Մեկ ամսական երեխան հղիացե՞լ է

01/09/2011

MIGnews.com կայքի հաղորդմամբ` սաուդյան բժիշկները հայտնվել են շոկային վիճակում` պարզելով, որ մեկ ամսական երեխան հղի է: Երեխան ծնվել է կեսարյան հատումով, եւ նրա առողջական վիճակը սկսել է վատանալ: Բժիշկ Սալեհ Ալ-Նասրը պատմում է, որ իրենք նկատել են, թե ինչպես է մեծանում երեխայի փորը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա փորի մեջ սաղմ է աճում, որն էլ հեռացվել է: Վիրահատությունը տեւել է 3 ժամ: Սաուդյան բժիշկներն այս դեպքը բացառիկ են համարել համաշխարհային բժշկության պատմության մեջ: Հայտնի են դեպքեր, երբ երկվորյակներից մեկը պաթոլոգիկ զարգացման արդյունքում հայտնվում է քրոջ կամ եղբոր որովայնում: Վերջերս Հնդկաստանում մի այդպիսի դեպք էր գրանցվել, երբ բժշկական օգնության բացակայության պատճառով մի հնդիկ չէր իմացել, թե ինչու է իր փորը տասնամյակներ շարունակ աճում` հասնելով անհավանական չափերի: Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այդքան ժամանակ նա իր որովայնում կրել է իր երկվորյակ եղբորը: