ՀՀԿ-ում դժգոհ են

25/08/2011

Մեր տեղեկություններով` կուսակցական տարբեր գործառույթների իրականացման հետ կապված դժգոհություններ են առաջացել ՀՀԿ-ում: Մասնավորապես շատ են դժգոհությունները կապված նրա հետ, որ կուսակցական աշխատանքներն ուղեկցվում են առանձին պաշտոնյաների PR-ով. առաջին հերթին խոսքը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է: Նա շատ է մասնակցում կուսակցական միջոցառումներին, հատկապես ՀՀԿ-ի նոր անդամներին անդամատոմսեր է բաժանում: Վերջերս նա անդամատոմսեր էր բաժանում Սյունիքում ու Լոռիում: Դա այնպիսի դժգոհության ալիք է բարձրացրել ՀՀԿ-ում, որ մեր տեղեկություններով` հարցը քննարկվել է նաեւ կուսակցության գործադիր մարմնում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Գործադիր մարմնի անդամները առաջարկել են, որ այսուհետ անդամատոմսերի բաժանումը «դիվերսիֆիկացվի», եւ այդ PR-ից բաժին հասնի նաեւ իրենց: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է, որ կուսակցությունում նման դժգոհություններ են եղել: Ասել է, թե ոչ մի խնդիր էլ չկա, եւ անդամատոմսերի բաժանումն էլ կուսակցական «սովորական աշխատանք է»: Չի բացառվում, որ առաջիկայում անդամատոմսեր կարող են բաժանել նաեւ այլ կարկառուն ՀՀԿ-ականներ: