել հնագույն ավանդույթներով, ըստ որոնց, կանայք սահմանափակ իրավունքներ ունեն ու հաճախ զրկված են կարեւորագույն` կրթության իրավունքից: Արտաշար գյուղի բնակչուհի 17-ամյա Ամալյան (անունը փոխված է) 15 տարեկանում կիսատ թողեց ուսումը` հաջող ամուսնության ակնկալիքով, ու նշանվեց, ինչը սովորաբար շատ ավելի առաջնային է եզդիների համար, քան կրթությունը: «Նշանվելուց հետո, չնայած նշանածս էլ, սկեսուրս էլ թույլ էին տալիս, որ գնամ դպրոց, բայց ես էլ չգնացի, ամաչում էի նշանված գնալ դպրոց: Արդեն ամուսնանալու աղջիկ էի, էլ ի՞նչ դպրոց, համ էլ ի՞նչ պիտի անեմ էդ ստացածս կրթությունը»,- ասում է Ամալյան:

Մայրաքաղաք Երեւանից ընդամենը 46կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Արտաշար գյուղում եզդիները, ապրելով հայերի հարեւանությամբ, շարունակում են հավատարիմ մնալ իրենց ավանդույթներին: ՀՀ-ում ապրող ավելի քան 45.000 եզդիները հիմնականում ապրում են Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 20 եզդիական գյուղերում, ինչպես նաեւ` երկրի հայաբնակ այլ գյուղերում:

Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գնահատմամբ` Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ եզդիներին տրված են «ազգային ինքնությունն ու լեզուն պահպանելու բոլոր հնարավորությունները»: «Եզդիների կրթությունը շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է, հատկապես լեզուն սրբություն է ամեն ազգի համար, մարդը առաջին հերթին պետք է տիրապետի իր մայրենի լեզվին, եւ Հայաստանը միակ երկիրն է, ուր ժողովուրդը կարող է գրել մայրենի եզդիերենով, որովհետեւ միայն այստեղ է, որ եզդիները հնարավորություն ունեն եզդիերենը սովորել միջնակարգ դպրոցներում»,- ասում է Թամոյանը:

Հայաստանում գործում են 23 դպրոցներ` եզդիերեն լեզվի եւ գրականության ուսուցմամբ (1-9 դասարան), տպագրվում են եզդիերեն դասագրքեր եւ գեղարվեստական գրքեր, թերթ, Հանրային ռադիոյով ամեն օր 30 րոպե տեւողությամբ եզդիերեն հաղորդում է հեռարձակվում, Երեւանի պետական համալսարանում եւ Մանկավարժական համալսարանում մրցույթից դուրս տեղեր են հատկացված փոքրամասնությունների համար: Փորձագետների բնորոշմամբ, սակայն, դեռեւս այսօր էլ նկատվում է, որ եզդիների մոտ կրթությունը, հատկապես իգական սեռի շրջանում, այդքան էլ մեծ հեղինակություն չի վայելում:

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացողների աճ է նկատում: «Իհարկե, լինում են երեխաներ, ովքեր ցանկություն են հայտնում կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հավանաբար 30 եզդի ուսանող ունենք Երեւանի տարբեր բուհերում, որտեղ գերակշռում են տղաները»,- ասում է Բաքոյանը, պարզաբանելով, որ եզդիների հիմնական մասն ապրում է շրջաններում` զբաղվելով անասնապահությամբ եւ հողագործությամբ, այդ պատճառով էլ ուսումը երկրորդական է համարվում:

Բաքոյանը նշում է նաեւ, որ ամուսնությունը կարեւոր նշանակություն ունի եզդիների կյանքում: Չամուսնացած տղամարդիկ ու կանայք արժանանում են հասարակության կշտամբանքին, ուստի յուրաքանչյուր ծնող իր աղջկա համար հարմար փեսացու գտնելով` երբեք չի կորցնում պահը եւ պատրաստ է անչափահաս տարիքում, նույնիսկ դպրոցից հեռացնելով` տալ կնության:

Արտաշատի բնակիչ 77-ամյա Ռզա պապը, սակայն, ում 6 երեխաներից միայն կրտսեր որդին է ուսում ստացել, շատ է ուզում, որ հատկապես իր ամենափոքրիկ աղջիկ թոռը` Թամարիկը, ստանա բարձրագույն կրթություն:

7-րդ դասարանի աշակերտուհի Թամարիկը, պապից խոսելու թույլտվություն ստանալով, ասում է. «Մեծանամ` բժիշկ եմ դառնալու անպայման, ինչ ուզում է լինի, նույնիսկ, եթե հարմար փեսացու էլ ունենամ, միեւնույն է, սովորելու եմ, նոր ամուսնանամ»:

Ավանդույթները տեղի են տալիս ավելի շատ քաղաքաբնակ եզդիների շրջանում:

«Մենք շատ պահպանողական ժողովուրդ ենք, եւ մեր հոգեւոր հայրերն արգելել են կրթությունը, մտածելով, որ այդտեղ կա սատանայություն, եւ կփոխվի ազգի բարոյական կերպարը: Սակայն մեր ընտանիքում բոլորն էլ հասկանում ու գիտակցում էին, թե որքան կարեւոր է կրթությունը»,- ասում է 54-ամյա լեզվաբան-գրականագետ Զեմֆիրա Խատիեւան, ով ավարտելով ԵՊՀ-ն` արդեն 30 տարի աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում` ծավալելով մանկավարժական եւ գիտական աշխատանք:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
, Հայաստան
«ԱրմենիաՆաու» ինտերնետային պարբերականի լրագրող