«Երեւանի կենտրոնում այսօր գործում է 17 հյուրանոց, եւս 3-4-ը նախատեսվում է: Քաղաքը դրա կարիքն ունի՞, թե՞ ոչ, որքանո՞վ է նպատակահարմար հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը` ավելացնելով, թե դա հակաէկոլոգիական է եւ ազգային անվտանգության խնդիր է: Նրա խոսքով` մետրոյի մոտ հյուրանոց կառուցելով` այդ տարածքում անընդհատ «վիբրացիա է լինելու»: «Որտե՞ղ են կայանելու մեքենաները»,- նկատել է Կարինե Դանիելյանը` հավելելով, որ կոմունիկացիաների, փողոցների ծանրաբեռնվածություն է առաջանալու: Հրապարակում կառուցվելիք հյուրանոցի խնդրի վերաբերյալ նրանք պահանջում են լսումներ: Ի դեպ, Կ. Դանիելյանը երեկ հայտարարել է, թե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել միայն այն պատճառով, որ դեմ էր քաղաքաշինական նման շահադիտական նորմերին: Իսկ ճարտարապետ Գագիկ Սուխուդյանի խոսքով` Հանրապետության հրապարակում հյուրանոց կառուցելով` «մենք նորից ոտնձգություն ենք անում հանրապետության հրապարակներից մեկի, եթե ոչ` ամենակարեւորի ժառանգության վրա»: Մյուս կողմից, ըստ նրա` հասկանալի չէ, թե ի՞նչ «քմահաճույքի հարց է այդտեղ կառուցել հյուրանոց»: Նրա հավաստմամբ` հյուրանոց կառուցվելու դեպքում այդտեղ տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիր կառաջանա. «Մեկ կանաչ տարածքներում են հյուրանոց կառուցում, մեկ` բակերում, մեկ էլ` հրապարակներում, սխալ` սխալի ետեւից»:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում նախատեսվում է կառուցել 7 հարկանի հյուրանոց: