ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ, 2008 թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը երեկ անդամագրվել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը, որի հետ, ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել է, համագործակցում էր ստեղծման օրվանից: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ա. Արզումանյանը դիմում էր ներկայացրել ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ` պարզաբանելով, որ այդպիսով ընդամենը պահպանում է ֆորմալ ընթացակարգը եւ իրականում ՀՀՇ-ից հեռացել է ավելի քան մեկ տարի առաջ: «Դա արդեն իրողություն էր մեկ տարուց ավելի, ես բազմիցս հայտարարել եմ: ՀՀՇ-ի վերջին համագումարին, որը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 17-ին, չեմ մասնակցել, դրանից հետո նորընտիր վարչությունը անցկացրել է անդամների վերահաշվառում, որին չեմ մասնակցել եւ դրանով իսկ համարել եմ իմ անդամակցությունը ՀՀՇ-ին դադարեցված: Ուղղակի կա ներկուսակցական ընթացակարգ, եւ եղան տարբեր մեկնաբանություններ, որ դիմում չի եղել ֆորմալացնելու համար, ես դիմում եմ ներկայացրել, որով վերահաստատել եմ, որ 2010 թվականի հուլիսի 17-ից չեմ հանդիսանում ՀՀՇ-ի անդամ»,- անցած շաբաթ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր Ա. Արզումանյանը: