Այս տարվա մայիսի 3-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցածը, մեղմ ասած՝ ցնցեց հանրապետությունը: 7-ամյա Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին այն ժամանակ դեռ 4-ամյա Նարեկ Դարբինյանին (Ախուրյանի բնակիչ Նարեկը ծնվել է 2006թ. հուլիսի 12-ին): Վերջինս 2008թ. նույն հիվանդանոցում ենթարկվել էր թոքի վիրահատության, որից հետո ծնողները երեխային պարբերաբար տանում էին հիվանդանոց առողջական վիճակը գնահատելու համար: Ինչեւէ, Նարեկի մոր՝ Հերմինե Դարբինյանի փոխանցմամբ՝ միայն իրենց միջամտությամբ վիրահատությունը դադարեցվեց ժամանակին: Իհարկե, բժիշկները երեխայի աճուկային հատվածում արդեն ճեղքվածք էին բացել: Կատարվածի առնչությամբ մայիսի 20-ին ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Երեկ մենք փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ որեւէ տեղեկատվություն չեն կարող առայժմ հաղորդել, բացի սրանից, որ նշանակվել է հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություն է: Դեպքից անմիջապես հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ բժշկական այդ կենտրոնի վիրաբուժական եւ վիրահատական բաժանմունքներում թույլ տրված բացթողումների եւ սխալների հետեւանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար աշխատանքից ազատվել կամ խիստ նկատողություն են ստացել մի շարք աշխատակիցներ: «Մասնավորապես՝ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը»,- ասված էր քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Երեւանի քաղաքապետի հրամանով Բժշկական կենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Ընդ որում՝ խիստ նկատողություն է հայտարարվել նաեւ բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թույլատրելով Ա. Կարապետյանին` որպես վիրաբույժ, իսկ Ա. Հարությունյանին` որպես բուժքույր աշխատելու: Ինչպիսի՞ն կլինի քրեական գործի ելքը, ովքե՞ր կպատժվեն, դեռեւս անհայտ է: Բայց հայտնի է այն, որ այս դաժան պատմության մեջ միակ տուժողը 5-ամյա Նարեկն է, ով մինչ օրս հոգեկան ծանր վիճակում է: Երեկ մեզ հաջողվեց զրուցել Նարեկի մոր՝ Հերմինե Դարբինյանի հետ, ով հուզված վերհիշեց կատարվածը.
– Ես ու ամուսինս 6 ամիսը մեկ անգամ երեխային տանում ենք ռենտգեն ստուգման: 3 տարի առաջ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում Նարեկը վիրահատվել էր՝ թոքի վրա էխինոկոկ կար: Շատ ուշադիր էինք, ամեն անգամ տանում էինք նկարելու, որ հանկարծ չկրկնվի: Երբ մայիսի 3-ին գնացինք հիվանդանոց, մեզ ասացին, որ Նարեկի բժիշկը մահացել է: Մենք միշտ 5-րդ հարկ էինք գնում: Այդ օրը մեզ ասացին, որ բժիշկը մահացել է, բացի այդ, 5-րդ հարկը վերանորոգվում էր, եւ բարձրացանք 6-րդ հարկ: Ժամը 9:30 էր, բժիշկները հերթով դուրս էին գալիս մի կաբինետից՝ երեւի ինչ-որ աբխոդ էր: Հետո ասացին, որ այդ օրվա բժիշկը մի տարիքով բժիշկ է, որի հետ խոսեց ամուսինս: Բժիշկն ասաց, որ իջնենք 5-րդ հարկ՝ ռենտգեն անելու: Մենք 6-րդ հարկից ուզում էինք իջնել 5-րդ հարկ, բուժքույրը դուրս եկավ, ասաց, որ իր հետեւից գնանք: Մեզ տարավ 4-րդ հարկ, չնայած մենք անգիր գիտեինք, որ ռենտգենի սենյակը 5-րդ հարկում էր: Երբ ասացինք, որ ռենտգենի սենյակը 5-րդ հարկում է, բուժքույրն ասաց. «Ես լավ գիտե՞մ, թե՞ դուք»: Մեզ կոպտեց, ես էլ ամուսնուս ասացի՝ «Արկադի՛կ, սուս, կարող է օրենքը, կարգը փոխվել է, մենք ի՞նչ իմանանք՝ մի տարի է՝ չենք գալիս»: 4-րդ հարկ իջնելիս ամուսինս կրկին ասաց, որ ռենտգենի սենյակը 5-րդ հարկում է, ինչո՞ւ ենք իջնում 4-րդ հարկ: Բուժքույրը կրկին ասաց, որ իրեն հետեւենք: Նարեկն էլ գրկիս էր ու անընդհատ լացում էր: Երեխան հիվանդանոցից վախենում էր:
– Նարեկը տան միա՞կ երեխան է:
– Ոչ, բացի Նարեկից` մի տղա էլ ունեմ՝ Վալենտինը, որը Նարեկից մեծ է 1 տարով: Երբ վիրահատարանի դուռը բացեցին, ես ասացի, որ այնտեղ են վիրահատել երեխային: Ընդ որում՝ մենք միշտ տվել ենք երեխայի անունը: Հետո բուժքույրն ասաց՝ տվեք ինձ երեխային: Ես էլ ասացի՝ չեմ տալիս, ես երեխայի հետ եմ գալիս: Երեխան վախեցած լաց էր լինում, եւ ես միշտ նրա հետ էի գնում ռենտգեն անելիս: Բայց բուժքույրը թույլ չտվեց ինձ՝ ասելով, թե մայրը չի կարող գալ այս հագուստով, այս ոտքերով: Երեխային քաշեց՝ չթողնելով որեւէ բան բացատրել: Ներսից մի ուրիշ բուժքույր եկավ: Այդ բուժքրոջ հետ երեխային ներս քաշեցին ու դուռը փակեցին: 5 րոպե անց երեխայի ձայնը կտրվեց: Ամուսնուս ասացի՝ տեսնես ի՞նչ են արել, որ երեխայի ձայնը կտրվեց: Ամուսինս էլ, թե կարող է կոնֆետ-բան են տվել:
– Այսինքն՝ Դուք Նարեկի հետ միշտ մտնո՞ւմ էիք ռենտգենի սենյակ:
– Այո, միշտ մտնում էինք: Երեխայի մի ձեռքը բռնում էր ամուսինս, մյուսը՝ ես: Վիրահատությունից հետո երեխան շատ էր փոխվել: Երբ տանը Երեւանի անունն էինք տալիս, արդեն հասկանում էր, որ պիտի հիվանդանոց բերենք:
– Հերմինե, ըստ մամուլում տպագրված լուրերի՝ բուժքույրը Նարեկին ուղղակի շփոթել էր 7-ամյա Գեւորգի հետ: Ճի՞շտ էր արդյոք այդ տեղեկատվությունը:
– Երբ ես գնացի Քննչական վարչություն, այնտեղ քննիչն ասաց, որ բուժքույրն ասել էր, թե իբր ինքն ասել էր` Գեւորգ Մովսիսյան, եւ մենք ենք երեխային տարել: Ես էլ ասացի՝ թող սուտ չխոսեն: Ոչ մի ծնող ուրիշի երեխայի անվան տակ իր երեխային չէր տանի վիրահատարան: Ես տասը անգամ Նարեկի անունը տալիս էի, ասում էի՝ «Նարեկ ջան, մի լացիր»: Նարեկ անունը հենց բուժքրոջ բերանից էլ դուրս եկավ, նույնիսկ նա չգիտեր այն երեխայի անունը, ում պետք է տանեին վիրահատարան:
– Իսկ չտեսա՞ք, որ այն սենյակը, որտեղ տանում են Ձեր երեխային` վիրահատարան էր:
– Այո, մենք տեսանք, որ գրված էր` վիրահատարան, բայց բուժքույրն ասաց, որ մենք չգիտենք, եւ պիտի տանք երեխային: Նա չթողեց էլ պատասխանենք: Ես ու ամուսինս զարմացած էինք, որ Երեւանում նման վարվելաձեւ կա:
– Հետո ինչպե՞ս հասկացաք, որ վիրահատում են երեխային:
– Երեխային ներս տանելուց 20 րոպե անց բացեցինք վիրահատարանի դուռը: Շատ անհանգիստ էինք, մտածում էինք, թե այդ ի՞նչ նոր սարքավորումներ են, որ նկարելն այդքան երկար է տեւում: Վիրահատարանի դուռ բացեցինք ու տեսանք բերանը փակ մի տղամարդ: Սկզբից չհասկացա, թե ի՞նչ է կատարվում: Այդ օրը մենակ մենք էինք կանգնել վիրահատարանի մոտ: Հետո ասացին՝ ա՞ջ կողմը, թե՞ ձախ, ու նորից դուռը փակեցին: Ամուսինս ասաց՝ ի՞նչ աջ ու ձախ, ես իմ էրեխուն ուղարկել եմ նկարելու: Այդտեղ հասկացանք: Դուռը զարկեցինք, բայց չէին բացում: Կոշիկս հանեցի ու զարկեցի դուռը, ասացի՝ էս ի՞նչ եք անում, սխալ երեխայի եք տարել: Ներսից նորից դուռը փակեցին՝ ասելով, թե հո` հիմար չե՞նք: Հետո ասացին, թե այնտեղ Նարեկ չկա, ի՞նչ Նարեկ: Մենք էլ ասացինք, որ քույրը երեխային գողացավ: Ի պատասխան դրա՝ ասացին, թե ո՞նց կարող էր բուժքույրը երեխային գողանալ, երբ նա մտել էր այդ սենյակ եւ դուրս չէր եկել: Ես գտա բուժքրոջը, հարցրեցի, թե ո՞ւր է երեխան, որ տվել էի: Քույրն ասաց, որ ես իրեն երեխա չէի տվել: Հետո բուժքրոջ մազերից բռնեցի, ասացի՝ դու ես տարել: Այդ ժամանակ ասաց, որ տարել է վիրահատարան: Դրանից հետո ես ուշագնաց եղա, եւ արթնացա ավտոմեքենայի մեջ, երբ երեխան արդեն ինձ մոտ էր:
– Եթե ուշ միջամտեիք՝ ի՞նչ կլիներ երեխայի հետ:
– Տնօրենը եկավ մեր տուն` իր աչքով տեսնելու Նարեկին: Նա ասաց, որ երեխան կխեղդվեր, եթե նարկոզն ուժեղացնեին: Նարեկն 9 վիրահատական կար արդեն ուներ աջ ձեռքի տակ, եւ եթե ուշադիր լինեին՝ կտեսնեին: Իսկ կտրվածքն արել էին աջ աճուկի մոտ: Եթե մենք ուշ միջամտեինք, երեխան չէր փրկվի, կխեղդվեր, հատկապես, որ կուշտ հաց էր կերել, ընդ որում՝ նարկոզն էլ տվել էին ոչ թե 5, այլ 8 տարեկանի համար: Իսկ վիրահատությունը կանգնեցրեց ամուսինս:
– Իսկ ինչպե՞ս է հիմա երեխան:
– Երեխան շատ նյարդային է դարձել, ամեն մի հասարակ բանից վախեցած է: Դեպքից հետո 3 օր չէր խոսում: Մենք Գյումրու հիվանդանոց տեղափոխեցինք երեխային, որ մոռանար դեպքը: Թե՛ երեխան, թե՛ ես ու ամուսինս պետք է հոգեբանի հետ խոսեինք: Երեխան նույն վիճակում է: Հացի փուռի մոտով անցնելիս վախենում է, ասում է՝ արի չանցնենք այդ կողմով: Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ էնտեղ բժիշկներ կան: Ինչքան էլ համոզում ենք, որ նրանք բժիշկներ չեն, այլ սպիտակ խալաթով հաց թխողներ, չի համոզվում:
– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ պատիժ պետք է կրեն այն մարդիկ, ովքեր Ձեր երեխային սխալմամբ վիրահատել են:
– Ովքեր մեղավոր են, թող պատժվեն, իսկ ովքեր մեղավոր չեն, թող չպատժվեն: Նույնիսկ հիվանդանոցի տնօրենը մեր տուն եկավ, իսկ երեխային վիրահատող բժիշկը մի անգամ չեկավ երեխային տեսնելու: Բուժքույրն էլ պետք է պատժվի, քանի որ սուտ է խոսել: