ՀԱԿ-ի մրցակիցը կլինի ԲՀԿ-ն

25/08/2011

«ՀԱԿ – իշխանություն երկխոսության արդյունքում քաղաքական դաշտում ստատուս-քվոյի փոփոխություն է արձանագրվել, եւ առաջիկա ընտրությունների շեմին Կոնգրեսը այլեւս այլընտրանք չէ իշխանություններին,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Քաղաքական դաշտում ստեղծվել է հետեւյալ իրավիճակը. Հայ ազգային կոնգրեսը, որը 2008 թվականին այլընտրանք էր ընկալվում այս իշխանություններին, այսօր ուղղակի թե՛ կանխատեսումների մակարդակով, թե՛ պրակտիկ իրողությունների մակարդակով չի կարող ընկալվել այդպիսին: Որովհետեւ այլընտրանք լինում են այն դեպքում, երբ բազմաթիվ վճռորոշ հարցերում ունենում են այլընտրանքային մոտեցումներ եւ գնահատականներ»,- ասել է նա` ավելացնելով, որ դրա արդյունքում «լարվածություն է առաջացել երկխոսողների եւ չերկխոսողների միջեւ»: Անդրադառնալով երկխոսության բովանդակությանն ու ընթացքին` Սաֆարյանը կրկնել է ավելի վաղ արված այն հայտարարությունը, թե այն վերածվել է «համապետական ընթերցանության երեկոյի… Ամեն ինչ վեր է ածվել համապետական ընթերցանության երեկոյի, 86 էջ մեկն է գրում, մյուսը ժամանակ է խնդրվում դա կարդալու համար, դրան ծանոթանում է արձակուրդի վայրերում: Հետո 135 էջ մյուս կողմն է գրում, հետո սկսում են իրար գովել, թե ինչքան լավ է մյուսը գրել, որքան գեղեցիկ հնարքներ է բանեցնում մյուս կողմը…»: Երկխոսությանը եւ ՀԱԿ-ին փորձել է փրկել ասուլիսին մասնակցող ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը` հայտարարելով, թե երկխոսությունը «կայանում է եւ քաղաքական դաշտը առողջացնելու լուրջ հայտ է ներկայացնում»: «Եթե գոյություն ունի փաստաթուղթ, այն էլ ծավալուն, բնականաբար, դրան պետք է ծանոթանան, եւ պետք է ծանոթանան ընթերցելու միջոցով, այլ տարբերակ գոյություն չունի»,- ասել է նա: Ավելի ուշ Ս. Սաֆարյանի հայտարարությունը մեկնաբանել է նաեւ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Թեւաթափ կարելի է լինել տրամաբանության նման բացակայությունից եւ փաստերի նման խեղաթյուրումից: Ստյոպան հավակնում է խլել իր ավագ հանրապետական գործընկերոջ դափնին»,- ասել է նա: Երեկ Ս. Սաֆարյանն անդրադարձել է նաեւ ԱԺ առաջիկա ընտրություններին: «Կասկած չկա, որ մենք լինելու ենք հաջորդ խորհրդարանում»,- հայտարարել է նա` արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր խորհրդարանում Կոնգրեսը կարող է զբաղեցնել «Ժառանգության» տեղը: Ըստ Սաֆարյանի, ՀԱԿ-ի թիվ մեկ մրցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, քանի որ Կոնգրեսի չափավոր ընդդիմադիր կեցվածքն այն ընտրազանգվածի դաշտում է, որտեղ եղել ու գործում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի թիվ մեկ մրցակիցը ԲՀԿ-ն է, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ՀՅԴ-ն: Հետեւաբար, ՀԱԿ-ը ոչ «Ժառանգությունից» կարող է ձայներ տանել, ոչ էլ տանելու է: Թե ինչպե՞ս կավարտվի նույն ընտրազանգվածի համար ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ընտրապայքարը` որպես ո՛չ արմատական ընտրազանգվածի համար պայքարող ուժեր, կարծում եմ` ժամանակը ցույց կտա»,- ասել է նա: