Վերջին տարիներին բյուջետային քննարկումները պակաս դիտարժան են։ Խորհրդարանական խմբերն ու խմբակցություններն իրենց կուսակցությունները ներկայացնող նախարարների բաժին բյուջետային գումարների քննարկումն այլեւս հրապարակային չեն անում։ Այդ բանակցություններն ընթանում են կուլիսներում` հասարակությունից թաքուն։ Հետեւաբար` պետական բյուջեի խորհրդարանական քննարկումներ առերեւույթ չկան։ Պետության տնտեսական հիմնական փաստաթղթի օրենքի ուժ ստանալու գործընթացն ընթանում է հասարակական անտարբերության մթնոլորտում։ 2006-ի բյուջեի քննարկումն առայժմ մեկ հետաքրքիր փաստ է արձանագրել։ Կառավարությունը բյուջեն ներկայացնելիս իր հազար էջը գերազանցող փաստաթղթում նշել էր, որ այն կազմել էր ԱՄՆ մեկ դոլարը` 462 դրամի հաշվարկով։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշեց, որ իր հիմնարկությունը համաձայն չէ փոխարժեքի այս ցուցանիշի հետ։ ԿԲ-ն առաջարկեց բյուջեն վերահաշվարկել` հիմք ընդունելով 1 դոլարի դիմաց` 420 դրամ փոխարժեքը։ Ոչ պատգամավորները, ոչ կառավարության որեւէ ներկայացուցիչ չհակաճառեց։ ՀՀ գործող օրենսդրությամբ` երկրի դրամավարկային քաղաքականության պատասխանատուն ԿԲ-ն է։ Հետեւաբար, հենց ԿԲ-ն է փոխարժեքի ցուցանիշը հաշվարկողը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի պաշտոնական պատասխանի համաձայն, կառավարությունը հենց այս պատճառով էլ չհակաճառեց։ Վերջին տարիներին կառավարության բյուջեն կազմելիս, ԿԲ-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, դոլարի փոխարժեք սահմանելիս որպես հիմք վերցվում էր բյուջեն խորհրդարան ներկայացնելուն նախորդող վերջին 2-3 շաբաթվա իրական միջին փոխարժեքը։ Հոկտեմբերին կառավարությունը հենց այդպես էլ վարվել էր։ Բայց ԿԲ-ն որոշեց հընթացս փոխել խաղի կանոնները եւ առաջարկեց շատ ավելի ցածր փոխարժեք։ ԿԲ-ն իր այս քայլը բացատրում է նրանով, որ 2006-ի ընթացքում ազգային դրամի արժեւորումը կշարունակվի։ Այսինքն` եկող տարի դոլարի կուրսը կշարունակի իջնել, որովհետեւ այս տենդենցը նկատելի է ողջ հետխորհրդային շրջանում։ ԿԲ-ն իր պաշտոնական մի քանի հրապարակումներում մշտապես հայտարարում էր, որ փոխարժեքների ոլորտում կանխատեսումը գիր-ղուշ գցելու պես բան է եւ տնտեսագիտական հիմնավորում չի կարող ունենալ։ Չնայած սրան, ԿԲ-ն 2006-ի համար առաջարկում է ընդունել 1 դոլարի դիմաց` 420 դրամի միջին տարեկան ցուցանիշը։ Տնտեսագիտական հիմնավորումները հանգիստ թողնելով (կամ տեսաբան տնտեսագետներին թողնելով)` դիտարկենք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխարժեքի վերահաշվարկը։
Բյուջեի մուտքերի ներքին հատվածն անցած տարվանից հաշվարկվում է բացառապես ազգային դրամով։ Հետեւաբար, դժվար չէ ենթադրել, որ կառավարությունն այս հատվածում վերահաշվարկ չի կատարի։ Վերահաշվարկի կենթարկվի բյուջեի արտաքին մուտքերի հատվածը։ Բյուջետային դեֆիցիտի ծածկման համար մենք մշտապես արտերկրից վարկեր ենք վերցնում։ Նրանք, հակառակի պես, պարտք տալիս են միայն տարադրամով։ Այն տարադրամով, որը Հայաստանում վերջին երկու (ինչպես նաեւ` գալիք) տարում արժեզրկվում է։ Հետեւաբար` կնվազի այս հատվածը։ Մեծ թվերի մաթեմատիկական օրենքի համաձայն` բյուջեի մակրոտնտեսական թվերն էականորեն չեն փոխվի։ Պատճառները շատ են։ Օրինակ, արտաքին պարտքերի մարման համար նախատեսված 15 մլրդ 435 մլն դրամի փոխարեն անհրաժեշտ կլինի տրամադրել մոտ 13 մլրդ դրամ։ Այս եւ այլ նման «խնայողությունները» կուղղորդվեն բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։ Այսինքն, վերահաշվարկը մակրոտնտեսական տրամաբանության տեսանկյունից արտառոց փոփոխություններ չի ծնի։ Փոխարենը` այն լուրջ հարված է տնտեսության իրական հատվածի համար։ Ազգային դրամի արժեւորում ետխորհրդային շատ երկրներում իսկապես ընթանում է։ Օրինակ, Ռուսաստանում։ Բայց այդ երկրում հոկտեմբեր ամսի վերջին կառավարության ընդլայնված նիստում փորձում էին մշակել այդ գործընթացների բացասական ազդեցությունը մեղմող ծրագրեր։ Մեր երկրում այս խնդրով ոչ ոք անհանգստացած չէ։ Մինչդեռ այն անմիջականորեն հարվածում է տնտեսության առաջամարտիկներին` այն հատվածին, որն արտահանման ուղղվածություն ունի։ Պատկերացրեք որեւէ արտադրություն, որն արտահանում է 100 դոլար ինքնարժեք ունեցող ապրանք, եթե 1 դոլարի փոխարժեքը 462 դրամ է։ Եթե փոխարժեքը դառնա 420 դրամ, այդ ապրանքի ինքնարժեքն աճում է 9 տոկոսով եւ դառնում 109 դոլար։ Այսինքն, արտաքին շուկայում այդ ապրանքն արդեն 9 տոկոս ավելի թանկ պետք է վաճառել, ուստի այն դառնում է պակաս մրցունակ։
Տնտեսության իրական հատվածի հոգսերը մեր օրենսդիր, գործադիր ու ֆինանսական իշխանություններին չեն հուզում։ Սա իր պատճառներն ունի։ Հայաստանը դառնում է երկիր, որն ապրում է մշտական կամ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնած աշխատուժի տրանֆերների հաշվին։ Երկիր, որի բյուջեն գոյանում է ոչ թե տնտեսվարողների եկամուտների ու շահույթի հարկերից, այլ` ներմուծողներից գանձվող անուղղակի հարկերի հաշվին։ Այս պարագայում արդեն ցանկացած տնտեսագետ ձեզ կբացատրի, որ տնտեսական լուրջ օրենքներ ընդունելն ու տնտեսության մասին լուրջ մտածելը թիթիզություն է։ Ավելի արդյունավետ է մտածել տարադրամի փոխարժեքը նվազեցնելու մասին։ Դա հնարավորություն կտա «պետականացնել» արտագնա աշխատուժի օգնություն-տրանսֆերները։ Ինչպես նաեւ` Պատմական հայրենիք այցելող մեր հայրենակիցների «տուրիստական» ծախսերը։ Հետեւաբար, ամենեւին էլ պետք չէ, որ հանկարծ տարաձայնություններ առաջանան մեր իշխանության ներկայացուցիչների միջեւ։ Աշխարհի ոչ մի երկրում Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության չինովնիկներն իրար հետ այդքան հաշտ ու բարիշ չեն, որքան Հայաստանում։
Հ.Գ. Մինչ կառավարությունն այս օրերին վերահաշվարկում է պետբյուջեն` դրամի արժեւորման կանխատեսումով, ազգային դրամն արժեզրկվում է։