Վալյա Նիկոյանի` բառիս բուն իմաստով` «չոլի» մեջ գտնվող վագոն-տնակը ճանապարհ չունի: Տնակի չորս կողմը երկար պտտվելուց հետո ձայն եմ տալիս` «Ինչպե՞ս Ձեզ մոտենամ»: Ինքը չի երեւում, բայց էնպես է ճչում, որ ձայնն ամբողջ տարածքով մեկ արձագանքում է` «Գնա հակառակ կողմը, էն դքի վրա` չոլի մեջ, ոտքի ճամփա եմ բացել, խոտերի միջով արի…»: Դեղնած, չորացած, խիտ խոտածածկույթի մեջ դաջված ոտնահետքերը նրանն են: Նեղլիկ արահետից երեւում է, որ մեկ մարդու անցուդարձի ճամփա է: Այս վագոն-տնակի մեջ ապրող 60-ամյա կնոջ գոյությունն աննկատելի է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների համար: Տնակն անասնագոմի նման է, որտեղ ապրելը հավասար է կամաց-կամաց, աստիճանաբար ու աննկատ մեռնելուն: Բակում դրված վառարանի տաք ծուխը տարածքն առել է սեւ մշուշի մեջ: Մի կողմից` ամառվա շոգից, մյուս կողմից` եռացող վառարանի տաքությունից տիկին Վալյայի դեմքից ծորացող քրտինքը կաթիլ-կաթիլ լցվում է խաշվող կարտոֆիլի կաթսայի մեջ: «Դժոխքի մեջ եմ ապրում, սա երկիր չի, սա կյանք չի` դժոխք ա: Այ սենց, երկրի վրա էլ կարելի ա դժոխքի մեջ այրվել»,- ասում է նա` պատկերավոր նկարագրելով դժոխքի ու մեր երկրի ընդհանուր առանձնահատկությունները:
Տասը տարի ապրում է Սպիտակ քաղաքի այս վագոն-տնակում, որի պայմանները հաստատ առողջ մարդուն կհասցնեն խելագարության: Սպիտակի նորակառույց դատարանի շենքի հարակից տարածքում գտնվող տիկին Վալյայի տնակը կարծես կալանավայրի խուց լինի: «Դատերն առաջ վագոն-տնակներում էին անում: Հիմա լավ կառուցել են դատարանի շենքը: Կարեւորը մարդկանց բնակարանները չեն, կարեւորը դատարանի շենքն ա: Մարդկանց վրա թող հոդված դնեն ու որպես պատիժ` ուղարկեն իմ վագոն, իսկական գաղութ ա»,- ասում է տիկին Վալյան, ում խոսքը շարունակելով` սպիտակցիներն ասում են, որ քաղաքային իշխանությունները կառուցել են դպրոցը, հիվանդանոցը, դատարանի շենքը, այսինքն` այնպիսի հաստատություններ, որոնց կառուցապատումն, անշուշտ, շատ կարեւոր է, բայցեւ որոնց կառուցապատումից կարելի էր խոշոր փողեր յուրացնել: Մինչդեռ մարդկանց բնակարաններով ապահովելու ծրագիրը տարիներով «քնած» է: «Իրանց պետք չի մարդկանց կացարանով ապահովել, դրանից շահ չունեն: Սպիտակով մեկ շրջեք ու տեսեք, թե ինչքան շատ են հոգեկան հիվանդները: Մարդիկ խելագարվում են, չեն դիմանում էլ էս պայմաններում ապրելուն: Էնքան կանեն, որ էս ժողովրդից առողջ մարդ չի մնա ու դատարան, դպրոց ոտք դնող էլ չի լինի: Եթե մարդիկ իրանց տունը, աշխատանք ու ապրելու միջոց ունենան, հավատացե՛ք, համ հիվանդները, համ հանցագործները կքչանան»,- ասում են բնակիչները` մատնանշելով տիկին Վալյայի կենցաղը, ով Սպիտակ քաղաքի հազարավոր բնակիչների ընդամենը մեկ օրինակն է: Տնակում բացակայում են կենցաղային տարրական պայմանները, դրա համար էլ ներսում ամեն ինչ հակահիգիենիկ է: «Ջուրը ահագին հեռվից վեդրոներով եմ կրում, իսկ զուգարան ընդհանրապես չկա: Գնում եմ չոլեր: Լույսն էլ ամիսներով կտրում են, չեմ կարողանում ժամանակին վճարեմ»,- ասում է միայնակ կինը, ով ամեն խոսքի հետ արցունքներ է թափում… Նայելով շուրջս` մխիթարանքի խոսքեր չեմ գտնում նրան ասելու համար: Տարածքն արդեն վաճառված է մի մեծահարուստի, ով միայնակ կնոջը պարբերաբար ժամանակ է տալիս վագոն-տնակը հավաքելու-տարածքն ազատելու համար: Տիկին Վալյան ամեն անգամ խնդրում-աղաչում է` կրկին ժամանակ տալ, որովհետեւ գնալու տեղ չունի: Ժամանակը լրանում է, բայց նորից ժամանակ խնդրելու կարիք է լինում: Չի հասկանում` ստեղծված փակուղուց դուրս գալու ելքը ո՞րն է: Ճիշտը ժամանակ խնդրելն ու մի քիչ էլ ապրե՞լն է, թե՞ այդ տարածքից ու առհասարակ կյանքից հեռանալը: «Հոգնել եմ, շատ եմ հոգնել… Չգիտեմ` ինչի՞ եմ ապրում, ո՞ւմ եմ պետք: Առաջ ուզում էի ապրել, իսկ հիմա… Հիմա իմ ապրելուց էլ եմ տառապում: Ես ինձ մենակ հոգս եմ պատճառում, ուրիշ ոչինչ»,- ասում է նա` բռունցքներով գլխին հարվածելով: Տիկին Վալյան Սպիտակի բենզալիցքավորման կայաններից մեկում հավաքարար է աշխատում եւ աշխատանքի դիմաց ամսական ստանում է ընդամենը 10.000 դրամ: Հարցնում եմ` ամբողջ ամսվա համար 10.000 դրա՞մ: «Հա, ասում է` ձեռք չի տալիս` դուրս արի, գնա, էնքա՜ն մարդ կա, որ կաշխատի: Դուրս գամ` ո՞ւր գնամ, ուրիշ աշխատանք չկա: Մարդիկ էստեղ մի 1000 դրամի համար ամենածանր աշխատանքն էլ անում են: Աշխատանք չկա, ստիպված մի երկու կոպեկի համար ենթարկվում ենք աշխատանք տվողի պահանջներին: Ապրելու ուրիշ տարբերակ չունեմ»,- ասում է տիկին Վալյան, ում ամբողջ ամսվա եկամուտն այդ 10.000 դրամն է, քանի որ աղքատության նպաստ էլ չի ստանում: Ասում է` կարողանում է միայն հաց գնել, իսկ ժամանակ առ ժամանակ` նաեւ կարտոֆիլ կամ մակարոն: Ամիսներով անլույս ապրելուն արդեն վարժվել է, բայց անմարդաբնակ տարածքում միայնակ լինելով` վախը միշտ սրտում է: Այն տարածքը, որտեղ ապրում է տիկին Վալյան, բնակելի թաղամաս չէ: Վագոն-տնակից մի փոքր հեռավորության վրա միայն նախկին վերելակների գործարանն է, որն այսօր հավասարված է գետնին, ու գործարանի մասունքներն աղբի կույտերի պես լցված են փողոցներում: Սպիտակ քաղաքի անտուն-աղքատները ժամանակ առ ժամանակ շրջում են ավերված գործարանի տարածքով մեկ` պիտանի բան գտնելու ակնկալիքով: Երբ միջադեպ է լինում` տիկին Վալյան վախից կծկվում է վագոն-տնակի մեջ ու փայտե դուռը ներսից պինդ կողպում է: Ամենաշատը վախենում է ձմռան ցրտից, ու երբ ձմեռը գալիս է` անգամ տնակի փայտե դուռը ներսից կողպելը չի փրկում: Տիկին Վալյայի ձեռքերն ու ոտքերը նախորդ ձմեռների ընթացքում ցրտահարվել են, ու հիմա, երբ ցուրտը ներս է սողոսկում` բաց վերքի պես մրմռացող ոսկորների ցավից «ոռնում» է: «Էս փետից դոմիկում ձմռանը նույնն ա` ինչ դրսում ապրես: Վառելիք չկար, փետանում էի: Փողոցներում` ստեղից-ընդեղից զիբիլ-միբիլ էի գտնում, լցնում էի փեչը, բայց րոպեական տաքություն էր: Հասկանո՞ւմ ես, ամբողջ ձմեռ նենց էի սառում, որ ոչ մի բան չէի զգում, ուղեղս էլ էր մարում: Անշարժանում մնում էի: Հիմա, որ մտածում եմ` ձմեռ ա գալու, էլի նույն ցավերը քաշելու եմ` սարսափում եմ: Մատներս, ոտքերս չեն աշխատում, չեմ զգում, ոնց որ զգայարաններս քարացած լինեն: Հիմա էլ, որ մի բանի կպնում եմ, չէ` ցավից ուշքս գնում ա»,- ասում է տիկին Վալյան` ցույց տալով այտուցված, կապտած ձեռքի մատները: