Թանգարանային նմուշներ կամ՝ տարեցները Հայաստանում

25/08/2011

Տպավորություն է ստեղծվում, որ տարեցները հասարակությանը պետք են` իբրեւ սոսկ թանգարանային նմուշներ, ում հիշում ու հարցազրույց են վերցնում տարեկան մի քանի պատշաճ օրերի: Այդ դեպքում ինչո՞ւ է մարդկությունն ամբողջ աշխարհում ձգտում երկար ապրել եւ փորձում է բացահայտել երկարակեցության գաղտնիքները:

Մեր բնակչության երիտասարդության նկատելի հոսքն արտերկիր հանգեցնում է նրան, որ երկրում հիմնականում մնում են տարեցները, եւ նրանց թվաքանակը ավելանում է բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ: Արդյունքում` ավելանում է 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը: Բացի այդ, ցածր կենսամակարդակի պատճառով ընտանիքներում «օրվա հացի» խնդիր է առաջանում, եւ առաջին հերթին խոցելի թիրախ են դառնում տարեցները, որոնց վերաբերվում են որպես սպառող «ավելորդ բերանի»: Երկար տարիներ աշխատելուց հետո «ավելորդի» կարգավիճակում հայտնվելը հանգեցնում է դիմադրության եւ կոնֆլիկտի: Իրականում, մեր հասարակությունը, որի բնակչության 12%-ից ավելին 50 տարեկանից բարձր է` լուրջ մտահոգության առիթ ունի: Եվ ահա թե ինչու:

Դեռեւս 2004թ., նշանավոր վիրաբույժ Ֆյոդոր Ուգլովը, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված իբրեւ աշխարհի ամենատարեց գործող վիրաբույժ` 104 տարեկան, «Մարդուն դարն էլ է քիչ» իր աշխատության մեջ գրել է. «Հասարակության ծերացման խնդիրը պետք է լինի աշխարհի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում: Եվ չնայած դրան, որ նրանց տոկոսն այնքան էլ մեծ չէ ամբողջ բնակչության համեմատությամբ, բայց եւ, նրանց բացարձակ թիվը տպավորիչ է, եւ այն զգալիորեն աճում է»: Նրա հաշվարկներով, արդեն 2000թ. տարեցները կազմելու էին աշխարհի բնակչության 9,3%-ը, կամ 581 մլն մարդ: Դրան գումարում ենք նաեւ անցած տասը տարիները: Նրա պնդմամբ, խնդրի լուծմանն անհրաժեշտ է պետական մակարդակով միջամտություն:

Տարբեր երկրներում, ուր թոշակի անցնելը պայմանավորված է սոցիալական քաղաքականությամբ, հետզհետե ավելի շատ են տարեց մարդիկ դժվարություններ կրում` տնտեսական բնույթի, ընդհուպ մինչեւ աղքատություն: Պատճառն ավելի, քան տեսանելի է. աշխատելու իրավունքից զրկված լինելը, անտրամաբանական կենսաթոշակներն ու նույնքան անտրամաբանական կոմունալ վճարումները: Համարվում է, որ տարեց մարդիկ կարող են աշխատել մինչեւ որոշակի տարիք, ընդ որում, տարբեր երկրներում` տարբեր սահմանափակումներ են: «Մինչդեռ, շատերը անցնում են թոշակի այնքան լավ վիճակում, որ կարող էին շարունակել իրենց աշխատանքն ամբողջ ծավալով: Այդպիսով, ստիպված լինելով կտրուկ դադարեցնել իրենց աշխատանքային գործունեությունը, նման մարդիկ հայտնվում են «ավելորդ բերանի» կարգավիճակում, եւ որպես հետեւանք, նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի անդառնալի վատթարացում»,- գրում է վիրաբույժ Ուգլովը:

ԱՄՆ-ում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 65 տարեկանից հետո աշխատանքային գործունեությունը շարունակող մարդկանց ակտիվությունն ընկնում է միջինը 25,8%, մինչդեռ աշխատանքը հարկադրաբար դադարեցրած տարեցների մոտ այն հասնում է 40%-ի:

Ակադեմիկոս Դ. Չեբոտարեւը նույն թեմայի վերաբերյալ գրում է. «Աշխատանքը հարկադրաբար թողած թոշակառուների մոտ նկատելի է դառնում, այսպես կոչված, «թոշակային հիվանդություն»` կենսական տոնուսի կտրուկ անկում, սեփական անբավարար վիճակի գիտակցում, եւ որպես հետեւանք` ժամանակից շուտ ծերացում:

Հարկավոր է բացառել տվյալ մարդկանց հանդեպ սահմանափակումներն ու խտրականությունը` այդ թվում նաեւ ֆինանսական, եւ միայն այդ դեպքում երկիրը կունենա լրացուցիչ միլիոնավոր փորձառու մասնագետներ տարբեր բնագավառներում»:

Վերադառնանք վիրաբույժ Ուգլովի ուսումնասիրություններին. «Ինչո՞ւ քաղաքում ապրող տարեցներն այնքան երկարակյաց չեն, որքան գյուղում բնակվողները: Ինչո՞ւ գյուղերում մենք չենք տեսնում ոչնչով չզբաղվող տարեցների… Որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը աշխատանք է գտնում իր ուժերի չափով»: Տարբեր ազգերի սոցիալական մշակույթներում տարբեր կերպով է դրսեւորվում տարեցների հանդեպ պաշտամունքը: Օրինակ, հին հնդիկները բոլոր ժամանակներում մեծարել են ավագ սերնդի մարդկանց` իբրեւ իմաստության, մշակույթի, ավանդական գիտելիքներն ու դավանանքները կրողների: Չինաստանում, Ճապոնիայում եւ ասիական այլ երկրներում տարեցների հանդեպ վերաբերմունքը վերածվել է պաշտամունքի պետական մակարդակով:

Այսօր, Երկիր մոլորակում ամենաերկարակյացը ճապոնացիներն են: Նրանց կյանքի միջին տեւողությունը տղամարդկանց մոտ կազմում է 78.53 տարի, կանանց մոտ` 85.49, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհի երկրների կտրվածքով: Վերջին տարիներին, խոսելով տարեցների մասին, Ճապոնիայում ավելի հաճախ են սկսել օգտագործել «արծաթե տարիք» արտահայտությունը: Եվ ակնհայտ է, որ ճապոնական ասացվածքը` «Ճանաչել նորը` դառնալով անցյալին», լավագույնս ցույց է տալիս սերունդների կապը այդ երկրում: Ճապոնիայում Տարեցների մեծարման օրը` սիրված ու լուսավոր տոն է: Այդ օրը, նրանք ոչ միայն հարազատների, երեխաների ու թոռների ուշադրության կենտրոնում են, այլեւ առեւտրական ցանցերը զգալի զեղչեր են տրամադրում նրանց, բուժհաստատությունները անվճար բուժզննումներ են անցկացնում, որոշ կազմակերպություններ, հիմնադրամներ եւ տարբեր պետական կառույցներ նպաստներ են տրամադրում, եւ այլն, եւ այլն: Մի շատ հին ավանդույթի համաձայն, 5 անգամ ապրելով 12-ամյա շրջանը, ճապոնացին հասնում է 60 տարեկանի սահմանին եւ մտնում նոր փուլ` վերադարձ մանկություն: Նման վերադարձի հիշեցումը խորհրդանշում են կարմիր ժիլետն ու փոքրիկ կարմիր գլխարկը, որոնք նրանց են նվիրում հիմնականում թոռները: Այսօրինակ նվեր իր 60-ամյակին կարող է ստանալ անգամ տնօրենը կամ բուհի ռեկտորը: Նվերների գույնը փոխվում է ըստ տարիքի: 70 եւ 77-ամյակներին պատրաստում են յասամանագույն, 80, 88 եւ 90-ամյակներին` դեղին, դե, իսկ 99-ամյակին նվիրում են սպիտակ ժիլետ ու գլխարկ:

Ճապոնիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` սպիտակ ժիլետ եւ գլխարկ ստացածների թիվն ավելի քան 25.554 է, այլ կերպ ասած` յուրաքանչյուր 100 հազար ճապոնացիներից 20-ը` երկարակյաց է: Բնակչության 20%-ը 65 տարեկանից բարձր է, եւ այդ թիվն ամեն տարի աճում է:

«Գուցե զարմանալի թվա, բայց 100 տարեկան մարդիկ, Երկիր մոլորակի առավել արագ աճող շերտն են կազմում: ՄԱԿ-ի բնակչության հարցերով զբաղվող բաժնի տվյալների համաձայն, 1998թ. 100 եւ ավելի մեծ տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կազմում էր 135.000: Ենթադրվում է, որ 2050թ. 100 եւ ավելի մեծ տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կհասնի 2,2 միլիոնի: Միտումն այս պայմանավորված է մահացության ընդհանուր մակարդակի նվազմամբ, մամուլում բժշկական տեղեկատվության լայն տարածմամբ եւ բնակչության իրազեկմամբ, ինչպես նաեւ` կրթվածության մակարդակի բարձրացմամբ ու կյանքը երկարացնելու մշտական ձգտմամբ: Ակնհայտ է, որ այսօր շատ 70 տարեկաններ ի վիճակի են անելու այն, ինչ 30 տարի առաջ կարող էին իրենց թույլ տալ 50 տարեկան մարդիկ»,- գրում են գիտնականներ Գ. Կրայգը եւ Դ. Բոկումը: Տարեցների խնդրին անմիջականորեն առնչվողը` կենսաթոշակների թեման է: Առավել պատկերավոր այն նկարագրելու համար դիմենք թվերի լեզվին: Ներկայացնենք 2011թ. ապրիլի 21-ին լույս տեսած` Դարյա Մովչանյուկի «Աշխարհի երկրների կենսաթոշակները» հոդվածում պատկերված աղյուսակը.

Երկիր Միջին կենսաթոշակը $/ամիս

Դանիա 2800
Ֆինլանդիա 1900
Նորվեգիա 1542
Իսրայել 1350
Գերմանիա 1200
Իսպանիա 1190
ԱՄՆ 1164
Շվեյցարիա 874
Շվեդիա 833
Ճապոնիա 717
Մեծ Բրիտանիա 700
Ֆրանսիա 700
Կանադա 677
Իտալիա 583
Հունգարիա 400
Լեհաստան 380
Լիտվա 298
Ռուսաստան 285
Բուլղարիա 280
Ղազախստան 210
Ադրբեջան 202
Բելառուս 175
Ուկրաինա 142
Արգենտինա 96
Մոլդովա 80
Ուզբեկստան 55
Վրաստան 40

Ինչպես նկատում ենք, Հայաստանն այդ աղյուսակում տեղ չի գտել: Գուցե հեղինակը ուղղակի չի՞ պատկերացրել, որ 40 դոլարից ցածր կենսաթոշակներ էլ են լինում: ՀՀ-ում, 2010թ. նոյեմբերից կենսաթոշակների չափն ավելացավ 2500 դրամով. նախկին 8000 դրամի փոխարեն` այն կազմեց 10.500 դրամ: Հավանաբար, կառավարությունը կարծում է, որ այսօրինակ անսպասելի շռայլությամբ լուծում է թոշակառուների սոցիալական խնդիրները: «Տարեցները արժանի են հարգանքի ու մեծարանքի» խոսքերը, ոչ միայն մեզանում կյանքի չեն կոչվում, այլեւ, առհասարակ, մոռացվում են: Նախորդ դարի 30-40-ականներին ծնվածներն, այսօր այն մարդիկ են, ովքեր ծնվել են մեր երկրի համար բարդ ու շրջադարձային ժամանակահատվածում: Իհարկե, կարելի է առարկել, ասելով` հիմա էլ հեշտ ժամանակներ չեն: Սակայն, չհամեմատենք անհամեմատելին: Նրանցից շատերի ծնողները անցել էին գաղթի կամ Հայրենականի բովով, տեսել շատ ցավ ու զրկանքներ: Սա` ամենամեծերի մասին: Չմոռանանք նաեւ նրանց, ովքեր Արցախյան պատերազմ մեկնեցին 40-ը բոլորած, ու այսօր նրանք էլ հատել են 60 եւ 60-ն անցի տարիքային շեմը:

Եվս մի դիտարկում: Այսօրվա գործատուները միաբերան հայտարարում են սկզբունքորեն երիտասարդ կադրերի պահանջարկի մասին` պարտադիր աշխատանքային հմուտ փորձով: Անհասկանալի է, թե այդ ի՞նչ աշխատանքային փորձի մասին են խոսում` նկատի ունենալով 25-35 տարեկան բարետես աղջիկների ու տղաների: Որեւէ մեկը դեմ չէ երիտասարդներին, սակայն միշտ էլ նախընտրելի է եղել, որ ցանկացած աշխատանք կատարի փորձառու մասնագետը: Այդքան անհրաժեշտ սերնդափոխության խնդիրը չպետք է իրականացնել «Մեկը մյուսի հաշվին» սկզբունքով, առանց լուրջ հանգամանքները հաշվի առնելու, առանց տարրական նրբանկատության: Ճշմարիտ է ասված` պետության մասին դատեք նրա թոշակառուների կենսամակարդակով: Չէ՞ որ հոգածություն ցուցաբերելով տարեցների հանդեպ, մենք հող ենք նախապատրաստում ինքներս մեզ համար: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ