«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանի «Wikileaks»-ի նոր դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելու մտադրությունները, սակայն հիշեցնում է, որ գողացված ինֆորմացիան վնասում է ԱՄՆ շահերին եւ հետապնդվում է օրենսդրությամբ: Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն ասել է. «Կարծում եմ, որ զարմանալի չի լինի, եթե ես այսօր էլ հրաժարվեմ մեկնաբանել «Wikileaks»-ի հրապարակումները: Սակայն ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ը դատապարտում է ծառայողական ինֆորմացիայի ցանկացած անօրինական բացահայտում: Բացի նրանից, որ այն վնասում է մեր երկրի դիվանագիտական շահերին եւ ազգային անվտանգությանը, նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում ԱՄՆ-ի հետ համագործակցող մարդկանց անվտանգությունը եւ մեր քաղաքականությունն այն երկրների հանդեպ, որոնց հետ մենք ցանկանում ենք հարցեր լուծել»: Նաեւ նշել է, թե իր գերատեսչությունը շարունակում է հետեւել նման հրապարակումներին եւ միջոցներ ձեռնարկել հասցված վնասների կանխարգելման ուղղությամբ: «Մենք անում ենք ամեն ինչ փաստաթղթերում հիշատակված մարդկանց օգնելու համար»,- ասել է Նուլանդը: