Ինչպես աշխատել վնասով եւ հարստանալ

25/08/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Խոշոր հարկատուների ցանկը, որը ամեն եռամսյակ հրապարակվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից, բավականին պոպուլյար է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանում, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում են մեր երկրի տնտեսությամբ։

Մասնավորապես, տնտեսագետները, լրագրողները, չինովնիկները, հենց իրենք՝ խոշոր հարկատուները, կարելի է ասել` անհամբերությամբ են սպասում ցանկի հերթական հրապարակմանը՝ կանխագուշակելով, թե որ ընկերությունը ցանկում որ տեղում կհայտնվի։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ հայրենի բուքմեյքերները սկսեն խաղադրույքներ ընդունել, թե որ օլիգարխը որ տեղում կլինի։

Սակայն, բացի 1000 խոշոր հարկատուների բուն ցուցակից, որտեղ երեւում են նրանց վճարած հարկերը, ՊԵԿ-ը հրապարակում է նաեւ ցանկեր։ Դրանցից մեկը, մասնավորապես, կոչվում է հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկ եւ պակաս հետաքրքիր չէ, քան հիմնական ցանկը։ Եթե առաջինի մեջ երեւում են միայն խոշոր ընկերությունների վճարած հարկերը, ապա երկրորդը ցույց է տալիս, թե որ ընկերություններն են վնասով աշխատել կամ վնաս ցույց տվել։

ՊԵԿ պաշտոնական կայքի տվյալներով՝ աղյուսակում ներկայացրել ենք 2010 թվականի ընթացքում ամենից շատ հարկային վնասներ հայտարարագրած 10 ընկերություններին։ Հարկային մարմինը ցանկում ներառել է այն ընկերություններին, որոնք 2010թ. հաշվետու տարում ունեցել են 1մլն դրամ կամ ավելի վնաս։ Ընդհանուր առմամբ, այդ ցանկում տեղ է գտել 822 կազմակերպություն, որոնց ընդհանուր վնասը կազմում է 257 միլիարդ դրամ։

Սակայն պատկերն առավել հետաքրքիր է դառնում, երբ դիտարկում ենք առանձին ոլորտներ կամ առանձին ընկերություններ։ Ցանկի առաջին հորիզոնականում «Հայգազարդն» է, որը, ըստ ՊԵԿ ցանկի, 2010թ. ունեցել է 88.4 միլիարդ դրամի վնաս։ Դա աստղաբաշխական թիվ է, կազմում է շուրջ 240 միլիոն դոլար։

Փորձենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում (չնայած՝ դա այնքան էլ հեշտ չէ)։ Սովորաբար, տարվա ընթացքում ունեցած վնասը նշանակում է, որ ընկերության ծախսերը գերազանցել են հասույթը։ Եթե «Հայգազարդի» վնասը 2010 թվականին կազմել է 240 միլիոն դոլար, ապա տրամաբանությունը հուշում է, որ ընկերությունը նվազագույնը նույն չափի ծախսեր է կատարել (եթե ընդունենք, որ եկամուտ ընդհանրապես չի ունեցել)։

Ծախս կատարելն էլ իր հերթին նշանակում է գործունեություն ծավալել, այն էլ՝ կոնկրետ այս դեպքում, շատ մեծ թափով։ Սակայն մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ խելքին մոտ բացատրություն կտան, թե ինչ գործունեություն է ծավալում այս ընկերությունը։ Իսկ դա զարմանալի է, քանի որ խոսքը գնում է ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ 240 միլիոն դոլարի մասին։

Այս անհասկանալի պատկերը հասկանալու համար հարկավոր է ետ գնալ։ «Հայգազարդը» 90-ականներին իրոք գործունեություն ծավալում էր. կառավարում էր Հայաստանի ողջ գազային տնտեսությունը (ինչն այսօր անում է «ՀայՌուսգազարդը»)։ 1997 թ. «Հայգազարդը» բաժանվեց 3 մասի` «Հայգազարդ», «Հայտրանսգազ» եւ «Հայգազ»: «Հայգազի» հիման վրա էլ ստեղծվել է «ՀայՌուսգազարդը», իսկ ինչ վերաբերում է «Հայգազարդին», ապա այն շարունակել է ինքնուրույն գործել, սակայն թղթի վրա։ Հիմնականում իրականացրել է հավատարմագրային կառավարման գործառույթներ:

Կառավարության որոշումներով 2005-06 թթ. «Հայգազարդին» են միացվել «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սեւան-Հրազդան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը: Իսկ հետագայում այդ բոլոր ընկերությունները սեփականաշնորհվել են:

Եթե պատկերավոր նկարագրենք, «Հայգազարդը» եղել է «լվացքի մեքենա»՝ էներգետիկայի ոլորտի սեփականաշնորհման ենթակա օբյեկտները մաքրելու համար։ Պարտքեր ունեցող ձեռնարկությունները նախ մտցվել են «Հայգազարդի» մեջ, ինչի արդյունքում այդ ընկերության պարտքերը ավտոմատ դարձել են «Հայգազարդինը»։ Իսկ հետո արդեն «Հայգազարդից» այդ ընկերությունները մաքրված վիճակում սեփականաշնորհվել են՝ պարտքը թողնելով «մայր ընկերությանը»։ Ընդ որում, սեփականաշնորհված բոլոր ընկերությունների դեպքում էլ դրանց իրական սեփականատերերի առումով կասկածելի պատմություններ կան։ Եվ եթե ճիշտ են այն խոսակցությունները, որ էներգետիկ ոլորտի ընկերությունները իրականում սեփականաշնորհվել են հայրենի պաշտոնյաներին (երրորդ անձանց միջոցով), ապա ստացվում է, որ «Հայգազարդը» ունեցել է մեկ հիմնական նպատակ. ապագա սեփականատիրոջը մաքրել պարտքերից՝ այդ պարտքը թողնելով պետության ուսերին։ Այսինքն՝ «Հայգազարդի» 88 մլրդ դրամ պարտքը Հայաստանի էներգետիկ ընկերությունների պարտքերի գումարն է, կամ, եթե կրկին դիմենք պատկերավոր ժանրին՝ ֆիլտրում մնացած կեղտը։

Գազի թեման շարունակելով՝ նշենք նաեւ «ՀայՌուսգազարդի» մասին։ Ընկերությունը 2010թ. արդյունքներով ունեցել է 7.8 միլիարդ դրամ վնաս։ Գազային մոնոպոլիստի «վնասաբեր» գործելաոճի մասին շատ է խոսվել։ Նշենք ընդամենը, որ ընկերությունը դա բացատրում է գազի սպառման ծավալների կրճատմամբ եւ կատարված ներդրումներով։

«Նաիրիտը» առանձին մեծ ու խճճված թեմա է։ Սահմանափակվենք պարզապես արձանագրելով, որ ընկերությունը նախորդ տարին փակել է 30.3 մլրդ դրամ վնասով։

Կան ընկերություններ, որ իրոք կարելի է հասկանալ, թե ինչու են վնասով աշխատել։ Օրինակ` «UCom»-ը նախորդ տարին փակել է 135.8 մլրդ դրամ վնասով։ Դա բնական է, քանի որ ընկերությունը դինամիկ զարգանում է եւ բավական լուրջ ներդրումներ է անում։

Կամ, օրինակ, «ՍԻԼ» հանքային ջրերի գործարանը։ Հասկանալի է, չէ՞, որ Սուքիասյանների ընտանիքը ահագին փող ու ջանք պետք է ներդնի, որպեսզի «ՍԻԼ»-ը կարողանա մրցակցել իրենց իսկ նախկին արտադրանքի՝ «ՆՈՅ»-ի հետ։

Կան նաեւ ընկերություններ, որոնց դեպքում բացատրությունների կարիք էլ չկա. պարզապես ժպիտով կարելի է հասկանալ նրանց։ Այդպիսիք են, օրինակ, Երեւանի պետական կրկեսը կամ «Արմենիկումը»։

Սակայն կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնց դեպքում վնասով աշխատելը մի քիչ անհասկանալի է դիտվում։ Ավելի ճիշտ կլինի ասել, կան այդպիսի ոլորտներ։ Ամենավառ օրինակը հանքարդյունաբերության ոլորտն է։ Մեր տնտեսության այս ճյուղը համաշխարհային ճգնաժամի պատճառով խիստ տուժեց, քանի որ մետաղների գները աննախադեպ անկում ապրեցին։ Սակայն ճգնաժամից հետո՝ 2010 թվականին, մետաղների համաշխարհային գները կրկնակի բարձրացան՝ փոխհատուցելով նախկին վնասները։ Ասվածի մասին վկայում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշները. հանրապետության թիվ մեկ հարկատուն 2009թ. արդյունքներով մի քանի տասնյակ հորիզոնականով նահանջել էր, սակայն հետո վերադարձրեց դիրքերը։ Օրինակ՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տարին փակել է 489 միլիոն դրամ վնասով։ Եթե Ախթալայի դեպքում բացատրություն հնարավոր է գտնել (ասենք, սեփականատեր եւ տնօրեն Ս. Պողոսյանը իր ժամանակն ամբողջությամբ բիզնեսին նվիրելու փոխարեն` զբաղված էր նաեւ ուրիշ բաներով), ապա մյուսների դեպքում այդ բացատրությունն էլ չկա։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարին փակել է 3.6 մլրդ դրամ վնասով։

Նշենք, որ 2010-ը վնասով փակել են նաեւ շինարարական ընկերությունների մեծ մասը։ Այսպես, «Գլենդել հիլզի» վնասը կազմել է 3.1 մլրդ դրամ։ Վնասով են աշխատել նաեւ «Իտարկո կոնստրակշնը», «Մեգերյանշինը» եւ այլն։

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում «վնասով» աշխատել ասվածը հարաբերական բան է, եւ ընկերություններից շատերը ուռճացնում են իրենց ծախսերը՝ շահութահարկ չվճարելու նպատակով։ Կայացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում հակառակն է. ընկերությունները ձգտում են շահույթ հայտարարագրել եւ հպարտությամբ հայտարարում են այդ մասին, քանի որ այդ դեպքում իրենց շուկայական արժեքը զգալիորեն կբարձրանա։ Մեզ մոտ, ցավոք, այդպես չէ եւ հասկանալի էլ չէ, թե երբ այդպես կլինի, քանի որ ոչ կորպորատիվ կառավարման համակարգն է զարգացած, ոչ արժեթղթերի շուկա ունենք, ոչ էլ Հարկայինի հետ լրիվ անկեղծ աշխատելով հնարավոր է զարգանալ։