Միլորադ Պավիչ. «Վեպը՝ որպես տերություն» գրքից

01/09/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Վեպը դա պետություն է, մեծ կամ փոքր: Նա իր օրենքներն ունի, իր բնակչությունը, իր արժույթը, որը երկրից դուրս կամ անցնում է, կամ` ոչ: Վեպն իր ափերն ունի, իր սահմանները, իր պատերազմը, իր խաղաղությունն ու իր ժամանակը, որը չի ներգրավվում ըստ Գրինվիչի չափման համակարգի մեջ: Նա ունի իր կլիման, ծովի մակերեւույթից իր բարձրությունը, իր ցածրավայրերը (ծովի մակերեւույթից ցած գտնվող տեղանքները) եւ իր հարեւանները: Նա իր տնտեսությունն ունի, վատ կամ լավ, եւ նա անկարող է կամ կարող է կերակրել իր քաղաքացիներին: Վեպը, ինչպես եւ աշխարհում բոլոր պետությունները, ունի իր լեզուն, որը հասկանալի կամ անհասկանալի է նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց: Վեպն ունի իր անհայտ զինվորը, իր կուշտ եւ քաղցած տարիները, իր աղքատ շրջաններն ու իր ամբարները։ Պետությունն անկման է հասնում, եթե այնտեղ լավ են ապրում նրանք, ով այն քայքայում է, եւ վատ են ապրում նրանք, ով այն ամրապնդում է: Միեւնույն բանն է կատարվում եւ վեպի հետ: Վեպն ունի իր դիվանագիտական ծառայությունը, ունի իր ներմուծումն ու արտահանումը: Եթե վեպը կամենա ծլկել իր երկրից, ապա սահմանը հատելու համար հարկ է լինում իրար անցնել բազում արտասահմանյան վիզաների համար, այնպես որ, նա շատ հեռու չի գնա:

Հայտնի են դեպքեր, երբ պետությունը վեպին պատերազմ էր հայտարարում (մարկիզ դը Սադի, «Վարպետն ու Մարգարիտան» երկի համար Միխայիլ Բուլգակովի հետապնդումները եւ այլն, բայց լինում է եւ հակառակը, երբ վեպը հարձակում էր գործում պետության վրա (Դոստոեւսկու «Դեւերը», որն ուղղված էր դեռեւս գոյություն չունեցող, սակայն գալիք խորհրդային պետության դեմ, Սոլժենիցինի ստեղծագործությունը եւ այլն):

Տունը կառուցում են` սկսելով հիմքից, իսկ վեպը` կտուրից: Այդ հակառակ հեռանկարը մատնացույց է անում այն, որ վեպը ծնվում է Խեցգետնի նշանի տակ: Ինչպես մենք արդեն ասել էինք, նա ապրում է իր մետաստազների հաշվին եւ սնվում է դրանցով: Ուշադիր ընթերցողը որոշ կրկնություններ կնկատի թե այս եւ թե մյուս գրքերում: Դրանք բացատրվում են այն բանով, որ յուրաքանչյուր բան հարկ է երկու անգամ ասել, որպեսզի այն մեկ անգամ լսեն: Այսպիսով, վեպի կենդանակերպի նշանը -«Cancer», Rextcencia alfa: 09 h., սահմանային նշանակությունը-7 h. 55 m.- 9 h. 20 m, deklinacia delta, միջին նշանակությունը + 20: Ամենամաքուր ջրի նշանը: Դարեր ի վեր ջուրն ամեն ինչ հիշում է: Խեցգետինն ըստ կարգի Կենդանակերպի չորրորդ նշանն է: Դա` ամռան առաջին ամսում, ավելի ճիշտ, հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 22-ը: Այստեղ տիրում է Լուսինը: Այսինքն` վեպը տեղադրված է ջրի տարերքի նշանի տակ, կանացի, պասիվ եւ արմատական նշանի ներքո: Նրա սիմվոլիկ բույսը` ջրաշուշանն է: Նրա կենդանակերպային համաստեղությունը գտնվում է երկնային հասարակածից հյուսիս… Հասարակածի նշանաբանն է. «Ինչ շռայլ է պտղաբեր ծառը եւ հարազատ այգին տերունական, նա արմատ եւ բուն է կուսական: Բոլոր հանգույցները խճողված են նրա ձեռքում: Աչքերով խճճում է ճամփաները պարմանիների: Սակայն ջուր ես դու, ոչ հող, ոչ էլ գինի հորդահոս…»:

Պետությունն ունի իր լեզուն, իսկ լեզուն` իր քերականությունը: Այն ունի եւ վեպը: Վեպն, ինչպես եւ պետությունը, ունի իր աշխարհագրական քարտեզը: Դա նրա լեզուների քարտեզն է: Այստեղ կարեւոր դեր է խաղում ծագումը: Կան «ազնվացեղ» պետություններ, փառավոր եւ հինավուրց ծագումով, իսկ կան պետություններ, հանց գինու ճանճեր, տարվա մի եղանակի համար: Նույնպես եւ վեպերը… Այլ կերպ ասած, մենք կարող ենք Հեգելի ետքից պնդել, որ մարդկային հասարակության մեջ գոյություն ունի երկու «օբյեկտիվ ուժ»` պետությունն ու ընտանիքը: Վեպն էլ միշտ պատկանում է ինչ-որ մի ընտանիքի: Վեպն ունի իր հայրն ու մայրը: Բայց այն կարող է եւ որբ լինել: Ընկեցիկ: Enfant terrible: Պետության հանգույն նա կարող է տոհմածառ ունենալ, իսկ կարող է դուրս ընկածի մեկը լինել: Կարող է լինել էժանագին պոռնիկ կամ թանկ կին։ Կարող է լավ կամ վատ հագնված լինել: Կարող է իր ցեղին դավաճանել: Քանի որ կյանքի տարբեր շրջաններում մարդը (ինչպես եւ պետությունը) նման է լինում իր նախնիներին, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Բայց ինչ-որ մի ակնթարթ նա հանկարծ նմանվում է իր դեռեւս չծնված թոռնեթոռին կա թոռնեթոռուհուն, որին նա երբեք չի տեսնի: Մենք ծանոթ չենք մեր հեռավոր նախնիներին եւ հետնորդներին, եւ ճիշտ այդպես մենք չգիտենք վեպի նախնիներին եւ հետնորդներին: Իսկ չէ՞ որ վեպերն ունեն ոչ միայն իրենց նախորդները, այլ նաեւ իրենց սերունդը, իրենց ուստրերն ու դուստրերը, իրենց թոռնեթոռները:

Գրքերի համար կաթի եւ արյան կապը լեզուն է, դա նման է պետության միջի օրենքին, բայց միաժամանակ եւ օրենքը, եւ լեզուն հարկ է հասկանալ միանգամայն պայմանականորեն, դրանց տակ ենթադրելով առաջին հերթին իմաստը, որը կարող է փոխել իր ռիթմն եւ հնչողությունը, եւ ինքն էլ դրանց հետ փոխվել:

Եվ այդ ռիթմի, իմաստի եւ հնչյունի փոփոխությունը ժամանակի եւ տարածության մեջ, փոխակերպումները, որ սերնդեսերունդ տեղի են ունենում միեւնույն լեզվի մեջ կամ մի լեզվից մյուսին անցնելիս եւ իրենցից ներկայացնում են ցանկացած գրական ստեղծագործության, ցանկացած բառային գեղարվեստական արարչագործության ճակատագիրն ու խորունկ բնույթը: Ժխտելով Դերեք Ուոլքոթին, կարելի է պնդել, որ գրավոր տեքստը` դա ընդամենը հնչյունակազմական մարմնի գծանկարչական ստվերն է: Գեղարվեստական ստեղծագործությունը` դա ռիթմն է, որը ժամանակի ընթացքում եւ թարգմանությունների առկայությամբ առավել մեծ չափով հեռանում է հեղինակից: Այդ հեռացումը տեղի է ունենում եւ թարգմանության անճշտությունից, եւ տեքստի թյուրըմբռնումից, ինչպես նաեւ այն բանից, որ յուրաքանչյուր ընթերցող տեքստի մեջ իրենից ինչ-որ բան է ներմուծում, եւ այդ անձնական ներդրումը ներկայացնում է համաշխարհային գրականության վիթխարի վիրտուալ ոլորտը: Եվ նրան այլացում է ապահովում:

Ի դեպ ասած, միայն թույլ ստեղծագործությունները չեն դիմանում թույլ թարգմանությունների փորձությանը, չեն կարողանում տանել ռիթմի փոփոխությունը, անցումը մի լեզվից մյուսին: Ինչ-որ իմաստով, եթե վեպը սկսել է ապրել իր ինքնուրույն կյանքով, եթե այն «բոլորի ականջում է», անխուսափելիորեն պետք է դավաճանի իր հեղինակին եւ լեզվին, որով այն գրվել է: «Խազարական բառարանն» ինձնից հեռանում է ոչ միայն տարածության մեջ, որովհետեւ այն թարգմանում են ավելի ու ավելի հեռավոր լեզուներով, այնպիսի, ինչպիսիք են, օրինակ, չինարենը, ճապոներենն ու կորեերենը, բայց եւ ժամանակի մեջ այն ավելի ու ավելի քիչ է պատկանում ինձ եւ ավելի շատ` նոր սերունդներին, նրանց լեզվին, նրանց սպասումներին, առավել չափով է վերածվում նրանց գեղարվեստական ստեղծագործությունների, որոնք կդառնան «Խազարական բառարանի» որդիներն ու թոռները: Հենց այդ պատճառով էլ ես ասացի, որ այսօր փոքր-ինչ ավելի քիչ եմ ինձ «Խազարական բառարանի» եւ «Թեյով նկարված բնանկարի» հեղինակ զգում, քան դա երեկ էր, եւ նշանակալիորեն ավելի քիչ, քան այն ժամանակ, երբ ես գրում էի այդ վեպերը: Բացի դրանից, եթե կամենում ես նոր գիրք գրել, հարկ է մոռանալ նախորդը: Ահա թե ինչու ես առավել քիչ եմ իմ գրքերի հեղինակը, եւ կգա օրը, ես ընդհանրապես կդադարեմ դա լինել, քանի որ շատ ավելի հեռու կլինեի ստեղծագործություններից, քան իմ ընթերցողներից ցանկացած մեկը: Ես կարծում եմ, որ դա հիանալի է, եւ դա ինձ ուրախացնում է:

Պետությունն ունի իր հիմնադիրը, այն ունի եւ վեպը: Դա գրողն է: Գրողը կարող է լինել իմաստուն, բայց տաղանդազուրկ, իսկ կարող է հիմար լինել, բայց շնորհալի: Գրողը կարող է կրել իր կամ ուրիշի անունը, այսինքն` նա կարող է թաքնվել կեղծանվան տակ:

Ցանկացած գրող, երբ վեպ է գրում, ճգնաժամի օրեր է ապրում: Աշխատանքի սկզբում եւ վերջում: Առաջին ճգնաժամը վրա է գալիս, երբ մենք նոր-նոր սկսում ենք վեպը, երբ սկսում է ծավալվել սյուժեն: Երբ այն ավելի մոտ է սկզբին, քան ավարտին: Վեպը դեռ չի հասունացել, նա չգիտի, թե հետո իր հետ ինչ է լինելու: Դա դուք էլ չգիտեք: Վեպը ձեր ետքից չի հասնում: Դուք ուզում եք նրա մեջ ժայթքեցնել ձեր բոլոր մտքերը, իսկ այն դեռ ձեւ չի ստացել, թափ չի հավաքել, ուժ չի առել, այն միայն փութացնում է ձեր շարժումը: Սիզիֆի նման նա լեռն ի վեր իր քարն է գլորում: Հիմա այն իր ստեղծողից խելոք է: Այդպես, մեր զավակները երբեմն մեզանից ողջամիտ են: Լավ է, երբ հեղինակին հաջողվում է լսել նրան, բայց դա այնքան դժվար է…

Երկրորդ ճգնաժամը վրա է հասնում «գագաթնակետից» հետո, երբ վեպը, մագլցելով բարձունք, պոկվում է եւ, թափ հավաքելով, վարընկեց է լինում լեռան հանդիպակաց ստորոտով: Այժմ դուք նրա ետեւից չեք հասնում, դուք հոգնել եք, բայց չեք կարող կանգ առնել եւ հանգստանալ, որովհետեւ ձեր վեպը տեղում չի մնում: Նա ինքն է առաջ ընթանում, եւ ուր ասես կարող է հայտնվել: Գալիս է այն պահը, երբ վեպն ավելի ուժեղ է դառնում, քան նրա ստեղծողը, եւ գրողը պետք է կենտրոնացնի իր ողջ էներգիան, որպեսզի դիմանա նրան: Եթե ձեզ հաջողվի դա անել, դուք վեպը կփրկեք, բայց ի արդյունս` անկողին կընկնեք եւ մոտ մի տարի կտկարանաք: Համանման վիճակ լինում է սիրային ժամադրությունից հետո, եւ Պուշկինը նկարագրել է դա բանաստեղծության մեջ, որ ստեղծել է «Եվգենի Օնեգինն» ավարտելու գիշերը:

Եթե ձեր բախտը բանի, վեպը ձեզանից երկար կապրի, իսկ նրա անունը ձեր անունից էլ երկար կապրի: Դա չպետք է ձեզ անհանգստացնի: Որմնանկարներ անող ամենահայտնի գեղանկարիչները, եւ ամենափառաբանված մոզաիկա ստեղծողները իրենց ստեղծագործությունների տակ չէին մակագրում: Բորխեսն ուզում էր, որ հիշեն իր պատմվածքները, եւ ոչ թե դրանց հեղինակի անունը:

Իմ գրողական փորձը երկու հարյուրամյակների եւ հազարամյակների սահմանագծին վկայում է այն մասին, որ ինձ տարբեր կերպ էին կոչում դեռ կենդանության օրոք: Իմ գրքերը տարբեր անուններ են ստացել եւ անգլիալեզու Արեւմուտքում, եւ Գերմանիայում` «էլեկտրոնային գրող, ինտերակտիվ գրականություն, որը` գծային պատում, պոստմոդեռնիզմ» (R. Coover, L Olsen եւ այլք): Ֆրանսիայում եւ Իսպանիայում ես կոչվեցի «21-րդ դարի առաջին գրողը», իսկ այդ երկրների ժամանակակից գրականության տեսաբանները ինձ հիշատակեցին la literature a contrainte-ում, այսինքն` անցյալի եւ ներկայի այն հեղինակների թվում, որոնք անցկացնում են սեփական հունը եւ ճանապարհ են բացում առ նոր գրական գալիքը (B. Schiavetta եւ «Formule») ամսագիրը: Ռուսաստանում իմ գրքերը դասեցին «հետգուտենբերգյան աշխարհին» (Ա. Գենիս) եւ բնութագրեցին` որպես «մոգական կոնցեպտուալիզմ» (Մ. Էպստեյն):

Դե ինչ ուզես անվանի` թեկուզ խեցաման, միայն թե վառարանը մի կոխի:

Բորխեսի հեռանալը

20-րդ դարում կային շատ մարդիկ, որոնց մենք հարգում էինք եւ շարունակում ենք հարգել առ այսօր, բայց քիչ էին այնպիսիները, ում կարելի էր սիրել: Նրանցից մեկը, ում կարելի է սիրել, չնայած հարգանքին, իհարկե, Խորխե Լուիս Բորխեսն էր, մեր դարաշրջանի ամենաշնորհալի ընթերցողը: Եվ, ի դեպ, նաեւ մեծ եւ արտասովոր տաղանդով օժտված գրողը: Նա կարողանում էր ոչ միայն լավ պատմել, այլ նաեւ մահացու արտահայտչականությամբ լռել որոշ բաների մասին: Վերընթերցեք նրա պատմվածքը, որ անվանվել է Շեքսպիրից մեջբերմամբ. «Աշխարհում շատ բան կա…»: Նրանում Բորխեսը ցույց է տվել, որ չարտաբերվածը կարող է լինել պատմվածքի կարեւորագույն մասը: Եվ դա, դատելով ըստ ամենայնի, այսօր դարձել է որոշ բաների մասին հաղորդելու միակ միջոցը:

Բորխեսն ընդմիշտ լքեց իր հարազատ Արգենտինան, ամուսնացավ եւ մահացավ` այդ ամենի վրա ամսից էլ քիչ ժամանակ վատնվեց: Այսպիսով, մի ողջ կյանք տեղավորվեց այդ երեք համր, «լռությամբ պատված» շաբաթներում: Նա գիտեր, որ իր վերջը մոտ է, եւ նա գնաց հենց այն բանի համար, որպեսզի մահանա եւ թաղվի Բուենոս Այրեսից դուրս, հուսալով եւ մահվան մեջ մոռանալ ինքն իրեն:

Կույր, ինչպես Հոմերոսը, նոր ժամանակի առասպելաբանության արարիչը, լատինաամերիկացի գրողների ուսուցիչը, որոնց նա ցուցանեց ուղին առ հաջողությունն ու աշխարհը: Բորխեսը վերածնեց պատմվածքը, բայց չգրեց եւ ոչ մի վեպ: Նա ասում էր, որ դրանք չի սիրում: Բայց պետք չէ դրանում նրան լիովին վստահել:

Իրականում Բորխեսը մեզ նախազգուշացնում էր: Նա նախազգուշացնում էր մեզ իր պատմվածքներով (իսկ Արգենտինային` իր մահով), որ դեռեւս բոլոր ճակատներում վաղվա գրականության վրա գրոհելու ժամանակը չէ, որովհետեւ այդպիսի մարտը տանուլ կտրվի, նա մեզ նախազգուշացնում էր, որ դեռեւս վաղվա տեսարանով պատուհանի մոտենալու ժամը չէ: Նա քայլ արեց դեպի այդ պատուհանը, սկսելով կարճ պատմվածքից, այսինքն` արձակի այնպիսի տարատեսակությունից, ուր հեղինակին մոռանում են այնքան առավել շուտ, որքան ավելի երկար են հիշում այն, ինչ նա գրել է: Նա արեց այդ քայլը, ելնելով պատմվածքից` որպես պատումի հինավուրց տեսակից, որին ներհատուկ է համեստությունն ու պարզությունը: Եվ երբ ի արդյունս այդպիսի համեստ սկզբի` մեր պատկերացումը գրականության մասին սկսում է ճաք տալ, նա սկսեց այն քանդել եւ ստեղծել նորը:

Նա համարում էր, որ լավ պատմվածքները ծնվում եւ ապրում են` անկախ այն բանից, թե դրանք հասկանալի՞ են հենց իրեն` գրողին, թե՞ ոչ: Նա նույնիսկ համոզված էր այն բանում, որ եթե պատմվածքն իրոք շատ լավն է, գրողը չի կարող այն հասկանալ, այսպիսով նա իրեն դնում է սրբապատկերի առջեւ դրված հայելու վիճակի մեջ: Չէ՞ որ ասում են, որ սրբապատկերները չպետք է արտացոլվեն հայելում: Այդպես եւ Բորխեսը համարում էր, որ գրողին, այսինքն` հայելուն, տրված չէ դիտարկել իր ստեղծագործությունը, այսինքն` սրբապատկերը:

Բայց փոխարենը նա, ինչպես եւ ոչ այլ մեկը, կարողանում էր գնահատել եւ ներզգալ ուրիշի պատմվածքը: Իմանալով, որ գրականությունը` դա համատեղ ստեղծագործություն է, եւ որ լավ ընթերցող ավելի հազվադեպ է պատահում, քան լավ գրող, նա ջանում էր գրավել ընթերցողական ուշադրությունը, իմանալով, որ տաղտկալի գրականությունը չի կարող լավ գրականություն լինել, նա իր համար նվաստացուցիչ չէր համարում «տափակ» ժանրերին դիմելը, այնպիսին, օրինակ, ինչպիսին դեդեկտիվ պատմվածքն է:

Բացի այդ, նա գիտեր, որ յուրաքանչյուր գրող ստեղծում է իր նախորդներին: Նա անգլիական պոեզիան թարգմանում էր 17-րդ դարի իսպաներեն, թուլություն էր տածում ծաղկաքաղերի, անձնական ընտրանիների, թանգարանային հավաքածուների եւ գրադարանների հանդեպ: Նրա 20-րդ դարի բարոկկոն հիմնվելով իսպանական գրականության ոսկեդարի եւ Սերվանտեսի վրա, ուղի էր հարթում առ վաղվա օրը: Բորխեսի պատմվածքները գրավեցին այդ վաղվա օրը, նաեւ այն պատճառով, որ գրականությունը վերադարձրին առ նրա ճշմարիտ հնարավորությունների սահմանները: Դա մեզ վրա սթափեցնող ազդեցություն թողեց:

Բորխեսից հետո ծիծաղելի դարձավ գրականությունը, որը հարկ է ընթերցել, պարզապես հարգանքից առ այն, որպես այդպիսին: Որպես գրականություն, որ իրոք ուշադրության արժանի է, գոյություն ունի միայն այն գրականությունը, որն իրոք պետք է ընթերցողին:

Բացի այդ, գրականության համար սնունդ Բորխեսին ծառայեց ոչ միայն կյանքը, այլ նաեւ` մյուս գրքերը:

Բայց կյանքը կա եւ գրքերում, եւ գրականության համար ի՞նչ տարբերություն, թե ինչ-որ մեկը մահացել է սկզբում կյանքում, հետո գրքում: Սակայն Բորխեսն իր կնիքը դրեց ժամանակակից պատմվածքի վրա, այնպես որ, այժմ պատմվածքը որպես ժանր բաժանվում է այն բանի, ինչ որ մինչեւ Բորխեսն էր եւ նրանից հետո:

Բայց մենք չպիտի կանգ առնենք այն բանի վրա, թե ինչ արեց Բորխեսը պատմվածքի հետ: Մենք պետք է վերացնենք եւ այն, ինչը որ չվերացրեց նա: Պետք է փոխել մեր պատկերացումը վեպի մասին եւ այն նորեն ստեղծել, որովհետեւ ճգնաժամ է ապրում ոչ թե վեպը, այլ վեպի ռեալիզմը: Եվ, ի վերջո, նոր հազարամյակի արշալույսին, մենք, հնարավոր է, պետք է վերացնենք եւ մեր պատկերացոմները պոեզիայի մասին, եւ այն էլ ստեղծենք նորեն: Բորխեսն իր պատմվածքներով ցույց տվեց այն ուղին, որն անցյալից դեպի ապագա է տանում, եւ մեզ ազատում է այն ինտելեկտուալ ավիտամինոզից, որի արդյունքում թափվում են ատամները, եւ ոտքերը ծուռտիկ են դառնում:

Բորխեսը չէր ուզում հասկանալ իր պատմվածքները, ոչ միշտ է, որ հասկանում էինք դրանք մենք: Նա գրականության համար Նոբելյան մրցանակ չստացավ, եւ, ինչպես այժմ պարզ է, նա այն չի ստանա: Գուցե թե, այն պատճառով, որ այժմյան մեծարանքներն ու մրցանակները, այդ թվում եւ` Շվեդական ակադեմիայի Նոբելյան մրցանակը շնորհվում են արդեն իսկ համընդհանուր ճանաչման հասած արժեքների եւ արդեն բացված հնարավորությունների համար, այսինքն` դա տալիս են աշակերտներին, այլ ոչ թե ուսուցիչներին:

Այն թռչունները, որոնք իրենց ճանապարհին դեմ են առնում պաղ օդի հոսքին, շեղվում են գծված ուղուց, բայց նրանք, ում հաջողվել է ընկնել տաք շիթի մեջ, թեթեւ եւ արագ երկինք են ելնում: Բորխեսին հաջողությունը չի ուղեկցել, բայց նա դրա կարիքն էլ չուներ: Նա միշտ հոսանքին հակառակ է գնացել: Իսկ բոլոր այլոց, ինչպես ասված է Բորխեսի պատմվածքներից մեկում, եւ այդ բառերը հենց մեր աչքերի առջեւ վերածվում են եղերերգության,- «բավ է իմանալ, որ Բուենոս Այրեսում կար մի մարդ, ով 1920 թվականից հետո ամեն ինչի մասին խորհրդածում էր դարձյալ եւ բացեց որոշ հավերժական բաներ»:

Ընթերցանության համառոտ պատմությունը

Ես վաղուց ուզում եմ, որեւէ գրքի տոնահանդեսում, այսպիսի անվամբ գիրք տեսնել` «Ընթերցանության համառոտ պատմությունը»: Կփորձեմ պատմել, թե ինչպես եմ ես դա պատկերացնում: Մի անգամ Թել Ավիվում մի լրագրող ինձ այսպիսի հարց տվեց. «Ձեր գրքում մենք երեք սատանայի ենք հանդիպում` քրիստոնեական, եբրայական եւ մուսուլմանական: Իսկ ո՞ւր է ձեր գրքում Աստված»: Ես նրան պատասխանեցի, որ հենց գիրքն է Աստված: Ոչ այն, իհարկե, որի մասին մենք խոսում էինք այն ժամանակ Թել Ավիվում, այլ Գիրքը, որը գրվում է մեծատառով:

«Ընթերցանության համառոտ պատմություն» գիրքը կարող է սկսվել այսպիսի բառերով. «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն»: Երկար եւ դանդաղ, հազարամյակների ընթացքում, մարդկությունը վանկերով քննում է այս խոսքը: Սովորել է այն ընթերցել, նայելով աստղալից երկնքին, սավառնող թռչուններին, պայծառ ծաղիկներին, քարետախտակներին: Իսկ այնուհետեւ պատասխանեց Աստծուն աղոթքով զոհաբերության կամ նկարված հիերոգլիֆի տեսքով, սպասելով, որ նա կկարողանա ընթերցել եւ հասկանալ այդպիսի ուղերձը: Հետո գրվեցին գիրք-ուղեցույցներ առ հավերժություն ճամփորդող մեռյալների համար, հայտնվեցին սրբազան լեզուները, եկեղեցական խոսքն առանձնացավ աշխարհիկից, եւ սկսեցին տարածվել օրենքների, ուղերձների եւ աղոթքների ժողովածուները:

Ուր ասես որ չի թողել իր գրառումները մարդկային ձեռքը: Ծառերի բների վրա, տղամարդկանց եւ կանանց մարմինների վրա, քարե մեծաբեկորների վրա, եռոտանիների եւ տաճարների վրա, պատերի եւ տապանաքարերի վրա, սրերի եւ ճրագակալների վրա, ջահերի եւ մատանիների վրա, մուտքադռների եւ նավերի կողերի վրա, կամուրջների, գավազանների, դրոշմների վրա, ժայռերի, սյուների, սեղանների, աթոռների վրա, անտիկ ամֆիթատրոնների, գահերի, վահանների վրա, սկահակների եւ կնքավազանների վրա, սկուտեղների եւ վարագույրների վրա, ապակյա բաժակների եւ թատրոնի մարմարյա նստարանների վրա, ափսեների եւ դրոշմների վրա, դագաղների եւ զրահների վրա, ոսկեդրամների եւ քանդակների վրա, սանրերի եւ հերակալների վրա, կաթսաների հատակին, գործվածքների եւ արեւային ժամացույցների վրա, ծաղկամանների եւ գոտիների վրա, ավազի եւ ջրի վրա, սաղավարտների, կախովի ամրոցների եւ բանալիների վրա: Բացի այդ, այս կամ այն գրությունները կարելի էր հայտնաբերել որմնանկարների եւ սրբապատկերների վրա, զանգերի եւ գրքերի մետաղյա կազմերի վրա, խաչերի եւ բազմաճյուղ կանթեղների վրա, արքայական դարպասների եւ եկեղեցու գմբեթների վրա, զարդատուփերի եւ սրբազան մասունքներով տուփերի վրա… Եվ, իհարկե, գրքերում:

Հարկ է հիշեցնել, որ մարդկությունն իր զարգացման երկար ճանապարհին երբեմն կորցնում էր իր ընթերցելու ընդունակությունը: Ռոզեթական քարի վրայի տեքստը ցույց տվեց, որ հին հույները կարողանում էին կարդալ եգիպտական հիերոգլիֆները, բայց այդ գիտելիքը կորսվեց, եւ անցավ ավելի քան հազար տարի, մինչեւ որ Ժան Ֆրանսուա Շամպոլիոնը, հին հունարեն թարգմանության շնորհիվ, որ դաջված էր վերոհիշյալ քարետախտակի վրա, մեկի կողմից, որ գիտեր հիերոգլիֆները, վերծանեց հինավուրց եգիպտական գրերը:

Այստեղ հարկ էր ասել մի քանի խոսք խոսքային բառարտահայտության մասին: Ուսումնասիրելով ընթերցանության պատմությունը, տրամաբանական կլիներ հետամուտ լինել նաեւ խոսքի պատմությանը:

Հիշենք, որ մեր դիտարկած ողջ շրջանի ընթացքում սրբազան լեզուների դասին էին պատկանում հունարենը, եբրայերենը եւ լատիներենը: Հետո դրանց դասին հավելվեցին եւ բարբարոս սլավոնական լեզուները եւ, հնարավոր է, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Բյուզանդիան այդպիսով ուզում էր պաշտպանել ինքն իրեն սլավոնների ներխուժումից, հուսալով մեկուսացնել նրանց եւ փակել նրանց իրենց իսկ լեզվի եւ եկեղեցիների պատերի մեջ: Սակայն բառային արտահայտությունը սովորաբար բաժանում էր հնամենի հռետորության, որ ժառանգված էր անտիկ ժամանակներից, արտահայտման ճակատագիրը երեք ոճի` բարձր, միջակ եւ ցածր: Սկզբում Աստծուն ուղղված աղոթքներում կիրառվում էր միայն բարձր ոճը: Հետագայում եկեղեցական քարոզում խոսքի երեք ոճերն էլ սկսեցին օգտագործվել: Հայտնի է, որ փառաբանված միջնադարյան եկեղեցական քարոզիչները, այնպիսիք, ինչպիսիք էին Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Աստվածաբանը եւ Բարսեղ Մեծը, մեզ թողել էին այդ երեք ոճերի նմուշօրինակներ, որոնք սերում են անտիկ ժամանակներից, եւ որոնցից նրանք օգտվում էին, կախված այն բանից, թե ինչպիսին էր նրանց գործունեության դաշտը:

Միջնադարյան բյուզանդական «Երեք հովվապետ» տրակտատում, ըստ էության, նկարագրում են քարոզչության երեք դպրոցների մրցակցությունը, երեք բառային արտահայտությունների տեսակների պատերազմը, որոնցից առաջինը պատկանում էր «ատտիկական» կարճառոտ ոճին, երկրորդը` «միջակ» կամ կոստանդնուպոլսյան ոճին, իսկ երրորդը` «ճեքճեքուն» կամ «ասիական» ոճին:

Այնուհետեւ ընթերցանության պատմության երկարաձիգ ճանապարհին մենք կարող էինք կանգ առնել Բալկանների վրա եւ հիանալ Դեչանի վանքի որմնանկարներով, որոնք պատկերում են հինավուրց սերբական Նեմանաիչների դինաստիայի անդամներին, այդ արքաների, սրբերի եւ գրողների տոհմը: Այստեղ մենք կտեսնեինք միջնադարյան համարյա բոլոր երեւելի սերբ գրողներին: Նրանք ասես զբաղվում էին դրանով ընտանիքի գրկում:

Բարոկկոյի ժամանակներում հարգարժան եւ հարուստ ընթերցող-մեկենասների անունները գրում էին գրքերի տիտղոսաթերթերի վրա, ավելի մեծադիր եւ գեղեցիկ տառերով, քան հեղինակների անունները: Այդ շրջանի գրքերում համարյա չեն պահպանվել բանաստեղծների դիմանկարները, փոխարենը այնտեղ հավերժացված են մեծազոր ընթերցողների կերպարները` արքաների, եկեղեցական եպիսկոպոսների եւ զորապետերի, որոնց էին նվիրվում այդ գեղարվեստական ստեղծագործությունները: Ավելի ուշ, քաղաքային դասի ծաղկման շրջանում, այսինքն` կլասիցիզմի ժամանակներում, ընթերցողն ու գրողը մի հարթության վրա են, գրական կշեռքը մի ակնթարթ հավասարակշռվում է, բայց շուտով ռոմանտիզմը գրողին երկինք է հանում, նրա ձայնն ունկնդրում են, հանց Աստծո ձայնը, եւ ողջ ընտանիքներ դառնում են սիրելի գրողների գրքերի կոլեկտիվ ընթերցողներ: Բառային արտահայտությունը կտրականապես բաժանվում է երեք ոճերի մասին անտիկ ուսմունքից եւ ընդօրինակում է խոսակցական լեզուն, որը Դանթեից, Բոկաչչոյից եւ Ռաբլեից սկսած դարերով առ գիրքն իր համար ուղի էր հարթում:

Յոթ երկնային մաքսատներ

Շարունակելով «Ընթերցանության համառոտ պատմությունը, հարկ էր նկարագրել եւ գրողների, եւ ընթերցողների վարքի մշտապես կրկնվող մոդելները, որոնք ցույց են տալիս, թե ինչն է ապրում գրքի կյանքի մեր հիշատակած բոլոր շրջանները:

Ի՞նչ է, ըստ էության, ընթերցանությունը: Ինչո՞ւ մարդը գրքի կարիք ունի, եւ ինչպե՞ս է նա այն իր համար ընտրում: Ենթադրենք, որ գիրքը` դա այդպիսի ապրանք է, որով ընթերցողը սնում է մեկ` իր անցյալը, մեկ` ներկան, եւ մեկ էլ տեսար` ապագան: Գրքի կարիքը` դա յուրատեսակ ավիտամինոզ է, որը բուժվում է ընթերցանությամբ: Այս կամ այն պահին մեր օրգանիզմում կարող է ի հայտ գալ ինչ-որ վիտամինի պակասություն, ասենք, վիտամին

Բ-ի, եւ մինչեւ դուք չսկսեք այն ընդունել, ձեր ինքնազգացողությունը վատը կլինի: Նույնը կատարվում է եւ ինտելեկտուալ ավիտամինոզի ժամանակ` դուք ուրախությամբ եք ընդունում այն գրողին, ով ձեզ առաջարկում է յուրատեսակ ինտելեկտուալ վիտամին Բ: Եթե այդ վիտամինի պահանջը ընթերցողների ավելի լայն շրջանում է, գրողը, որ այդչափ անհրաժեշտ ապրանք է առաջարկում, կսկսի պահանջարկ ունենալ, նրա գրքերը բեսթսելեր կդառնան, իսկ նա ինքը` «հանճար», եւ այլն: Հնարավոր է, որ հենց այդ ժամանակ ինչ-որ մի այլ վարպետ ստեղծում է ինտելեկտուալ վիտամին Բ, որի պահանջարկը դեռեւս չկա: Նա դատապարտված է ստվերում մնալու մինչեւ այն պահը, մինչեւ որ հասարակության մեջ ծնվի վիտամին Բ-ի պահանջը, եւ այդժամ նա փառքի կարժանանա, հնարավոր է` հետմահու, ինչպես պատահեց Բոտիչելիի եւ շատ այլ նկարիչների հետ: Իրադարձությունների նկարագրված ընթացքը եւս մի կարեւոր տեսակետ է` վիտամին Բ առաջարկող գրողը, որ հանճար է հայտարարվում, մոռացության կմատնվի, հենց որ վերանում է այդ ինտելեկտուալ վիտամինի պահանջը: Գրական մահը վրա է հասնում անկախ այն բանից, թե գրողը ողջ է, թե մեռած: Մոռացության մասին արժե մի քանի խոսք եւս ասել:

Հին սերբական ավանդույթն ասում է, որ յուրաքանչյուր հոգի, այն բանի համար, որ ընկնի Երկնից Արքայություն, պիտի անցնի յոթ «տառապանքների» միջով, այսինքն` յոթ երկնային «փորձությունների» կամ «մաքսատների» միջով: Ճիշտ նույնպես ցանկացած գրող անցնում է յոթ «տառապանքների» կամ «փորձությունների» միջով, նախեւառաջ նա հայտնվում է հրատարակչի մոտ, հետո` ընթերցողների, իսկ հետո` նաեւ քննադատության: Նա, ով կանցնի այդ երեք առաջին «մաքսատները» բոլոր լեզուներով, դառնում է, ինչպես ընդունված է ասել, «անմահ», բայց փորձությունները դրանով չեն ավարտվում:

Գրողը ենթարկվում է «տանջանքների» եւ մահից հետո, սկզբում նա անցնում է (եթե դա նրան հաջողվում է) առաջին մոռացության միջով, որը վրա է հասնում այն բանից հետո, երբ նա մահանում է: Հետո, շատ ավելի ուշ, նա պիտի փորձության ենթարկվի, որը կապված է լեզվի անհետացման հետ: Շատ գեղարվեստական ստեղծագործություններ մնում են առանց իրենց լեզվի, չէ՞ որ լեզուները մեռնում են նույնպես, ինչպես եւ մարդիկ: Դա պատահեց այնպիսի մեծ գրողների հետ, ինչպիսին էին Հոմերոսն ու Հորացիոսը, դա պատահեց նաեւ սուրբ Սավայի, սերբ արքայազնի եւ բանաստեղծի հետ: Գրողի այդ հինգերորդ «մաքսատնից» հետո, գրողը, որ բարեհաջող անցնում է բոլոր երկնային փորձությունների միջով, ընկնում է վեցերորդ «մաքսատուն», այսինքն` ենթարկվում է երկրորդ մոռացությանը եւ, ի վերջո, եթե նա կարողանում է տանել, եւ դա հասնում է յոթերորդ փորձությանը, վերջին փորձությանը, հավերժության փորձությանը, որով ոչ ոք չի անցնում:

Ահա թե ինչ կարելի է ասել ընթերցանության եւ գրքերի ստեղծման հետ կապված ամենայն հանկարծահաս փոփոխությունների մասին, այսպես կոչված, «հավերժության տեսանկյունից»: Իսկ ինչպե՞ս է դրությունն այսօր: Այսօր գրականությունն ապրում է հանգուցյալ դասականների հաշվին (նորերը հասցնում են հնանալ մի երեկոյի ընթացքում) եւ կենդանի ընթերցողների հաշվին, ովքեր այլեւս հարց չեն տալիս, թե որքանով է գիրքը լավը, գեղեցիկ կամ օգտակար, նրանց այլ բան է հետաքրքրում` իսկ կարելի՞ է ընդհանրապես գիրքը սիրել:

Մի ժամանակ ընթերցողը էներգիա չէր ծախսում, որը ստանում էր ընթերցանության շնորհիվ, նա նմանվում էր մի մարդու, ով գիրանում է այն բանից, որ սննդի հետ օրգանիզմ մտած էներգիան չի ծախսում: Ճշմարիտ ընթերցողը կամենում էր ողջ հարյուր տոկոսով օգտագործել էներգիան, որը նա ստանում է ընթերցանությունից: Բացի այդ, նա ուզում է, որպեսզի այն գիտելիքները, որոնք նա նախկինում գտնում էր սուրբ գրքերում, այսինքն` միանգամայն որոշակի տեղում, այսօր տեղաբաշխված լինեն ըստ «պրոֆեսիոնալ սկզբունքի»: Բարոյականությունը ձեռնարկում է` «ինչպես լինել եւ մնալ երջանիկ», բժշկական խորհուրդները` տեղեկատուում. «Դա դու կարող ես», էզոտերիկան` «Յոգան սկսնակների համար», եւ այլն: