«Ես որբ չեմ, բայց…»

25/08/2011

Օրերս «168 Ժամ» թերթը նամակ է ստացել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Հերմինե Մախսուդյանից: Հերմինեն մեզ մի նամակ է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորեւ, եւ իր երկու տարեկան երեխայի լուսանկարները: Մեզ հետ հեռախոսազրույցում նա խնդրեց պարզապես տպագրել իր այդ նամակը, եւ չցանկացավ որեւէ բան ավելացնել:

«Ես արդեն երկու տարեկան եմ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել իմ հայրիկին` չնայած նա կենդանի է: Ծննդատունը, որտեղ ես ծնվել եմ, ընդամենը հինգ կմ է հեռու հորս տնից: Այդուհանդերձ ոչ հայրս եւ ոչ էլ իր հարազատներից որեւէ մեկը չեկան ինձ տեսնելու: Դեռ ավելին` հայրս հրաժարվեց ինձ տալ իր ազգանունը: Ինչու… Այդ բարդ եւ լիարժեք պատասխան չունեցող հարցին կփորձի ինչ-որ չափով պատասխանել մայրիկս: (Հերմինե Մախսուդյան) – Ես 32 տարեկան եմ: Մասնագիտությամբ մանկավարժ եմ: Մեր գյուղի դպրոցում դասավանդում եմ մաթեմատիկա եւ ֆիզիկա: Վատ տեսողության պատճառով երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Ամուսնանալու որոշում կայացրել եմ 3 տարի առաջ` հաշվի առնելով փոխադարձ սիրո եւ հարգանքի առկայությունը եւ երկու կողմերի ծնողների համաձայնությունը: Ամուսնացա: Թվում էր` ես գտել եմ իմ երազած ընտանիքը եւ երջանկություն կոչվածը: Սակայն ջերմ հարաբերությունները եւ փոխըմբռնումը շարունակվեցին ընդամենը 3 ամիս: Ամուսինս ժամանակավորապես մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու նպատակով. մինչ այդ իր հայրն էր հոգում ընտանիքի ծախսերը: Դրանից հետո, անտեսելով իմ հղի լինելու հանգամանքը, ամուսնուս մայրը սկսեց վատացնել մեր հարաբերությունները: Ըստ նրա` ծննդաբերության ժամանակ ես կուրանալու էի եւ արատավոր երեխա էի ունենալու: Օրեր անց ես տեղափոխվեցի եղբորս բնակարան:

Նամակս գրելու նպատակը բնավ իմ կրած ծանր հոգեկան ապրումները եւ ոչ էլ ծննդատանը զգացած անսահման վիրավորանքն ու լքվածությունը ներկայացնելը չէ: Պրոբլեմը կայանում է նրանում, որ մի հարկի տակ ապրում է 3 ընտանիք` եղբայրս, կինը, իրենց 3 երեխաները, հայրս, մայրս, տատս, ես եւ աղջիկս` 10 հոգի: Ընդ որում, հայրս ծանր հիվանդ է, մայրս աշխատում է դպրոցում` որպես ուսուցչուհի, եղբայրս եւ կինը չեն աշխատում: Ես իմ աշխատավարձով հազիվ եմ հոգում երեխայիս կարիքները եւ երբեք չեմ կարող լուծել առանձին բնակարան ունենալու խնդիրը: Այդ իսկ պատճառով դիմում եմ այն բարի կամքի տեր անհատներին, բարեգործական կազմակերպություններին, որոնք կարող են օգնել ինձ այդ խնդիրը լուծելու: Համոզված եղեք, որ դա կլինի Ձեր կյանքում կատարած ամենաաստվածահաճո գործը»: