Գրինսպենը կանխատեսում է եվրոյի վերջը

25/08/2011

«Եվրոպական արժույթը անկում է ապրում, եւ դա կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա»,- նման կարծիք է հայտնել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար, հայտնի տնտեսագետ Ալան Գրինսպենը: «Եվրոն անկում է ապրում, եւ այդ գործընթացը զգալի դժվարություններ է առաջացնում եվրոպական բանկային համակարգում: Եվրոյով առաջադրված պարտատոմսերի հանդեպ վստահության անբավարարությունը եվրոպական բանկերը լարվածության մեջ է պահում: Այդ արժեթղթերը միշտ համարվել են վարկերի ապահովման կատարյալ միջոց, իսկ հիմա կասկածի տակ են առնվում»,- ասել է նա: Ա. Գրինսպենի կարծիքով` Եվրոպայի տնտեսական անկումը բացասաբար կազդի ամերիկյան ընկերությունների եկամուտների եւ բաժնետոմսերի գների վրա, քանի որ եվրոպական շուկային է բաժին ընկնում ամերիկյան արտահանման մոտ 20%-ը: Ինչպես նշել է Գրինսպենը, մեծանում է պառակտումը տնտեսական, վիճակագրական եւ բանկային շրջանակներում: Հարցն այն է, թե արդյո՞ք պետք է, որ եվրոն լինի միասնական արժույթ 17 երկրների համար, որոնք ունեն «տարբեր մշակույթներ»` կապված կառավարությունների, սպառողական ծախսերի եւ ինֆլյացիայի հետ: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է եվրոգոտու փլուզում` նա պատասխանել է` ակնհայտ է: