Այսօր կվավերացվի «սպանությունը»

01/09/2011

Կառավարությունն իր այսօրվա նիստում պատրաստվում է ոչնչացնել Հայաստանի լավագույն գիտական հիմնարկը` աշխարհահռչակ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտը: Այդ պրոցեսը իրենք արեցին երեք փուլով, մեկը մեկից աբսուրդ: Առաջին աբսուրդ-փուլով «Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտ» աշխարհով մեկ հայտնի անվանումը վերափոխեցին «Ազգային լաբորատորիա» անվանմամբ, առանց ՖԻԶԻԿԱ բառի: Երկրորդ աբսուրդ-փուլով Ֆիզիկայի ինստիտուտի համակարգումը հանձնեցին կենտրոնական բանկի փոխտնօրեն Ներսես Երիցյանին, ով հայտնի է ամեն բան քանդելու իր ունակությամբ: Այսօր ծրագրվում է այդ ոչնչացման գործը ավարտել երրորդ աբսուրդ-փուլով, Ֆիզիկայի ինստիտուտը դարձնել «Հիմնադրամ», իսկ Ներսես Երիցյանը պիտի դառնա արդեն ոչ թե համակարգող, այլ ուղղակի ղեկավար: Դժվար է հնարել որեւէ մի պետական պատճառ, ըստ որի` այդպիսի հոյակապ գիտական հիմնարկը պետք լինի ոչնչացնել: Ինչպես նաեւ դժվար է հնարել մի տրամաբանական պատճառ Ներսես Երիցյանի` Ֆիզիկայի ինստիտուտի նկատմամբ այդպիսի հետաքրքրության եւ ակտիվության, հաշվի առնելով Ներսես Երիցյանի չթաքցված ատելությունը դեպի գիտություն եւ գիտնականներ: Ուստի բոլորի մտքով անցնում է միակ պարզ եւ ակնհայտ պատճառը` Ներսես Երիցյանը պիտի վերջնականապես ոչնչացնի գիտության այն բարձր մակարդակը, որը` հակառակ կառավարության բոլոր ջանքերի, դեռ գոյություն ունի Ֆիզիկայի ինստիտուտում: Իսկ թե կառավարության ինչի՞ն է պետք, կարող եք կռահել ինքներդ:

Նարինե ՂԱԶԱՐՅԱՆ
Ըստ lragir.am-ի

Հ.Գ. Երեկ ֆիզիկայի ինստիտուտի 12 գիտնական-ֆիզիկոս բողոքի ակցիա էին կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության դռան առջեւ: Սակայն նախարար Տիգրան Դավթյանն իր պատվից ցածր է համարել ընդունել Հայաստանի գիտնականներին: Դե, ընդունի` ի՞նչ պիտի ասի: