1995թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Բոզե-կոնդենսացիա անվանմամբ ֆիզիկական երեւույթի փորձարարական իրականացումը ալկալիական մետաղների նոսր ատոմական գազերում: Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսատը (այսպիսին է լրիվ անվանումը) նյութի նոր վիճակ է, որը կարեւոր հետազոտական առարկա է ժամանակակից ֆիզիկայի զարգացման տեսակետից: 1996թ. հունվարից Արթուր Իշխանյանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել այդ երեւույթով, իսկ վերջին տարիներին բացառապես զբաղվում է դրանով՝ գործընկերների հետ Հայաստանում համատեղ զարգացնելով գիտական այդ նոր ուղղությունը:
– Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել այդքան երիտասարդ ուղղությամբ, այն էլ` Հայաստանի պես մի երկրում, որտեղ գիտությունը, մեղմ ասած՝ մղվել է ամենահետին պլան:
– Ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղված էի զենքի մշակմամբ, որից հետո վերադառնալով հիմնարար գիտություն՝ ինքս ինձ հարցնում էի, թե ինչո՞վ պետք է զբաղվեմ: Բավական ծանր ժամանակաշրջան էր, երբ ինստիտուտներն ու գրադարանները փակ էին, ամսագիր ու գիրք գտնելն ուղղակի անհնարին էր՝ կարդում էինք այն, ինչ պատահաբար գտնում էինք: Փնտրտուքների մեջ էի եւ հաջորդ տարիներին կատարեցի մի քանի գիտական փորձեր տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ հեղուկ բյուրեղների եւ մակերեւութային պլազմոն-պոլյարիտոնների ֆիզիկայի ուղղություններով: 96թ. սկզբում Գերմանիայից վերադարձել էր մեր հայտնի պրոֆեսորներից մեկը, ում պատմածը ֆիզիկայի դեռեւս նոր այս ուղղության մասին այլեւս վճռորոշ դարձավ ինձ համար: Մինչ 1997թ. ես շարունակեցի զբաղվել վերը նշված տարբեր ուղղություններով, սակայն դրանից հետո հստակ որոշեցի զբաղվել նյութական ալիքների ֆիզիկայով, ինչը ենթադրում է, որ բոլոր նյութերն իրականում որոշակի ալիքներ են, որոնց տատանողական վարքը դիտվում է որոշակի պայմաններում: Նյութական ալիքների ֆիզիկան ուղիղ առնչվում է Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսատներին: Ինչեւէ, 1997թ. ի վեր սկսեցի հրավերներ ստանալ արտասահմանյան գիտական կենտրոններից, միջազգային գիտաժողովներից, համագործակցություն ծավալվեց, գիտական խումբ ստեղծվեց, կատարվեցին տարբեր հետազոտություններ: Այսօր արդեն կարող եմ ուրախությամբ նշել, որ մեր գիտական խմբի ուղին բավական արգասաբեր է եւ լայն ճանաչում ունի ոլորտում: Գիտական աշխատանքներ եմ կատարել, դասավանդել եմ աշխարհի տարբեր երկրների, ինչպես օրինակ՝ Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի համալսարաններում: Աշխատում եմ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, որը վերջին տարիներին հասել է բավական լուրջ հաջողությունների, մասնավորապես, ինստիտուտի լաբորատորիաների աշխատակիցների մեծ մասն ընդգրկված է լայնածավալ միջազգային համագործակցության մեջ, այցելություններ են ունենում արտասահմանյան գիտական կենտրոններ, համալսարաններ: Մեր ինստիտուտ են այցելում օտարերկրացի շատ պրոֆեսորներ: 2009թ. մեր ինստիտուտում ստեղծվեց հայ-ֆրանսիական համատեղ, միացյալ լաբորատորիա, որը հանդիսանում է լաբորատորիա առանց պատերի, որտեղ ներգրավված են Բուրգունդիայի, Լիոնի համալսարաններից մեկական լաբորատորիաներ, եւ 5 խմբեր` մեր ինստիտուտից: Զարմանալի է, բայց մեկ ամիս առաջ մեր ինստիտուտի մասնակցությամբ ստեղծվեց հայ-ֆրանսիական երկրորդ համատեղ լաբորատորիան ինստիտուտի այլ խմբերի մասնակցությամբ: Իսկ 1,5 ամիս առաջ մեր գիտական 5 խմբերը համատեղ արժանացան Եվրամիության կողմից ֆինանսավորվող կես միլիոն եվրո արժողությամբ մի գիտական դրամաշնորհի, որը պետք է կիրառվի ինստիտուտը եվրոպական գիտական տարածքին էլ ավելի ինտեգրման համար, եւ ծրագրի հաջող իրականացման դեպքում կդառնանք, պատկերավոր ասած, Եվրամիության ինստիտուտ: Վերջին տարիներին կտրուկ աճել է մեր ինստիտուտի 40 տարուց ավելի անցկացվող լազերային ֆիզիկայի ավանդական տարեկան գիտաժողովի վարկը, որը դեռեւս ԽՍՀՄ տարիներին մեծ համբավ ուներ: Այսօր գիտաժողովին մասնակցում են աշխարհահռչակ գիտնականներ Գերմանիայից, Պարսկաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, ՌԴ-ից: Գիտաժողովը, որի աշխատանքային լեզուն դարձավ անգլերենը, սկսեց ֆինանսավորվել միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից: Գիտաժողովի նյութերն սկսեցին տպագրվել համաշխարհային ամենաբարձր վարկանիշ ունեցող տպագրատների կողմից: Սա բացառիկ ձեռքբերում է, երբ Աշտարակում գտնվող մի ինստիտուտի ներքին գիտաժողով, որի գոյությունն անհայտ էր շատերի համար, միջազգային ճանաչում է ձեռք բերում: Ենթադրվում է, որ այս տարի գիտաժողովի բացումը կանեն Նոբելյան մի քանի մրցանակակիրներ: Եվս մեկ ուրախալի հանգամանք. ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիկա» ամսագիրը, որը սկզբում թարգմանաբար տպագրվում էր ամերիկյան «Ալերտոն Պրեսս» տպագրատան կողմից, սկսեց հրատարակվել հանրահայտ «Շպրինգեր Վերլագ» տպագրատան կողմից: Ամսագիրը ազդեցության գործակից ձեռք բերեց: Սա հիրավի շատ կարեւոր իրադարձություն է, շատ ուրախալի: Իհարկե, սա նվիրյալների հետեւողական աշխատանքի արդյունք է: Ժամանակին, խորհրդային տարիներին, մեր տարածաշրջանում ամենաազդեցիկ ամսագիրը Վիկտոր Համբարձումյանի հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրն էր, ինչն իրապես խոսում էր Հայաստանի գիտական կենտրոն լինելու մասին: Այժմ ավելացել է եւս երկու ամսագիր, բացի «Ֆիզիկան», ազդեցության գործակից է ձեռք բերել նաեւ ՀՀ ԳԱԱ-ի «Մաթեմատիկա» ամսագիրը: Ամենածանր տարիներին կամ, ինչպես հաճախ ասում են՝ մութ եւ ցուրտ տարիներին, մեր գիտական ամսագրերը, ինչպես օրինակ՝ «Ֆիզիկա» ամսագիրը, տպագրվել են անգամ գիտնականների սեփական միջոցներով: Ես անձամբ հովանավորել եմ ամսագրի մեկ համար: Սա` այն դեպքում, երբ ծայրահեղ չքավորության մեջ էի՝ ծնվել էր 3-րդ որդիս, տանը սոցիալական ծայրահեղ ծանր, բառացիորեն սովյալ վիճակ էր: Սակայն կարեւորն այն արդյունքն է, որն այժմ ունենք:
– Ձեր ասածից պարզ է դառնում, որ գիտության զարգացման համար պետությունն այլեւս լվացել է ձեռքերը՝ գիտնականներին թողնելով եվրոպական դրամաշնորհների հույսին:
– Խորհրդային Միության փլուզումից հետո արմատական անկում տեղի ունեցավ: Պետք է համեմատել, թե ի՞նչ դիրքից` որտե՞ղ հասանք: Այն ժամանակ Հայաստանում կար 3 մլն բնակչության հաշվով 27.000 գիտնական, այսինքն՝ 1 մլն բնակչության մասշտաբով կար 9000 գիտնական: Գիտնականների թվով մենք աշխարհում առաջին հնգյակ-տասնյակում էինք: Ապա գիտության ֆինանսավորումը չափվում է ՀՆԱ-ի տոկոսով՝ դա հայտնի է բոլորին՝ այդ մասին կարելի է կարդալ անգամ պոպուլյար հանրագիտարաններում: Խորհրդային տարիներին Հայաստանի մոտ 3 մլրդ դոլարի բյուջեի պարագայում գիտության ֆինանսավորումը կազմում էր մոտ 450 մլն դոլար: Միջազգային չափանիշներով դա համարվում էր լավագույն ցուցանիշներից մեկը:
Իսկ ի՞նչ կատարվեց: ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցավ ֆինանսավորման տասնապատիկ կրճատում, ինչը, բնականաբար, կարելի է հասկանալ, քանի որ դադարեցվեց ֆինանսավորումը Մոսկվայից: Արդյունքում՝ անկախացումից անմիջապես հետո, եւ ապա` ազատամարտի տարիներին, տեղի ունեցավ մարդկանց բացառիկ արտահոսք դեպի այլ ոլորտներ` գիտնականների թիվը կրճատվեց 3 անգամ` 27.000-ից հասնելով 9000-ի: Սա, բնականաբար, ցավալի, բայց հասկանալի իրողություն է: Սակայն ցավալի, բայց արդեն անհասկանալի է այն, որ հետագայում, դրանից հետո մինչ օրս, բոլոր ցուցանիշները շարունակեցին միայն անկում ապրել: Այս մի բանն արդեն, իրոք, դժվար է հասկանալ: Խոսքը մի երկրի մասին է, որը չունի գազ, նավթ եւ այլն, եւ հայտարարում է, որ իր հիմնական ռեսուրսը իր մտավոր ներուժն է: Եթե ԽՍՀՄ տարիներին գիտությունը ֆինանսավորվում էր ՀՆԱ-ի 5-6%-ով, ապա այսօր այդ ցուցանիշը իջել է՝ հասնելով, թույլ տվեք այսպես արտահայտվել՝ խայտառակ շեմի` 0,25%-ի, եւ Հայաստանը գիտության ֆինանսավորմամբ զբաղեցնում է վերջին տեղերից մեկն աշխարհում: Ազատամարտին հետեւած այս տարիներին, բացի ֆինանսավորման շարունակական նվազեցումը, արձանագրվել է նաեւ գիտնականների թվի եւս կրկնակի նվազում. արդյունքում այսօր ունենք ընդամենը 4500 գիտնական՝ այս թվով մենք կրկին զբաղեցնում ենք հետին տեղերից մեկը, եւ տարեցտարի այդ նվազումը շարունակվում է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` աշխարհի երկրների մեծամասնությունում գրանցվում է գիտնականների թվի ամենամյա աճ, իսկ մեր երկրում տեղի է ունենում հակառակ գործընթացը: Իսկ որտե՞ղ են մեր կադրերը. նրանք հիմնականում արտագաղթում են: Մեր երկիրը վերածվել է ուղեղ մատակարարողների երկրի:
Աշխարհում ընդունված չափորոշիչներով` կարեւոր ցուցանիշ է համարվում գիտնականների միջին տարիքը: Բոլոր երկրներում գիտնականի միջին տարիքը մոտ 40-ն է, Հայաստանի գիտնականների միջին տարիքը 2000թ. կազմել է 48, որից հետո ամեն տարի 1 տարով աճել է՝ այս տարի հասել է 58-ի: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդները հրաժարվում են զբաղվել գիտությամբ: Այսօր հիմնականում հեռանում են երկրից: Սկզբնական ժամանակաշրջանում հեռանում էին տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական կազմակերպությունները, իսկ 2000-ականների կեսերից ի վեր իրավիճակը փոխվեց` շնորհիվ մեր տպագրությունների` երիտասարդներից շատերն ընդունվեցին արտասահմանյան ոչ այնքան վարկանիշային համալսարաններ: Իսկ ահա վերջին տարիներին` շնորհիվ մեր արձանագրած հաջողությունների, երիտասարդները գնում են արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններ: Գիտությանը հատկացվող ՀՆԱ-ի ցածր տոկոսի հետեւանքով տեղի ունեցող երիտասարդների արտահոսքը աղետալի հետեւանքներ կարող է թողնել՝ գիտնականների միջին տարիքը մի քանի տարի անց կհասնի 65-ի, մարդիկ թոշակի կգնան, եւ իրենց փոխարինող չի լինի՝ այլ կերպ ասած` գիտությունը կմեռնի մեր երկրում: Ահա թե ո՛ւր է տանում մեր երկրի քաղաքականությունն այս ոլորտում:
– Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակ խոսում է գիտությունը զարգացնելու մասին։ Ոմանք դա շոու են համարում, ոմանք էլ հավատում են այդ հայտարարություններին:
– ՀՀ բոլոր կառավարություններն էլ մոտավորապես նույն վերաբերմունքն են ունեցել Հայաստանի գիտության նկատմամբ, ինչը կարելի է անվանել մեկ բառով` բարբարոս երթ: Սակայն մեր երկրի վերջին Կառավարության դեպքում ավելանում է խոսքի եւ գործի բացարձակ անհամապատասխանատվությունը: Եթե մյուս կառավարությունները լռում էին, ապա այս մեկն իրեն թույլ է տալիս խոսել առանց գործելու: Պարզվում է` ԳԱԱ-ի առջեւ դրվում են ոչ-կանոնադրական խնդիրներ` Ակադեմիայից պահանջում են նյութական արտադրանք, որը կբերի գումար, որով կվճարեն գիտնականներին: Այստեղ կա արմատական սխալ, քանի որ ԳԱԱ-ն կոչված է ստեղծելու հիմնարար գիտելիք, ինչը որեւէ առնչություն չունի արտադրության հետ: Գիտնականի առաքելությունը գիտելիք արտադրելն է, որը նշանակում է` գիտական հոդվածներ գրել, հետեւաբար ԳԱԱ-ի առջեւ նման պահանջներ դնելը, մեղմ ասած` կոռեկտ չէ: ԳԱԱ-ն պետք է գիտելիք արտադրի: Գիտնականի գործն արտահայտվում է հոդվածներ տպագրելով եւ գիտաժողովներում ելույթ ունենալով: Ցավոք, հանրությունը այս մասին տեղյակ չէ, պարզապես իրազեկված չէ, որ հիմնարար գիտության գործը գիտելիք ստեղծելն է, հոդվածներ գրելը, որոնք այնուհետ պետք է մտնեն կիրառական գիտություն, եւ միայն շղթայի 3-րդ օղակն է արդյունաբերությունը: ԳԱԱ-ն ունի մոտ 30 ինստիտուտ, որոնք, այսպես ասած` հոդվածներ գրողներ են: Եվ ԳԱԱ-ն իր այդ առաքելությունը, ինչպես վկայում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը, կատարում է բավականաչափ լավ: Իսկ կան մոտ 70 ճյուղային ինստիտուտներ, որոնք կապ չունեն Ակադեմիայի հետ: Դրանք գտնվում են Կառավարության ենթակայության տակ, եւ Կառավարությունը թող դրանք աշխատեցնի` կիրառական արդյունք ստանալու համար: Այդ ինստիտուտներում փոշի է եւ վաղուց արտադրանք չեն տալիս: Իսկ Կառավարությունը, թույլ տվեք ասել` տապալելով իր գործը, փորձում է այն ԳԱԱ-ի ուսերին բարդել:
– Այսինքն` վերջին տարիներին ԳԱԱ-ի հեղինակազրկումը պայմանավորված է հենց ա՞յդ քաղաքականությամբ:
– Մեր հանրությունը գտնվում է արմատական ապակողմնորոշման ազդեցության տակ: Ակադեմիան` Ակադեմիայի նախագահության շենքը չէ, որտեղ աշխատում է մի հարյուր հոգի, ու մի այդքան ակադեմիկոս էլ երբեմն հաճախում են: Ակադեմիան ունի 30 ինստիտուտ, որոնք ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհի երկրների համեմատ տալիս են ամենաբարձր ցուցանիշներով արդյունք: ԽՍՀՄ տարիներին ակադեմիան ուներ 70 անդամ, այնինչ անկախացումից հետո այդ թիվը կրկնապատկվեց: Իսկ ո՞ւմ հաշվին տեղի ունեցավ այդ կրկնապատկումը, եթե բնագետ թղթակից ու իսկական անդամների թիվը համարյա չի փոխվել: Պարզ է` հիմնականում հասարակագետների հաշվին: Ակադեմիայի հեղինակազրկումը մասամբ պայմանավորված է դրանով: Իսկ ակադեմիկոսների տեղերը բացում է Կառավարությունը: Հաճախ տեղեր են բացվել քաղաքական նպատակներից ելնելով, որպեսզի այդ մարդիկ խոսեն իրենց օգտին: Հետեւաբար, կարելի է ասել, որ ակադեմիայի հեղինակազրկմանը կառավարությունը աջակցել է՝ որպես գիտության նկատմամբ կիրառվող բացասական քաղաքականության մաս:
– Կարելի՞ է ենթադրել, որ հասարակության մեջ գիտնականի նկատմամբ վերաբերմունքը եւս Կառավարության` գիտության նկատմամբ գործելաոճի արդյունքն է, այո՞: Ի վերջո, ինչպե՞ս փոխել Կառավարության` գիտության նկատմամբ վերաբերմունքը:
– Դժվարանում եմ ասել: Ընդհանուր ռեցեպտ, ըստ երեւույթին, գոյություն չունի: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ պետք է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, պետք է պահանջել փոփոխություն: Այս մասին լավագույն ձեւով ասել են «Ֆեյսբուք»-ի` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի երիտասարդները: Վերջիններս նշել են, որ երկրի նորմալ զարգացումը կարող է տեղի ունենալ միմիայն Կառավարության` գիտության նկատմամբ խորը հարգանքի եւ ակնածանքի պարագայում: Որպես առաջին քայլ` երիտասարդ գիտնականները պահանջում են անհապաղ, առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման բարձրացում մինչեւ ՀՆԱ-ի 2%: Հակառակ դեպքում 7-8 տարի հետո մեզ սպառնում է ինտելեկտուալ աղետ, եւ պատկերավոր ասած, հնարավոր է, որ հետագայում երկիրը` որպես արոտավայր, հանձնվի հարեւաններին, որոնք վերջին տասնամյակի ընթացքում միջոցներ չեն խնայել գիտությունն ամեն կերպ խրախուսելու համար՝ Թուրքիայում եւ Իրանում գիտությունն ուղղակի թռիչք է ապրել պատշաճ պետական քաղաքականության շնորհիվ (համեմատության համար՝ Թուրքիայից ազդեցության գործակից ունեն 50-ից ավելի ամսագրեր, որոնցից մոտ 20-ը դա ձեռք բերեցին այս տարի: Եվս երկու տասնյակ ամսագրեր հետազոտման փուլում են): Իսկ մենք այսպես ուղղակի սլանում ենք դեպի անդունդ: Իրականում անձամբ ես լավատես եմ, բայց հույսս կապում եմ միայն այն երիտասարդների հետ, ովքեր չեն համակերպվում: