«Ջրբաժան է լինելու»,- ասում է ՀԺ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը

25/08/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Ձեր կարծիքով` այն ունի՞ արդյունավետ ընթացք:

– Արդյունքներ ամփոփելու իմաստով երկխոսության մասին խոսելը դեռ վաղ է: Մեծ հաշվով երկխոսությունն արդյունավետ կամ ոչ արդյունավետ պիտի գնահատվի ըստ այնմ, թե ինչքանով է Հայաստանում անցնցում իշխանափոխության հնարավորություն տալու: ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ երկխոսությունը գնահատելու է այն արդյունքով, թե ինչքանով է դա հանգեցնելու նրան, որ ՀՀ իշխանությունը գիտակցի, որ Հայաստանը կանգնած է եգիպտական սցենարի նախաշեմին, եւ ինքնակամ հեռանա իշխանությունից: ՀԱԿ-ը հայտարարել է, որ եթե սեպտեմբեր ամսին չունենանք արտահերթ ընտրությունների վերաբերյալ հստակ որոշում, ուրեմն երկխոսությունը չի շարունակվելու:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում քաղաքական շրջանակներից հնչող այն տեսակետը, թե երկխոսությունն ավելի շուտ ժամանակ ձգձգելու գործընթաց է:

– ՀԱԿ-ն ունի հստակ արձանագրված նպատակ, եւ եթե մենք ժամանակ ձգձգող լինեինք, շատերի նման քաղաքական արձակուրդ կհայտարարեինք: Բայց հակառակը եղավ, եւ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսպիսի ակտիվ քաղաքական ամառ երբեք չի ունեցել: Միակ բացառությունը թերեւս կարելի է համարել 1996 թվականը, բայց այդ ժամանակ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլ էր, եւ դա պայմանավորված էր ընտրական պրոցեսներով: Ժամանակ ձգելու մասին խոսողներն իրենք ժամանակ ձգողներ են:

– Իսկ եթե բանակցությունների ընթացքում իշխանությունը ոչ մի կերպ չհամաձայնեց արտահերթ ընտրությունների գաղափարին, ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը:

– Լինելու է ջրբաժան:

– Ինչո՞վ է այն արտահայտվելու:

– Կոնգրեսը Ազատության հրապարակում մոբիլիզացնելու է առավելագույն թվով քաղաքացի եւ արտահերթ նախագահական ընտրությունների նրանց քաղաքական դիրքորոշումը տեսանելի կերպով ցուցանելու է հրապարակում: Կլինի՞ արդյունավետ, թե՞ ոչ: Կա այսպիսի քաղաքական հասկացություն` վճռորոշ մեծամասնություն: Եթե ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության կարծիքն արտահայտվի Ազատության հրապարակում, արտահերթ ընտրություններից խուսափել ուղղակի հնարավոր չի լինի:

– Համոզվա՞ծ եք, որ ՀԱԿ-ն այլեւս կկարողանա հավաքել այդ մեծամասնությանը: Հանրահավաքի եկած մարդկանց շրջանում հաճախ են դժգոհություններ հնչում, թե իրենց նորից մեկ-մեկուկես ամիս տուն ուղարկեցին:

– Ես կասկած չունեմ, որ վճռորոշ պահին վճռորոշ մեծամասնությունը լինելու է Ազատության հրապարակում, եւ ոչ թե տուն է գնալու, այլ տուն է ուղարկելու ավազակապետության պարագլուխներին:

– Իսկ հնարավոր չե՞ք համարում այն տարբերակը, որ երկխոսությունն ավելի երկար շարունակվի, կամ մեկ այլ գործընթաց սկսվի, եւ այդպես էլ արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Այսինքն` ՀԱԿ-ն ու իշխանություններն ինչ-որ գործընթացներով ժամանակ ձգեն մինչեւ հերթական հնարավորությունները:

– Որպեսզի ես կարողանամ պատասխանել, պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում` այլ պրոցես: Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի: Դրա համար այսօր առաջարկվում է երկու տարբերակ` ջրբաժանի կամ երկխոսության տարբերակները: Եթե կա նաեւ երրորդ ճանապարհը, եւ դա քաղաքական ճանապարհ է, թող առաջարկվի: Ի վերջո կարեւորը ոչ թե միջոցներն են, այլ նպատակները: Տվյալ ժամանակաշրջանի մարտավարական նպատակը ավազակապետության կազմաքանդումն է, իսկ գերնպատակը` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի կերտումը, որտեղ ժողովրդավարությունն անշրջելի արժեք է լինելու, Սահմանադրությունն` անառարկելի իրողություն: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկելի է ցանկացած սցենար, բայց դրա նպատակակետը պետք է լինի ավազակապետության կազմաքանդումը, Սերժ Սարգսյանի եւ իր վարչախմբի հեռացումը: Հիմա շատերն են հարցնում, թե ինչու Ս.Սարգսյանի հրաժարականը չեք պահանջում: Մենք պահանջում ենք ոչ միայն Ս.Սարգսյանի, այլեւ ամբողջ ավազակապետության` գործող կառավարության, գործող Ազգային ժողովի հրաժարականը: Դուք տեսաք, որ երկխոսության սեղանի շուրջ ՀԱԿ-ը օրենսդիր իշխանության ներկայացուցիչների առաջ դրեց Ս.Սարգսյանի, գործադիր իշխանության եւ Ազգային ժողովի հեռացման հիմնավորումները:

– Նույն սեղանի շուրջ իրենք էլ իրենց հիմնավորումներն են ներկայացնում, թե չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն:

– Բայց Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով իշխանական փաստաթղթի ներկայացմանը ներկա է եղել, պնդում է, որ իշխանությունների ներկայացրած փաստաթուղթը` ընդհակառակը, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է հիմնավորում: Իշխանությունը պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ եթե փորձելու է կիրառել իր հայտնի տրյուկները` հարցը ցրելու, լղոզելու, կոծկելու նպատակով, այդպիսով զարգացնելու է իրադարձությունների զարգացման եգիպտական տարբերակը:

– Եգիպտական օրինակը բերեցիք, մինչդեռ երբեմն տեսակետ է հնչում, թե ՀԱԿ-ն իր գործունեությամբ իշխանությունների հետ միասին կասեցրեց արաբական երկրների սցենարի կրկնությունը Հայաստանում: ՀԱԿ-ը հատկապես այս տարի պարզապես զսպեց ժողովրդի մեջ եղած ցասումը:

– Եթե Կոնգրեսը զսպում է ժողովրդի ցասումը, այդ ո՞ւմ հրավիրած հանրահավաքներում է այդ ցասումը ի հայտ գալիս, դառնում քաղաքական գործոն: Ենթադրենք` Կոնգրեսը զսպում է ժողովրդի ցասումը, այդ ինչո՞ւ ձեզ հայտնի «քաղաքական տիտանները» չեն վերցնում եւ ուղղորդում ժողովրդի ցասումը: Իրականությունն այն է, որ Կոնգրեսը ոչ միայն չի զսպում ժողովրդի ցասումը, այլ դարձել է այն միակ քաղաքական ինստիտուտը, խողովակը, որով ժողովրդի կարծիքը ի ցույց է դրվում, իշխանությանը պարտադրելով հաշվի նստել այդ կարծիքի հետ: Եվ, ի դեպ, հենց այդ կարծիքի շնորհիվ է, որ դուք այսօր ազատորեն ինձ հետ հարցազրույց անելու հնարավորություն ունեք: Իմ ազատության մեջ գտնվելը ժողովրդի կազմակերպված ցասման արդյունք է, եւ քաղբանտարկյալների ազատության մեջ գտնվելը ժողովրդական ցասմանը հնարավորություն կտա հասնել ավելի մեծ արդյունքների:

– Մի քանի ամիս առաջ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե երկխոսությունը փակուղի է տանելու: Չե՞ք կարծում, որ արդեն փակուղային իրավիճակ է ստեղծվել:

– Երկխոսությունը իշխանությանն է տանելու փակուղի, որովհետեւ ակնհայտ է լինելու, որ իշխանությունը երկխոսության լեզուն չի հասկանում:

– Այնուամենայնիվ, ներկա իրավիճակից ելնելով` աշնանը արտահերթ ընտրություններ կլինե՞ն:

– Արտահերթ ընտրություններ կլինեն, բայց շատերը նաեւ հաջորդ հարցն են տալիս: Եթե հոկտեմբերին չլինեն արտահերթ ընտրություններ, ի՞նչ եք անելու: Ես միշտ այս հարցին պատասխանում եմ այսպես. արտահերթ ընտրությունները նպատակ չեն, այլ միջոց` Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու համար: Ենթադրենք` մինչեւ սեպտեմբերի վերջ չի հաջողվում Հայաստանում օրինական իշխանություն հաստատել, բայց դրանից նպատակը չի դադարում նպատակ լինել, չէ՞: Մենք ասել ենք, որ հանուն նպատակի` պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ նպատակն իրագործվի:

– Հիշեցնեմ Հ.Բագրատյանի բոլորովին վերջերս արած մեկ այլ հայտարարություն, թե ՀԱԿ-ն այս տարի բաց է թողել իշխանափոխության մի քանի շանս: Չե՞ք կարծում, որ իսկապես այդպես էր:

– Հայ ազգային կոնգրեսի գոյությունն ու գործունեությունը իշխանափոխության հարաճուն շանս է: Հայ ազգային կոնգրեսը անընդհատ ունի իշխանափոխության շանս:

– Իսկ ինչո՞ւ չի անում:

– Իսկ ո՞վ է ասել` չի անում. իշխանափոխությունը իրադարձություն չէ, իշխանափոխությունը գործընթաց է, եւ այդ գործընթացն ընթանում է բնական հունով: Հայաստանն այսօր իշխանափոխության գործընթացի մեջ է, գործընթացը մոտենում է տրամաբանական ավարտին: