Նոր հիմնավորումներ

25/08/2011

ԱՄՆ-ում լույս տեսնող «Armenian Weekly» պարբերականը հոդված է հրապարակել, որում Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների առնչությամբ որոշ տվյալներ է ներկայացնում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի ուշադրությանը: Հիշեցնենք, որ Ֆ. Ռիկարդոնեն, վերջերս անդրադառնալով Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիներին, կեղծ հիմնավորումներ էր ներկայացրել դրանց առնչությամբ, ուռճացրել Թուրքիայում ներկայում գործող եկեղեցիների թիվը: Պարբերականն ընդգծում է, որ մինչեւ 1915թ. Օսմանյան Թուրքիայում գործած Հայ Առաքելական եկեղեցիների թիվը 2300 է եղել, իսկ այսօր Թուրքիայում ընդամենը 34 առաքելական եկեղեցի է գործում. 28-ը` Ստամբուլում, 6-ը` Արեւելյան Անատոլիայում: «Armenian Weekly»-ն ընդգծում է, որ եթե Հայ առաքելական եկեղեցիների թվին (2300) գումարվի նաեւ` մինչեւ 1915 թ. գործած հայ կաթոլիկ, ավետարանական, բողոքական եկեղեցիների, հունական եկեղեցիների, ինչպես նաեւ եվրոպական տարբեր համայնքներին պատկանող կաթոլիկ, բողոքական եւ ուղղափառ եկեղեցիների թիվը, ապա «կարելի է հեշտությամբ կրկնապատկել այդ թիվը»: Պարբերականն այնուհետ ներկայացնում է Թուրքիայում ներկայում գտնվող (ոչ միայն գործող) հայկական եւ մյուս բոլոր քրիստոնեական եկեղեցիների ցանկը, որն ընդամենը 151 անուն է պարունակում (պարբերականը ընդգծում է, որ ցանկում ներառված չեն միայն վերջին տարիներին կառուցված քրիստոնեական մի քանի եկեղեցիները): Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի այն հարցին, թե` «մինչեւ 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000-ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում որպես եկեղեցիներ», Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել էր, թե` դրանց մեծ մասը, իսկ օրեր առաջ որոշակի ճշտումներ էր մտցրել իր պատասխանի մեջ, բայց այդուհանդերձ ուռճացրել էր Թուրքիայում այժմ գործող եկեղեցիների թիվը: «Ձեր թույլտվությամբ ես հնարավորությունից կօգտվեմ` տվյալների մեջ ճշտումներ մտցնելու համար: Մինչեւ 1915թ. Թուրքիայում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը որպես եկեղեցիներ այլեւս չեն գործում: Թուրքիայում քրիստոնեական համայնքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 1915թ.-ից եւ ավելի վաղ ժամանակաշրջանից հիշատակվող 200-250 եկեղեցի տարին առնվազն մեկ անգամ կրոնական պատարագներ են կազմակերպում: Շատ եկեղեցիներում ամեն շաբաթ ժամերգություն տեղի չի ունենում` հոգեւորականների եւ քրիստոնյա բնակչության ոչ բավարար քանակի պատճառով: Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մյուսները մզկիթների են վերածվել: Մի մասն էլ խարխլվել է, կամ, հավանաբար, ամբողջությամբ ոչնչացվել»,- իր պատասխանում նշել էր դեսպանը: