Թաքնված մարմնավաճառությունը եւ աշխատանքի վայրում սեռական բնույթի ոտնձգություններն Ադրբեջանում տարածված են: Կանայք հաճախ են բախվում սեռական բնույթի առաջարկությունների` աշխատանքի տեղավորման դիմաց, այդ իսկ պահից դառնալով իրավազուրկ: 22-ամյա Աննան, ով ավելի քան մեկ տարի աշխատել է տուրիստական մի գրասենյակում, պատմեց, որ ղեկավարի կողմից բազմիցս սեռական բնույթի առաջարկություններ է ստացել. «Նա ոչ պատշաճ ակնարկներ էր անում, որից հետո ես ազատվեցի աշխատանքից: Իսկ մինչ այդ ես խուսափում էի նրա հետ միայնակ մնալուց»:
Աննան ասում է, որ, երբ ղեկավարության կողմից սկսվեցին այդ ոտնձգությունները, նա սկսեց աշխատանք փնտրել, եւ երբ այն գտավ, անմիջապես ազատվեց նախկին աշխատավայրից: Տանը Աննան ոչինչ չէր պատմում` մտավախություն ունենալով, որ ծնողներն ընդհանրապես կարգելեն իրեն աշխատել: «Ղեկավարության կողմից նման ակնարկների բախվել եմ ոչ միայն ես, այլեւ` իմ ընկերուհիների մեծ մասը: Բայց, գործնականում, որեւէ տեղ չկա, ուր մենք կկարողանանք գանգատվել. Բաքվում աշխատողը իրավազուրկ է, եւ, ցավոք սրտի, բարոյական աղջիկների համար նման ակնարկներից զերծ մնալու միակ միջոցը` աշխատանքից ազատվելն է»,- ասում է Աննան:
Գյուլնարան 35 տարեկան է, աշխատում է որպես հաշվապահ. «Ինձ թվում է, թե հաճախ հենց ամուսնալուծված կանայք են բախվում նման ոտնձգությունների: Եթե դու ամուսնալուծված ես, տղամարդուն թվում է, թե դու անպայման իր հետ սեռական հարաբերությունների մեջ կմտնես»:
«Բացի այդ, նրանք գիտեն, որ ամուսնալուծված կանայք երեխաներ ունեն, եւ նրանց պետք է կերակրել, ուստի գործատուն հաճախ վստահ է, որ ամուսնալուծված կինը պատրաստ կլինի աշխատանքի անցնել` սեռական հարաբերության դիմաց: Ցավն այն է, որ շատերը` տղամարդ թե կին, դա նորմալ են համարում»,- հավելում է նա:
Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մյատանյատ Ազիզովան պատմում է, որ իր կազմակերպություն հաճախ են դիմում կանայք, ովքեր ղեկավարության կամ գործատուի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել: Սակայն նրանք գրեթե միշտ դիմում են միայն հոգեբանական աջակցության համար: «Ընդամենը երկու դեպք է եղել, երբ կինը ցանկացել է գործը հասցնել դատարան, սակայն հաղթել այդպես էլ չի հաջողվել»,- պատմում է Ազիզովան:
Նա ասում է` գոյություն ունի երկու հիմնական հանգամանք, որոնց պատճառով գործը հազվադեպ է հասնում դատարան. «Առաջին հերթին` դատարանների նկատմամբ եղած վստահության ցածր մակարդակն է: Մեր կանայք գիտեն, որ դատարանները կաշառվում են, եւ որ դատավորները հիմնականում տղամարդիկ են: Երկրորդ պատճառը` նման տիպի ոտնձգությունների մասին համապատասխան օրենքի բացակայությունն է»: Նրա խոսքով, ադրբեջանական օրենսդրությունը բացթողումներ ունի, քանի որ այն չունի աշխատանքի վայրում սեռական բնույթի ոտնձգություններն արգելող օրենք, որը կկարողանա հստակորեն նկարագրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդպիսի ոտնձգությունը:
Իրավապաշտպանի խոսքով, նման օրենքի առկայությունը կարող է օգնել դատարանի միջոցով նման տեսակի խնդիրների լուծմանը: Սակայն, ինչպես նշեց Ազիզովան, վերոհիշյալ երկու գործերից ոչ մեկը կազմակերպության փաստաբանները չեն շահել:
«Եվս մի խնդիր է այն, որ թաքնված աուդիո ձայնագրությունը դատարանները չեն ընդունում որպես ապացույց»,- հավելում է իրավապաշտպանը: Բռնությունների դեմ պայքարի հասարակական կազմակերպության` «Մաքուր աշխարհի» ղեկավար Մեհրիբան Զեյնալովան նույնպես նշեց, որ աշխատանքի վայրում նման տեսակի ոտնձգությունների հետ կապված բողոքների թիվը քիչ է: Նրա խոսքով, մի քանի պատճառներ կան, որոնց հետեւանքով նման ոտնձգությունները մնում են անպատիժ:
«Ինչպես ինձ պատմել են նման դեպքերի զոհերը, ղեկավարներն իրենք են ասում` «գանգատվիր` ում ուզում ես, դա անօգուտ է»: Երկրորդ` կանայք իրենք են խուսափում նման դեպքերի հրապարակումից, քանի որ մեր պահպանողական հասարակությունը կարող է կարծել, թե կինն է առիթ տվել նման ոտնձգության համար»,- ասում է Զեյնալովան:
«Մեր պայմաններում նման ոտնձգություններից խուսափելու համար` մենք կանանց խորհուրդ ենք տալիս կնքել աշխատանքային պայմանագրեր, ինչը խոչընդոտ կհանդիսանա աշխատանքից անսպասելի ազատման համար»,- հավելում է Զեյնալովան:
Մահարրամ ԶԵՅՆԱԼՈՎ, Ադրբեջան
ազատ լրագրող