Բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների ջանքերով` այսօր մեր քաղաքում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Սիմոնյանները բնակվում են Տեխասում: Սեմը հանդիսանում է «Inet Technologies»-ի հիմնադիրը: Այն շատ խոշոր` միլիոնավոր դոլարներ արժեցող համացանցային վերահսկողական ընկերություն է՝ տեղակայված Ռիչարդսոնում՝ Տեխաս նահանգում:
«Ստեղծարարությունը հաջողության հասնելու բանալին է՝ ցանկացած աշխատանքի մեջ: «Թումո» հաճախող երեխաներն ապագայում կաշխատեն այնպիսի ոլորտներում, որ դեռ գոյություն չունեն: Իսկ այն հմտությունները եւ ստեղծարար մտածողությունը, որ ձեռք կբերեն «Թումոյում», պատանիները կօգտագործեն աշխարհում իրենց ներդրումն ունենալու համար»,- ասում է Ս. Սիմոնյանը: «Թումոյում» պատանիները կաշխատեն իրական նախագծերի վրա, կուղղորդվեն ոլորտի հայտնի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ «Փիքսարը» եւ «Դիսնեյը»: Այս կենտրոնի բացումը, թերեւս, վերջին տարիներին ՀՀ-ում բացված եւ ստեղծված լավագույն նախագծերից մեկն է: Հատկապես պատանիների համար սա հրաշալի առիթ է` կրթվելու, ժամանակը նպատակային օգտագործելու համար:
Առհասարակ կենտրոնի մասին թեկուզ պատկերավոր կարծիք կազմելու համար, պետք է գոնե մեկ անգամ լինել «Թումոյում»: Մեր հանդիպումը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ կայացավ հենց կենտրոնում, որտեղ վաղ առավոտից հավաքված պատանիներն ու նրանց ծնողներն անհամբեր սպասում էին հերթագրման իրենց հերթին: Սակայն դեռեւս խորհրդային ժամանակներից որպես անջնջելի հետք մնացած սպասելու եւ գրանցվելու տհաճ եւ երկարատեւ գործընթացն այստեղ յուրովի է կազմակերպված: Կենտրոնի հսկայական շենքի դռներով անցնելուց հետո պատանիներն իրենց ծնողների հետ նախ նստում են լսարան հիշեցնող ընդարձակ սրահում, որտեղ ծանոթանում են ընդունելության եւ ուսուցման պայմանների հետ, ուղղում են իրենց հետաքրքրող հարցերը եւ հերթով այցելում գրանցման սրահ: Այստեղ եւս «դիմորդն» ազատված է փաստաթղթային ավելորդ քաշքշուկից: Ամեն ինչ կատարվում է շատ արագ եւ առանց լարվածության: Անգամ հատուկ լուսանկարվելու անհրաժեշտություն չկա: Դա եւս կատարվում է կենտրոնում: «Թումոյում» առաջին անգամ հայտնվողներն ունեն մեկ ակնհայտ ընդհանրություն: Նրանք, առաջին հերթին, գլուխները բարձրացնում են վեր, աջ ու ձախ նայում՝ փորձելով մտովի չափել շենքի մեծությունը: Հիացմունքի երկրորդ պատճառն, իհարկե, ինտերիերի յուրահատուկ ոճային լուծումն է: Լայնամասշտաբ սրահ, որտեղ տեղակայված համակարգիչներն, առաջին հայացքից թվում է, թե բացարձակ զուրկ են լարերից: Փոխարենն` աթոռներից սկիզբ առնող եւ դեպի առաստաղ տանող պարույրները, որտեղ եւ «թաքնված» են լարերը, հնարավորություն են տալիս տեղադրել համակարգիչները սրահի ցանկացած հատվածում: Իսկ երբ այդ աթոռին նստում է ուսանել ցանկացող պատանին, թվում է, թե նա այսուհետ «պորտալարով» կապված է «Թումո» կենտրոնի հետ:
Զրուցելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, փորձեցինք ստանալ կենտրոնի հետ առնչվող առավել հետաքրքրող հարցերի պատասխանները: Մարի Լու Փափազյանն իր մագիստրոսական աստիճանը ստացել է Նյու Յորքի Կոլումբիա Համալսարանի մանկավարժական ֆակուլտետում՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական համակարգում» որակավորմամբ:
– Տիկին Փափազյան, առաջին հայացքից թվում է, թե կենտրոնի աշխատակիցներից մեկն եք եւ ոչ թե տնօրենը:
– Տնօրենը եւս աշխատակից է: Եվ նա երբեք չպետք է մոռանա այդ մասին: Մեր կենտրոնում ամեն ինչ արված է այնպես, որ յուրաքանչյուր ոք իրեն անկաշկանդ եւ ամենակարեւորը` անհատականություն զգա:
– Կենտրոնի «Թումո» անվան շուրջ վերջերս հրապարակումներ եղան մամուլում, որտեղ քննադատվում էր կենտրոնի անվան ծագումը: Մասնավորապես ասվում էր, որ չէր կարելի Հովհաննես Թումանյանի անունը կրճատել, անգամ, եթե շրջապատում բնակվող երեխաները սովոր են այս տարածքն անվանել Թումո:
– Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինչ անուն էլ դնեինք, միեւնույն է, քննադատողներ կգտնվեին: Ինչպես տնօրենի մասին պատկերացումն է այլ, այնպես էլ անվան վերաբերյալ տեսակետն է կարծրացած: Չգիտես ինչո՞ւ, ընդունված է, որ կենտրոնը պետք է անվանվի կամ բարերարի անվամբ, կամ ինչ-որ անհասկանալի եւ երկար անուն պետք է կրի… Այդ ինչպե՞ս նրանց մտքով երբեւէ չի անցել քննարկել Google-ի կամ Yahoo-ի ծագումնաբանությունը: Այդ անունները շատ պարզ են ու հեշտ հիշվող: Տարիներով այս տարածքն անվանվել է Թումո, երեխաներն իրենք են «որդեգրել» այդ անունը:
– Ի՞նչ են սովորեցնում «Թումոյում»:
– Թումոն պատանիների համար ստեղծել է հետաքրքիր եւ ուսուցողական վարժանքներ, որոնք սովորեցնում են զանազան համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ` նոր ստեղծագործական մտածելակերպ, որն անհրաժեշտ է իրենց ընտրած հետագա ուղին կերտելու համար: Կենտրոնում սովորեցնում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա: Դասընթացների առաջին 6 ամսվա ընթացքում անդամները գիտելիքներ են ձեռք բերում՝ նշված բոլոր ոլորտներից, որից հետո սկսում են մասնագիտանալ իրենց նախընտրած ուղղությամբ:
– Ովքե՞ր են սովորեցնելու պատանիներին:
– «Թումոն» ընտրել է ուսուցանողներ, ովքեր կաշխատեն պատանիների հետ, կհետեւեն նրանց ուսումնառության ընթացքին՝ օգնելով հասկանալ վարժանքները, նաեւ կխրախուսեն առավել հաջողված աշխատանքները: Մեզ մոտ չի լինելու ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ: Մեր դասընթացի մեջ ներառված հիմնական վարժանքները պատանիներին հնարավորություն կտան ինքնուրույն առաջ գնալ՝ կատարելով հանձնարարություններն ու աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:
– Ինչո՞ւ է ընտրվել հատկապես 12-18 տարիքային խումբը:
– Հետագայում կենտրոնում կգործեն նաեւ ծրագրեր այլ տարիքային խմբերի համար: Սակայն սկզբնական ծրագիրը կենտրոնում սովորելու հնարավորություն կտա 12-18 տարեկան պատանիներին, քանի որ սա հետաքրքրություն ձեւավորելու եւ նորությունները շատ արագ ընկալելու ամենալավ տարիքն է:
– Ճի՞շտ է, որ դասընթացները նախատեսված են միայն Երեւանի բնակիչների համար:
– Առայժմ «Թումոն» կկարողանա դասընթացներում ներգրավել այն պատանիներին, ովքեր իրենք կայցելեն կենտրոն, հետեւաբար` խոսքը միայն երեւանցիների մասին չէ, այլ նաեւ մարզերից եկող պատանիների:
– Որքա՞ն է կազմում «Թումոյում» սովորելու վարձավճարը:
– Իրականում վարձավճար, որպես այդպիսին, գոյություն չունի: Պարզապես կենտրոնում գրանցվելիս, բացի անհրաժեշտ որոշ փաստաթղթերից, պետք է տրամադրել նաեւ 10.000 դրամ դեպոզիտ, որը ետ կվերադարձվի կրթական ծրագիրն ավարտելիս:
– Ձեզ մոտ անգամ ավարտական վկայականն է էլեկտրոնային:
– Այո, թղթի վրա դրոշմված կնիքի փոխարեն, «Թումոյի» կրթական ծրագիրն ամբողջությամբ անցած պատանիները կստանան էլեկտրոնային վկայական, որը ինտերնետում կամփոփի եւ կհրապարակի նրանց ձեռքբերումներն ու լավագույն աշխատանքները:
– Ընդունելության տեղերը սահմանափա՞կ են: Եվ մինչեւ ե՞րբ կարելի է գրանցվել:
– Տեղերը սահմանափակ չեն: Մենք կարող ենք շաբաթական մինչեւ 10.000 պատանի ընդունել: Ընդունելության համար գրանցումը շարունակական է լինելու եւ չի դադարի:
– Դուք 5 երեխա ունեք: Նրանք եւ՞ս ընտրել են ծրագրավորման բնագավառը:
– Մեծ երեխաս 19 տարեկան է, փոքրերս զույգ են` 8 տարեկան: Տան մթնոլորտն այդ է: Սակայն ոչ միայն ծրագրավորում, այլեւ մտածելու, ստեղծելու ձգտում:
– Գաղտնիք չէ, որ մեր երկրից արդեն շատ վաղուց «խելացի ուղեղների» արտահոսք է տեղի ունենում: «Թումոն» կարող է նպաստել այդ արտահոսքին՝ լավագույններին արտասահման ուղարկելով:
– Որեւէ կրթության անձ՝ լինի տնօրեն թե ուսուցիչ, կարո՞ղ է իրեն արտոնություն տալ եւ չկրթել երեխային՝ վախենալով, որ նա, գիտելիքներ ձեռք բերելով, կնախընտրի կիրառել այդ գիտելիքները երկրից դուրս: Ուսուցչի պարտականությունը կրթելն է: Իսկ թե տվյալ աշակերտը կամ ուսանողը կրթությունը ստանալուց հետո կորոշի հեռանա՞լ, թե՞ մնալ իր հայրենիքում՝ դա արդեն իր խնդիրն է: Ցավալի է, սակայն, երբ մեկը որոշում է բարի գործ անել, շատերը փորձում են հասկանալ, թե ո՞րն է նրա շահույթն այդ գործից: Զարմանում են, որ կարելի է բարի գործ անել՝ առանց ետին մտքի, առանց մեծ ֆինանսական նպատակների: Ցավալի է, որ մարդը դադարել է հավատալ, որ դեռ կան մարդիկ, ովքեր անշահախնդիր են իրենց բարի նպատակներում: Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ամեն մեկս` մեր չափով, իհարկե, ժամանակ առ ժամանակ բարի գործ ենք անում դիմացինի համար: Անում ենք հենց այնպես, անում ենք ներքին բավարարվածության համար:
Լուս.` «Թումո» կենտրոնի