Հակասությունների դինամիկան

11/11/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այս օրերին Հայաստանի իշխանական քաղաքական ուժերը երկու հիմնական զբաղմունք ունեն` քարոզչություն են իրականացնում սահմանադրական փոփոխությունների օգտին եւ զուգահեռաբար չարախնդում Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջազգային արձագանքների կապակցությամբ։ Առանձին-առանձին` այս երկու զբաղմունքներն էլ միանգամայն հասկանալի են, բայց կողք կողքի դնելիս հակասությունն ակնհայտ է դառնում։

Դատեցեք ինքներդ։ Մի կողմից` իշխանությունները հայտարարում են, թե խորհրդարանական խայտառակ ընտրությունների հետեւանքով Ադրբեջանն առնվազն 4-5 տարով ետ շպրտվեց եվրաինտեգրման ուղուց, մյուս կողմից` իրենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչական փուլն անցկացնում են նույնքան աղաղակող խախտումներով` լավ իմանալով, որ մեր հանրաքվեին մասնակցելու են նույն դիտորդները նույն միջազգային կազմակերպություններից։ Ընդ որում, ոչինչ չի փոխվի, եթե նույնիսկ բուն հանրաքվեն (քվեարկությունը) անցնի առանց միջադեպերի։ Ադրբեջանում էլ կոնկրետ քվեարկության վերաբերյալ գնահատականները դրական էին, բայց ընտրություններն ընդհանուր առմամբ խիստ բացասական գնահատականի արժանացան։

Եվս մի կարեւոր հանգամանք։ Հետաքրքիր է, ինչո՞ւ առ այսօր ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտարարել, որ հանրաքվեի ժամանակ կեղծիքներ իրականացնող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Փորձենք գտնել այս հարցի պատասխանը։

Անշուշտ, իշխանությունները սեփական սոցիոլոգիական հարցումներն են կատարում եւ ծանոթ են հասարակական կարծիքին։ Խոսքն, իհարկե, պատվիրված «գովազդային» հարցումների մասին չէ։ Իշխանություններին անպայման պետք է ունենալ հասարակական կարծիքի իրական պատկերը (իհարկե` զուտ ծառայողական օգտագործման համար), որպեսզի որոշեն` կեղծելո՞ւ են հանրաքվեի արդյունքները, թե՞ ոչ։ Այսինքն, կարելի է չկասկածել, որ իշխանություններին իրական պատկերը հայտնի է։ Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ասենք, իշխանությունները պարզել են, որ բնակչության 60%-ը «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին։ Ի՞նչ պիտի անեին բարձրաստիճան պաշտոնյաներն այդ դեպքում։ Պիտի հայտարարեին, որ իրենք ամեն ինչ անելու են` հանրաքվեն արդար անցկացնելու համար, եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու են հնարավոր կեղծարարներին։ Բայց իշխանությունները նման բան չեն հայտարարում։ Եզրակացությունը միակն է. հասարակական կարծիքն առայժմ «այո»-ի օգտին չէ։

Այս ընթացքում ընդդիմադիր դաշտում նույնպես հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Ընդդիմությունն իր «ոչ»-ը քարոզում է երեք ճակատով` «Արդարություն» դաշինք, «Ազգային Միաբանություն» եւ «17+1» ֆորմատ։ Իհարկե, անընդհատ շեշտվում է, որ այս երեք խմբերի միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան, եւ ընդհանուր նպատակը նույնն է, բայց նկատելի է, որ «17+1» ֆորմատի ակտիվությունը սկսում է նյարդայնացնել ոչ միայն իշխանություններին, այլեւ «Արդարություն» դաշինքին ու «ԱՄ»-ին։ «Արդարություն» դաշինքի նիստում նույնիսկ տեսակներ են հնչում, թե դաշինքի անդամները (խոսքն ակնհայտորեն Արամ Սարգսյանի մասին է) կամ պիտի իրենց գործողությունները համաձայնեցնեն դաշինքի հետ, կամ դուրս գան դրա կազմից։ Ամեն դեպքում, ընդդիմությունը մարզերում ակտիվ քարոզչություն է իրականացնում, եւ քանի որ այս դեպքում անձերի խնդիր չկա (խոսքը ոչ թե ընտրությունների, այլ հանրաքվեի մասին է), ընդդիմության ապակենտրոնությունը կարող է էական նշանակություն չունենալ։

Ինչ վերաբերում է մյուս իրադարձություններին, ապա ստիպված ենք արձանագրել, որ տարօրինակ բաներ տեղի են ունենում ոչ միայն քաղաքական ոլորտում։ Ամբողջ աշխարհում թռչնի գրիպը հասել է իր գագաթնակետին, կանխատեսումներ են հնչում, թե մարդկային զոհերի թիվը կարող է հասնել 5-150 միլիոնի, միայն անցած ամսում Իրանի հյուսիս-արեւմուտքում մոտ 5 հազար վայրի թռչուն է սատկել… Մի խոսքով` աշխարհը խուճապի մեջ է։ Եվ հանկարծ այդ ամենի ֆոնի վրա հայ գիտնականները հեռուստատեսությամբ ելույթ են ունենում եւ հայտարարում, թե խուճապի պատճառ չկա, թռչնի գրիպը վաղուց հայտնի եւ շատ սովորական հիվանդություն է, եւ ընդհանրապես` նույնիսկ վարակված թռչնի միսը մի քանի րոպե եփելուց հետո դառնում է միանգամայն անվնաս…

Այս առնվազն տարօրինակ հակասությունը երկու բացատրություն կարող է ունենալ։ Առաջին` հայ գիտնականները հանճարներ են, իսկ աշխարհի բոլոր մյուս գիտնականները` անիմաստ խուճապի ենթարկված դիլետանտներ։ Երկրորդ` Հայաստանում թռչնամթերք արտադրող ընկերությունները մեծ վնասներ են կրում (որոշ գնահատումների համաձայն, թռչնամթերքի սպառման ծավալները նվազել են մոտ 40%-ով), եւ այդ ընկերությունների սեփականատերերը պարզապես որոշել են իրենց գերկորուստների «դեմն առնել»։

Թե այս տարբերակներից որն է ավելի հավանական` թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։