«Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի հերոսուհիներն այս օրերին ամենաքննարկվող թեման են դարձել՝ շնորհիվ սերիալի նախկին հերոսուհի Անժելա Սարգսյանի: Ըստ որոշ լրատվամիջոցների` դերասանուհուն սերիալի նկարահանումներից հեռացրել են մերկ լուսանկարների պատճառով: Խոսքը հրապարակման ոչ ենթակա լուսանկարների մասին է, որոնք, ըստ լրատվամիջոցների, պարբերաբար տեղադրվել են Անժելայի` «Օդնոկլասսնիկի» կայք-էջում: Անժելան ամուսնացած է եւ ունի մեկ երեխա: Ըստ ԶԼՄ-ների` լուսանկարները սոցիալական այդ կայքէջում տեղադրում է Անժելայի նախկին ընկերը, ով պատժում է դերասանուհուն` իրեն լքելու համար: Հրապարակումների համաձայն` Անժելայի` սերիալի խաղընկերուհիները՝ Անի Պետրոսյանը (Աննա), Ագնեսա Շահնազարյանը (Սոֆա) ու Գայանե Ասլամազյանը (Հասմիկ) այդ լուսանկարների պատճառով բարձրացած աղմուկից հետո հրաժարվել են խաղալ դերասանուհու հետ: Լրատվամիջոցներից մեկի տեղեկությամբ` Անժելայի գործընկերուհիները` Անին, Ագնեսն ու Գայանեն, չնայած հրեշտակների շարքում երբեք չեն եղել, սակայն, որոշել են վերջնականապես ոչնչացնել իրենց նախկին ընկերուհուն: Ըստ այդմ` Անին, Ագնեսն ու Գայանեն, հեռուստաընկերության ղեկավարության առաջ պայման են դրել, թե այլեւս չեն նկարվի Անժելայի նման «անբարոյականի» հետ: Ասել են, թե չեն ուզում, որ իրենց անունները կապվեն նրա անվան հետ: «Մի փոքր խորանալով` պարզեցինք, որ աղջիկների վրդովմունքն ունի շատ ավելի խորը պատճառներ: Սերիալում նկարվելու մասին պայմանագրեր կնքելիս այնպես է ստացվել, որ Անժելան միաժամանակ մի քանի առաջարկ է ունեցել, եւ այդ պատճառով «Արմենիան» մյուս աղջիկների համեմատ նրան բավականին բարձր աշխատավարձ է խոստացել»,- գրել է «Հրապարակը»:
Երեկ մենք փորձեցինք զրուցել Անժելայի հետ, սակայն նրա հեռախոսահամարը «ժամանակավորապես չէր սպասարկվում»: Սերիալի դերասանուհիներից Անի Պետրոսյանի հետ մեր հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ այդ աղմուկից հետո տարբեր ԶԼՄ-ներ նրանցից անվերջ փորձում են ինչ-որ մանրամասներ ճշտել: «Մենք երբեք ընկերուհիներ չենք եղել: Մենք միայն գործընկերներ ենք եղել: Բավականին տգեղ է Անժելայի կողմից արված հայտարարությունները մամուլում: Իր մերկ լուսանկարների պատճառով նա խնդիրների մեջ է ընկել եւ այժմ փորձում է մեր անունը շահարկել: Նախ մենք երեքս շոկի մեջ էինք՝ կարդալով այդ հոդվածը թերթում: Հետո հասկացանք, որ նրա հետ հարցեր պարզաբանելու փոխարեն` շատ ավելի ճիշտ է պարզապես արհամարհելը: Այսօր շատերն են փորձում տեղեկություններ քաղել մեզանից, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե իբրեւ մենք երեքս ըմբոստացել ենք նրա դեմ, քանի որ նա մեզանից շատ է վարձատրվում, ասեմ, որ դա բացարձակ աբսուրդ է: Նախ` մենք բոլորս միանման ենք վարձատրվում: Եվ եթե անգամ որեւէ մեկի աշխատավարձը բարձր լիներ, հաստատ դա վիճաբանության, առավել եւս` նման աղմուկի առիթ չէր հանդիսանա: Ի վերջո, հասուն մարդիկ ենք: Սեփական սխալների մեջ չպետք է ուրիշներին մեղադրել»,- ասում է դերասանուհի Անի Պետրոսյանը:
Եթե կգտնվի մեկը, ով…
Հեռուստասերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը ֆիլմի դերասանուհի Անժելա Սարգսյանի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց. «Ի սկզբանե Անժելայի վրա շատ «ակտիվ» սցենար է եղել գրված: Սյուժետային գիծը գրեթե նրա կերպարի շուրջ էր կառուցված: Սակայն նրա կյանքում սկսեցին խնդիրներ առաջանալ այդ լուսանկարների պատճառով: Նա սկսեց ուշանալ, իսկ հետո նաեւ` չներկայանալ նկարահանումների: Եվ դա սկսեց շարունակական բնույթ կրել: Մի օր էլ նա զանգահարեց եւ ասաց, որ իր մոտ սթրեսային իրավիճակ է, եւ նա 4-5 օր հիվանդանոցում է լինելու եւ, բնականաբար, չի գալու նկարահանումների: Եվ որպեսզի սերիալը չտուժի` մենք սցենարային նոր լուծում գտանք այդ խնդրից խուսափելու համար: Սցենարով Անժելայի պերսոնաժը ամուսնացել է եւ մեկնել երկրից մեկ ամսով»,- ասաց Դ. Բաբախանյանը: Մեր հարցին, թե ե՞րբ Անժելայի հերոսուհին կրկին կվերադառնա սերիալ, Դ. Բաբախանյանը պատասխանեց. «Եթե կգտնվի մեկը, ով մեզ կհամոզի, որ Անժելան չի շարունակի իր բացակայությունները, նա անվերջ չի ասի, որ խնդիրներ ունի լուծելու, եւ մենք ստիպված չենք լինի ամեն անգամ սցենարական նոր լուծումներ գտնել` նրա բացակայությունների պատճառով… Սակայն, դժվար թե կգտնվի այդ մեկը»: