«Օրրանին»` 150.000 դոլար

25/08/2011

Օգոստոսի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում շուրջ 310 հանդիսականների ներկայությամբ կայացավ արդեն ավանդական դարձած «Օրրան» կենտրոնի 6-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման ամենամեծ անակնկալը «Վիվա Սել-ՄՏՍ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին «Օրրանի» բարձրագույն պարգեւի` «Օրրան-Գրիգորյան» պատվո մրցանակի շնորհումն էր: Այն, ըստ կազմակերպիչների` նախատեսված է «Օրրանին» 200.000 դոլարը գերազանցող նվիրատվություն կատարած անհատների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ձեռքի ափն ու բռունցքը միաձուլող «Մենք ենք» քանդակի հեղինակն է Կարեն Բաղդասարյանը: Պարգեւը հանձնեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ եւ մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն:

«Աղքատ լինելը ամոթ բան չէ, ավելի ամոթ է գիտակցել այդ ամոթը եւ ոչինչ չանել` օգնելու մուրացիկ երեխաներին»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը: Ի դեպ, երեկոյի ընթացքում պարոն Յիրիկյանը նվիրաբերեց 110,000 ԱՄՆ դոլար, որից 100,000 ԱՄՆ դոլարը` «Վիվա Սել-ՄՏՍ»-ի, իսկ 10,000 ԱՄՆ դոլարը Յիրիկյան ընտանիքի կողմից էր: Հայաստանի մուրացիկ ու կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու միասնական գաղափարն իր շուրջն էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, անվանի արվեստագետների, տեղական խոշոր կազմակերպությունների եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների: Երեկոյի ընթացքում իր հուզմունքն ու գոհունակությունն արտահայտեց «Օրրանի» հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովաննիսյանը. «Անչափ ուրախ եմ, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում «Օրրանի» կողքին կան սատարողներ, ովքեր մշտապես պատրաստ են օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով խավի երեխաներին ու օգնել իրականացնել փոքրիկների թերեւս անհնարին թվացող երազանքները»: Այնուհետեւ հանդիսավարներն ազդարարեցին երեկույթի ամենասպասված մասը` կենդանի աճուրդը: Աճուրդին ներկայացված մրցանակների գլխավոր եռյակը անվանի նկարիչներ Արթուր Սարգսյանի, Գարիկ Կարապետյանի եւ քանդակագործ Աշոտ Հարությունյանի բացառիկ թանկարժեք գործերն էին, որոնք արվեստագետները մեծ սիրով նվիրաբերել էին «Օրրանին»: Ըստ «Օրրան» կենտրոնի նախագահ Արմինե Հովհաննիսյանի` այս տարվա «Օրրանի» 150 սաների սննդի համար հանգանակելու բարեգործական ընթրիքի գերխնդիրը կյանքի կկոչվի մի շարք անհատների եւ կազմակերպությունների շնորհիվ, որոնց թվում են` Յիրիկյան ընտանիքը, Գարո Արմենը, «Մերի Քեյը», «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «HSBC» բանկը, «Կասկադ Ինշուրանսը», «Մարիաննա կաթնամթերքը», «Արպեգ» ոսկերչական զարդերի ընկերությունը, «KPMG»-ը, Գարեգին եւ Մարալ Օդաբաշյանները, Գարո եւ Արսինե Նալբանդյանները եւ այլք: Ի դեպ, միջոցառման ընթացքում ընդհանուր առմամբ` հանգանակվեց 150,000 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ կուղղվի «Օրրանի» շահառու երեխաների եւ ծերերի համար ամենօրյա սննդի, առողջապահական-հոգեբանական եւ այլ անհրաժեշտ ծառայությունների իրականացմանը: