Հայաստանը դու ես

25/08/2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում եւ ընթանալու ողջ աշուն` սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսություններից հետո շարունակվելով պետական կառույցների, տարբեր կազմակերպությունների, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ Սփյուռքի համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումներով: Միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո։

Սեպտեմբերի 21-ը կնշանավորվի Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսով, կշարունակվի Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում մատուցվելիք «Հանրապետական մաղթանքով», իսկ երեկոյան հրապարակում կկազմակերպվի աննախադեպ ձայնալուսային ներկայացում եւ հրավառություն: Համերգին կենդանի հնչողությամբ կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ.` Էդ. Թոփչյան), պետական ակադեմիական երգչախումբը (գեղղեկ.` Հ. Չեքիջյան), ՀՀ Նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղղեկ.` Ա. Պողոսյան) եւ «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղղեկ.` Տ.Հեքեքյան): Օրը կեզրափակվի տոնական դիսկոտեկով: Նույն օրը հանդիսավոր նիստեր եւ տոնական համերգներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզկենտրոններում:

Նույն օրը նշվելու է նաեւ Երեւանի օրը: Մայրաքաղաքի բոլոր համայնքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ, տոնավաճառներ, կկազմակերպվեն բազմաժանր երաժշտական հարթակներ: Տոնակատարությունների մեկնարկին ընդառաջ հատուկ 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Հայաստանը դու ես», «Իմ անունը Հայաստան է» եւ «Արմենիա» երգերի հիման վրա նկարահանվել են երաժշտական երեք տեսահոլովակներ, ինը հոլովակ եւ պատրաստվել պաստառներ:

«Հայաստանը դու ես» երգը կատարում են երիտասարդ երգիչները: Տեսահոլովակում նկարահանվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` նկարիչներից մինչեւ լրագրողներ ու գործարարներ: Հերոսները նկարահանվել են նաեւ չորս հոլովակում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է դրոշի գույներից մեկը եւ ունի համապատասխան կարգախոս: Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանի, հոլովակի ռեժիսորն է Դավիթ Բաբայանը:

«Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա եւ Անուշ Արշակյանները: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, հոլովակի ռեժիսորը` Հրանտ Երիցկինյանը:

«Արմենիա» երգի երաժշտության հեղինակն է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն է Անիտա Հախվերդյանը, ռեժիսորը` Ավագ Ավագյանը: Տեսահոլովակների նկարահանումը եւ գովազդային վահանակների ձեւավորումն իրականացրել է «Շարմ» ընկերությունը: