«Շոգ ա, ինձ մի բաժակ ջուր կտա՞ք»,- դիմում եմ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Արփենիկ Մելքոնյանին: «Վայ, միակ բանն ա, որ կարող եմ մարդկանց տալ, իհարկե` կտամ»,- պատասխանում է` կապրոնե տարայից բաժակի մեջ ջուր լցնելով: Տարօրինակ, անդուր համով ու հաստատ մի քանի օրվա ջուր է: Արփենիկը հազվադեպ է իր վագոն-տնակից դուրս գալիս, այն էլ` դույլերով ջուր կրելու պատրվակով: Արդեն քանի ամիս է` փակվել է տնակում ու չի ցանկանում մարդկանց հետ շփվել, խոսել, թեթեւանալ: Թիվ 122 վագոն-տնակում գիշեր-ցերեկ լույսը մարած է: Մթության մեջ կծկված միայնակ այս կինը վախենում է էլեկտրականություն ծախսել: «Ամեն իրիկուն մթի մեջ եմ մնում, որ հոսանքի փող չգա: Ճիշտն ասած` էս պուճուր տան մեջ ամեն ինչն էլ անգիր արած եմ շարժվում, սովորել եմ անլույս ապրելուն»,- ասում է նա: Իր պատմությունը թաքցրել է տնակում, իսկ դուռն այնպես է կողպել, որպեսզի պատմությունը հանկարծ չփախչի ու Սպիտակի առանց այդ էլ դաժան պատմություններով հագեցած փողոցներում չշրջի: Հակառակ դեպքում` բոլորը դրա մասին կխոսեն, հարցեր կտան, ու իր վերքն ավելի կխորանա: Դրա համար էլ տեւական ժամանակ է, ինչ ինքն իրեն պատժել է, դուռը ներսից փակել է: Արփենիկն այլեւս չի գիտակցում` դիմանո՞ւմ է, թե՞… Բայց փայտե վագոն-տնակը ծերացել է: Էլ չի դիմանում տանտիրոջ տառապանքներին: Տնակն էլ ուժ չունի: Թեեւ 20 տարուց ավելի դիմացել է անձրեւներին, ձյանն ու փոթորիկներին, բայց իր մեջ թաքցրած մարդու արցունքների դառնությանն այլեւս չի դիմանում: «Առաջ երազում էի էս վագոն-տնակից դուրս գալու, մարդավարի ապրելու մասին, բայց հիմա… Հիմա միակ բանն ա, որ ունեմ, ամեն ինչ կորցրեցի` տղայիս, միակ տղայիս»: Արփենիկի վագոն-տնակի դուռը մի օր կբացվի: Դուռը սպասում է այն մարդուն, ում ետեւից ինքը պինդ փակվել է ու ներսում թաքցրել է Արփենիկի վիշտը: Հարեւանուհին` տիկին Վալյան, ասում է` «Մենք իրա մասին բան չենք իմացել: Ճիշտ ա, էսքան տարի մի տարածքում ենք ապրել, բայց տեղյակ չենք եղել, թե էս կնոջ հետ ինչեր ա կատարվել: Մի օր, էս վերջերս, մարշրուտկի մեջ էինք, սիրտը վատացավ, ահավոր էր, ուշաթափության հասավ: Տարանք, օգնություն ցույց տվեցինք ու բերեցինք տուն: Սկսեց պատմել, թե գլխով ինչեր ա եկել: Նոր եմ իմացել, թե ինչեր ա քաշել: Ախր, գոնե մեկին պատմեր, մի մխիթարական խոսք կասեինք, կթեթեւանար: Ամբողջ էս ընթացքում, մենակության մեջ ա` իրա ցավի հետ: Լավ ա` չի խելագարվել: Մենք էլ գիտենք` երեխեն բանակում ա, դու մի ասա…»: Միակ որդին` Միհրանը, զինվորական ծառայությունն էր անցկացնում Իջեւանում: «Ամեն ինչ լավ էր, հանգիստ ծառայում էր Միհրանս: Մեկ տարի հետո եկավ օտպուսկ, լավ էր, ոչ մի դժգոհություն չհայտնեց, ու ես էլ` հանգիստ էի, որ նորմալ ծառայում ա: Օտպուսկից գնալուց հետո մեկ շաբաթ անց փախել ա զորամասից: Ես դա ահագին հետո եմ իմացել»,- ասում է Արփենիկը, ում պատմելով, վիճաբանության արդյունքում Միհրանը դիմել է փախուստի` հակառակ դեպքում տղայի կյանքին վտանգ էր սպառնում: Տիկին Արփենիկը վստահեցնում է, որ արձակուրդից հետո զորամաս ճանապարհելուց ի վեր ինքը կարծել է, թե Միհրանը ծառայության մեջ է, բայց միայն վերջերս է իմացել, որ նա Երեւանում ինչ-որ մեկի տանը թաքնված է եղել: Հոկտեմբեր ամսին Միհրանը գնացել է տուն` մոր մոտ, ով իմանալով որդու փախուստի մասին` ստիպել է հանձնվել իրավապահ մարմիններին: «Ինքը ինձ ոչինչ չպատմեց, թե իրականում ինչ ա եղել, ասում էր` դու չես հասկանա: Ինչքան ստիպում էի, որ գնար հանձնվեր` չէր համաձայնվում: Ասում էր` ճշմարտությունը չի բացահայտվելու: Գնաց նորից Երեւան, ու բռնեցին: Ում տանը մնացել ա` նա էր մատնել: Ես չգիտեմ, ահավոր վիճակում եմ, ի՞նչ անեմ, ասեք, ո՞վ իմ ցավին դարման կանի: Մենակ էն գիտեմ, որ զորամասի մեծավորներն են կռիվ սարքել, բայց իրականում, թե ինչ ա եղել` տեղյակ չեմ»,- ասում է Արփենիկը, ով կարողացել է դատավարության ընդամենը երկու նիստի մասնակցել, քանի որ գործը քննվել է Իջեւանի ընդհանուր իրավասության, այնուհետեւ ՀՀ Վերաքննիչ դատարաններում: Ասում է` «Երկու անգամ, սրանից-նրանից պարտք եմ արել, որ կարողանամ տրանսպորտի փող ճարեմ ու գնամ: Էլ չեմ կարողացել, մի կոպեկ չճարեցի»: Միհրանին դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման, սակայն մայրն անգամ չգիտի, թե որդուն որ հոդվածով են դատել: 58-ամյա այս կինը ներկայումս ապրում է առանց դրամի: Աղքատության նպաստ չի ստանում, թեեւ խոստացել են գործերը «դասավորել»: Սրտի ծանր հիվանդություն ունի, պարբերաբար նոպաներից հատակին թավալվում է, սակայն անգամ հիվանդանոց չի գնում. «Դեղեր են նշանակել, բայց եթե մի կոպեկ չունեմ` ինչո՞վ առնեմ: Առաջ գոնե երեխես տեր էր կանգնում, գիտեի, որ մենակ չեմ, ինչ էլ լինի` մեկը կա կողքիս, բայց հիմա…»: Հիմա ապրում է տնակի դիմաց` հողամասում մի քանի մարգ ցանած կարտոֆիլով: Միհրանը մորը տիրություն էր անում: Մինչեւ բանակ գնալն Ամասիայում անասուն պահելով գումար էր վաստակում: Էս վերջերս կալանավայրից զանգահարել, մորը խնդրել է իրեն այցելել, սակայն հասկանալով, որ անհնար է` միայն ասել է, որ կարոտել է, ուզում է կարոտն առնել: Միհրանը մորը խնայելով` ոչինչ չի պատմել` գիտակցելով, որ նրա հիվանդ սիրտը չի դիմանա: Մինչդեռ մայրն անորոշությունից ավելի է տառապում: «Էնպես ստացվեց, որ հայրը մահացավ, ու ինքը գնաց բանակ: Ինձ ասում էր` չմտածես, ամեն ինչ լավ կլինի, կապրենք: Ասում էր` մենակ էս երկու տարին առանց ինձ դիմացի: Երկու տարին դարձավ հավերժություն: Վախենամ չդիմանամ էնքան` մինչեւ դուռս բացի: Ճառագայթվող առիթմիա ունեմ, սրտի պրոբլեմից ոտքերս, մարմինս էլ ա ուռում: Խեղճ երեխուս գլխով ինչեր ա եկել, որ դիմել ա փախուստի»,- լաց լինելով ասում է տիկին Արփենիկը, ով մինչ օրս չգիտի, թե իրականում ի՞նչն է ստիպել որդուն զորամասից փախուստի դիմել, այնուհետեւ երկար ժամանակ թաքնվել մայրաքաղաքում` ուրիշի տանը: Հարեւաններն ասում են, որ Միհրանը դաստիարակված, խելոք եւ դրական վարքագիծ ունեցող մարդ է եւ երբեւիցե վիճաբանությունների հեղինակ չի եղել: ՀՀ Վերաքննիչ դատարանում Միհրանը մորը մի բան է խնդրել` ցանկացած գնով իր նամակը փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարին. «Իր ձեռագրով գրված նամակ էր, ասեց` մամ ջան, մի բան արա, մի ձեւ գտի ու էս նամակը հասցրու նախարարին»: Ամիսներ են անցել, սակայն նամակը մինչ օրս գտնվում է տիկին Արփենիկի մոտ: Ասում է` մինչեւ հիմա տրանսպորտի գումար չի կարողացել հայթայթել Սպիտակից Երեւան հասնելու եւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին այն փոխանցելու համար: Ինչեւէ, Միհրանի նամակ-զեկուցագիրը` ուղղված Սեյրան Օհանյանին, տպագրում ենք, քանի որ այն կարող է էական նշանակություն ունենալ զինվորական այդ գործի համար. «Պարոն նախարար, ես` շարքային Միհրան Մելքոնյանս, ծառայության եմ անցել Սպիտակ քաղաքի ՏԶԿ-ից: Հուլիսի 4-ին ինձ տարան իմ զինվորական պարտքը կատարելու: Ես ծառայության անցա թիվ N զորամասում: Այնտեղ ես անցա իմ ուչեբկան: Ինձ տեղափոխեցին ուրիշ զորամաս, որտեղից սկսվեցին իմ պրոբլեմները: Ես զինվորների կողմից տարբեր առաջարկություններ ստանալու համար դատապարտվեցի (1 ամիս), չեմ ասում, թե ինչ առաջարկներ: Ես ոչինչ չկարողացա ապացուցել: Ես պատմեցի իրավապահ մարմիններին. դրանից հետո զինվորները տարբեր կարծիքներ էին արտահայտում իմ մասին: Ինձ տեղափոխեցին Իջեւանի զորամաս եւ մոտակա 6-7 ամիսները շատ լավ էին ինձ համար: Ես մոտեցա գումարտակի հրամանատար, մայոր Դալլաքյանին, ասեցի` պրն մայոր, ինձ ազատման թերթիկ կտա՞ք: Մեջբերում եմ պրն մայորի բառերը, ասեց` «սիքտիր եղի իմ կաբինետից»: Ես գնացի չայնի, որտեղից վերադառնալիս ինձ իր մոտ կանչեց մայոր Դալլաքյանը: Գնացի, բռնեց ձեռքիցս ու կանչեց Գեւորգյանին: Գեւորգյանի գալուց հետո մայոր Դալլաքյանը թեքվեց ու ասաց` «Գեւորգյան, բա էս բոզը քո մոտից չի՞»: Ես ասեցի` պրն մայոր, ինչի՞ եք վիրավորում: Նա պատասխանեց` «որովհետեւ դու թիվ N զորամասում 5 հոգու դատել ես»: Քանի որ Միհրան Մելքոնյանի ձեռագիրը դժվարընթեռնելի է, շարունակում ենք ներկայացնել այն, ինչը շարադրված է նամակում, սակայն որոշ կրճատումներով: Վերջինս զեկուցագրում մանրամասն ներկայացնում է, թե ճաշարանից վերադառնալուց հետո Դալլաքյանն ինչպես է հրամանատարական կազմի մոտ նրան դաժան ծեծի ենթարկել: Միհրանը նկարագրում է, թե ինչ վնասվածքներ է ստացել` «Ինձ շարքից հանեցին, մայոր Դալլաքյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո թե ինչ ցավերի եմ արժանացել…»: Այնուհետեւ գումարտակի, դասակի, վաշտի հրամանատարների ներկայությամբ Դալլաքյանը Միհրանին ասել է` «Գնա ում ուզում ես բոզցի»: Միհրանը նամակում նշում է, որ այլեւս չկարողանալով այդ նվաստացումները հանդուրժել` որոշել է լքել զորամասը, քանի որ Դալլաքյանն աջ ու ձախ իրեն «բոզ» է անվանել: Զորամասից փախուստի դիմելուց հետո նա հանգրվանել է մայրաքաղաքում բնակվող ծանոթի տանը եւ տնային բուժումներով սկսել է ոտքի կանգնել: «Որոշ ժամանակ անց ինձ բռնեցին ու տարան մոտակա Ոստիկանություն: Ողջ ճշմարտությունը պատմեցի, եւ ինձ հարցրեցին` դու բողոքներ ունե՞ս քեզ ծեծողների դեմ: Ասեցի` այո,- գրում է Միհրանը, ում հարցաքննություններից հետո տեղափոխել են զորամաս, այնուհետեւ,- Ես մայոր Դալլաքյանին ասացի` ինձ կհանեք պոստեր, եւ ես սկսեցի պատրաստվել պոստեր գնալու համար: Մայոր Դալլաքյանն ինձ ասաց` «Ես իմ հետ բոզեր չեմ հանում պոստեր»: Նրան պատասխանեցի` «Բոզը դու ես», ու նա ինձ ավելի դաժան սկսեց ծեծել: Ասում էր` ամեն տեղ էլ ծանոթ ունեմ, գնա ում ուզում ես ասա: Ես նորից փախա ու էլ չվերադարձա զորամաս: Պրն նախարար, միայն դուք կարող եք լուծում տալ այս հարցին: Խնդրում եմ, նամակս առանց պատասխան չթողնեք եւ մեղավորներին պատժեք»:
Վստահ ենք, որ Միհրան Մելքոնյանի այս նամակը կհասնի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, եւ զինվորի գործին արդարացի ընթացք կտրվի: