ՀՀ գյուղփոխնախարարի հրապարակած տվյալներով` Հայաստանում 20 տոկոսով կրճատվել է ձվի արտադրությունը: Սա անակնկալ էր: Այն մարդու համար, ով չի հետեւում ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին: Ուղիղ մեկ տարի առաջ մեր շուկայում զարմանահրաշ գործընթացներ էին: Ձուն, այսինքն` հավկիթը, վաճառվում էր 5-10 դրամով: Լավատես սպառողը երջանկացել էր: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Մամուլում մեկ հաստատվում, մեկ հերքվում էին այն լուրերը, որ թռչնաբուծության ու ձվարտադրության ոլորտում մոնոպոլիա հաստատելու փորձ է սկսվել: Նույնիսկ կոնկրետ մարդու անուն էր նշվում, թե ով է փորձում իր բուռը հավաքել երկրի հավաբուծությունն ու ձվարտադրությունն ամբողջությամբ: Հետո Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ ոլորտում կատարվող գործընթացներն ուսումնասիրելու է: Ուսումնասիրեց ու հրապարակեց արդյունքները: Վստահ եմ` հիմա ոչ ոք չի հիշում, թե ինչ էր պարզել հանձնաժողովը: Որովհետեւ իրականում ոչինչ էլ չէր պարզել: 1990-ականների վերջից հայրենական թռչնաբուծությունը լրջագույն արդյունքների էր հասել: Ոլորտում մի քանի խոշոր տնտեսություններ էին ձեւավորվել, որոնք ձվի սպառման ոլորտում 100 տոկոսով գրավել էին ներքին շուկան: Տեղական արտադրության հավի միսը շարունակում էր թանկ մնալ ներկրվողից: Բայց իր որակական հատկանիշների պատճառով կամաց-կամաց շուկայից դուրս էր մղում ներմուծված թռչնամիսը` հանրահայտ «բուշի տոտիկները»: Ավելին` Հայաստանը սկսել էր հավկիթ արտահանել: Միայն անցյալ տարվա տվյալներով` մոտ 155 տոննա ձու է արտահանվել: Ու այս պարագային տարօրինակ էր, որ Ամանորի նախաշեմին ու հետո տեղական ձվի պակաս կա ներքին շուկայում: Մինչեւ 2010թ. ոլորտում կատարված զարմանահրաշ երեւույթներից էր այն, որ ձվի ներմուծումը համարյա զրոյական էր: Այս փաստը հարկավ մեր օլիգարխների քիմքին չէր գալիս: 2009-ին մոտ 15 տոննա ձու է ներմուծվել: Ընդունեք, որ կոմպրոդորային բուրժուազիան չի կարող նման ցուցանիշ հանդուրժել: Մի քանի խոշոր գործարարներ թռչնաբուծական տնտեսություններ են բացել, մի քանի հազար աշխատատեղ ստեղծել: Նրանց աշխատավարձ են տալիս, պետությանը` հարկեր, ու իրենք էլ հարստանում են: Հարստանում են` ներմուծող կապիտալի ձեռքից շուկայի մի ամբողջ սպեկտր խլելով: Ու հենց սա էր պատճառը, որ օլիգարխական կապիտալը գրոհ սկսեց արտադրող ձեռնարկությունների ու դրանց սեփականատերերի վրա: Նրանցից ոմանք տնտեսական, ոչ տնտեսական ու բռի ճնշումներին չդիմանալով` վաճառեցին իրենց բիզնեսը: Հայաստանում ընդունված չէ, որ գործարարների դասը բարձրաձայն ընդվզի: Ընդվզի ու պատմի, թե ինչ մեթոդներով են իրենց ձեռքից ունեցվածք խլում: Իսկ քաղքենու համար հետաքրքիր չէ: Կարելի է ենթադրել, որ օլիգարխներն իրենցից պակաս հարուստ գործարարներից ընդամենը բիզնես են խլում: «Ի՞նչ հասարակական վտանգ կա այս իրավիճակում» հարցը հստակ պատասխան ունի` «Կա»: Եվ դա հստակ արտացոլվում է տնտեսական վիճակագրությամբ: Ձվի արտադրությունը մոնոպոլիզացնելու գործընթացը սկսվեց անցած տարվա կեսերին: «Ի՞նչ է կատարվում շուկայում» հարցին` պետական պաշտոնյաները շուտասելուկի նման պատասխան էին հորինել` «Ոլորտում գերարտադրություն կա»: Եթե հավատանք գերարտադրության հեքիաթին, ապա արձանագրված փաստերին որեւէ պատասխան գտնել չենք կարողանա: 2010թ., երբ Հայաստանում իբր ձվի գերարտադրություն կար, ձվի ներմուծումը ավելացել է ավելի քան 17 անգամ: Նախորդ տարվա` 2009թ. նկատմամբ: Նույն 2009-ին, երբ հավկիթի գերարտադրություն չկար: 15 տոննայի փոխարեն ներմուծվել է 493 տոննա ձու: Իսկ սա նշանակում է, որ 2009-ի համեմատ 2010-ին մոտ տասը անգամ ավելի շատ տարադրամ է տարվել Հայաստանից: Մյուս կողմից` սա նշանակում է, որ այս ոլորտում կրճատվել են աշխատատեղեր, նվազել աշխատավարձեր: Այն, որ թռչնաբուծությունն ու ձվարտադրությունը գյուղփոխնախարարի ուշադրությանն են արժանացել, նշանակում է` ինչ-որ բան այնպես չէ: Գյուղփոխնախարարն իր ասուլիսի ընթացքում ասել է, որ անցած տարի արտադրող ձեռնարկությունները մոտ 150 հազար ածան հավ են մորթել: Ածան հավերը թռչնաբուծական տնտեսությունների համար ոսկե ձվեր ածող արարածներ են: Առանց փոխաբերական իմաստի ու բառի ամենաուղիղ իմաստով: Հայաստանը դարձել է տնտեսական հրաշքների երկիր: Օրինակ, նույն ասուլիսի ժամանակ հրապարակվել է, որ այս տարի աճել է տավարի մսի արտադրությունը: Ու դրան զուգընթաց` աճել է նաեւ տավարի մսի գինը: Մսի ու մսամթերքի լուրջ պահանջարկ ունեցող Հայաստանը դառնում է գառներ արտահանող երկիր: Բայց սրանք մակրոտնտեսական հրաշքներ են: Իսկ մեկ ոլորտի համար` սեփականատերերից մինչեւ աշխատատեղ ունեցող մարդկանց համար սա ողբերգություն է: Հայ մարդը նուրբ քիմք ունի: Հրաշալի տարբերում է տեղական արտադրության սննդամթերքը ներմուծածից: Եվ հնարավորություն ունենալու դեպքում ալպիական արոտներում խնամված կենդանիների մսի ու կաթի դիմաց ներմուծածից ավելի մեծ գին է վճարում: Ու հիմա հասարակական խոսք ու զրույցի թեման պարզելն է, թե որ ընկերությունն է իսկապես տեղական արտադրության թռչնամիս ու հավկիթ վաճառում, իսկ որը` փաթեթավորում է ներմուծածը: Իսկապես, եթե մանրածախ առեւտրում կարելի է գտնել ներկրված թռչնամիս, ապա ներկրված ձու վաճառքում համարյա չկա: Ներկրողներն այդ նույն գյուղփոխնախարարի, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի, վերահսկողական տեսչությունների աչքի առաջ գտնում են ներկրված էժանագին ապրանքը սպառողի վրա սաղացնելու հնարավորությունները: Անցած տարվա մեկ-երկու ամսվա էժան գնած հավկիթի դիմաց մոտ ապագայում մոնոպոլիստին մենք փոխհատուցելու ենք: Փոխհատուցելու ենք սեփական դրամով ու առողջությամբ: