Զարմանահրաշ ազնվամորին

25/08/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ազնվամորի (մալինա), արքայամորի, մոռի-վարդազգիների ընտանիքի, վարդայինների ենթաընտանիքին պատկանող բազմամյա թուփ է։ Լատիներեն անվանումն է` Rubus IDAEUS։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Երկրորդ տարում ցողունը փայտանում է, ճյուղավորվում եւ կորցնում փշերը։

Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը բաղկացած է բազմաթիվ մանր կորիզապտուղներից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Կան հիշատակություններ, որ բույսի մասին իմացել են առասպելական Տրոյայում, Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները` Իդա լեռան վրա, որը Զեւսի ծննդավայրն էր։ Եվրոպայում ազնվամորին հայտնվել է` 16-րդ, իսկ Ռուսաստանում` 17-րդ դարում։ Աստղագուշակները համարում են, որ ազնվամորին կարող է մարդուն պարգեւել սիրելու ունակություն։

Բույսը մեծ տնտեսական նշանակություն ունի։ Արտահանման քանակներով առաջատարն է Ռուսաստանը։ Սերբիան եւ ԱՄՆ-ը զիջում են 2-3 անգամ։ Պատճառն այն է, որ Ռուսաստանում մշակվել են տեսակներ, որոնք կարող են պտղաբերել առաջին տարվա աշնանը։ Ազնվամորին լավ մեղրատու է։ Ծաղիկները թեքված են դեպի ներքեւ, եւ մեղուն կարողանում է աշխատել նույնիսկ անձրեւի ժամանակ։ Ծաղկման շրջանը շարունակվում է 15-18 օր։ Մեկ օրվա ընթացքում մեղվաընտանիքը հասցնում է մթերել մինչեւ 200 գրամ ծաղկափոշի եւ 3 կգ ծաղկահյութ։ Մեղվատվությունը 1 հա-ից տատանվում է 50-215 կգ։ Մեղրը ունի բաց սաթի գույն, հաճելի համ եւ բուրմունք։ Առաջին տարում մեղրը չի բյուրեղանում։ Բյուրեղացած մեղրը բաց դեղնավուն է։

Ազնվամորու պտուղը հարուստ է օգտակար նյութերով, այն պարունակում է մինչեւ 12% շաքարներ, 4-6% թաղանթանյութ, 2-3% օրգանական թթուներ (կիտրոն, գինի, խնձոր), պեկտինային նյութեր, դաբաղանյութ, ներկանյութ, ֆիտոնցիդներ։ Վիտամիններ (100 գրամ հումքի մեջ)` B1-0,02 մգ, B2-0,05, B5-0,2, PP-0,6, B6-0,07, բիոտին -1,9 մկգ, սալիցիլաթթու, սպիրտներ, կատեխին, նաեւ նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, պղինձ, երկաթ, կոբալտ, յոդ (2 մգ), ֆտոր, մոլիբդեն։

Դեղին ազնվամորու մեջ 1,5 անգամ մեծ է A ենթավիտամինի պարունակությունը։ Ավելի բարձր են դրա հակակոնցեռագեն հատկությունները, որն ալերգիա չի առաջացնում։

Սեւ ազնվամորու մեջ ռեկորդային է ռուտինի պարունակությունը` 7500 մգ` 100 գ հումքի մեջ։ Այն պաշտպանում է համակարգիչների ճառագայթումից։ Օգտակար է մազանոթներին, ունի արյունարգել, հակաուռուցքային հատկություններ։ Խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր աշխատում են առողջության համար վնասակար միջավայրում։

Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Այն կարող է փոխարինել ասպիրինին, հատկապես օգտակար է չորացրած ազնվամորին, այն պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։

– Ընտրեք նոր հասած ազնվամորին, փռեք բարակ շերտով թավայի վրա եւ չորացրեք ջեռոցում, ոչ բարձր (40-50) ջերմաստիճանի տակ։ Պահեստավորեք չոր թղթե պարկիկների կամ փակվող ապակե տարայի մեջ։

Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ եւ ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Ազնվամորին իջեցնում է արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բուժում եւ կանխարգելում է աթերոսկլերոզը։ Ազնվամորու հակասկլերոտիկ հատկությունը բնորոշվում է դրա մեջ պարունակվող սիտոստերինով, որը հակազդում է խոլեստերինի առաջացմանը, իսկ հատապտուղների մեջ պարունակվող թաղանթանյութը հեռացնում է խոլեստերինը օրգանիզմից։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են մարսողությունը լավացնելու, ախորժակը բարձրացնելու, լուծի եւ փսխումի դեպքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի արտադրմանը։ Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խմել 50 մլ հատապտղի հյութը սնվելուց 30 րոպե առաջ։

Ազնվամորու հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգտակար է զարգացող աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի դեպքում։

– Խառնեք 50-100 մլ հյութը նույն քանակությամբ ջրի հետ եւ խմեք սնվելուց առաջ։ Հյութը հակացուցված է ալերգիայի դեպքում։ Այն կարող է առաջացնել այտուցվածություն, քոր, ցան մաշկի վրա։

Բույսի տերեւները, ծաղիկները եւ արմատը ունեն կապող, արյունարգել, հակաբորբոքային, օրգանիզմից թույները հեռացնող հատկություն։

– Տերեւների եփուկը եւ թուրմը խորհուրդ է տրվում լուծի, թութքի, ստամոքսի խոցի, արյունահոսության, բրոնխիտի, պնեւմանիայի, մաշկային հիվանդությունների դեպքում։

Ծաղիկների եփուկով դնում են թրջոցներ կոնյուկտիվիդի դեպքում։

Արմատների եփուկը օգտագործում են մալարիայի եւ թութքի դեպքում` որպես արյունարգել միջոց։

Ազնվամորին համարվում է կանանց առողջական վիճակը լավացնող հատապտուղ. այն նպաստում է դաշտանային ցիկլերի կարգավորմանը։

Հակացուցված է նեֆրիտի, հոդատապի, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում։

Զգուշացում։ Ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում եւ կոլիտով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել ազնվամորու հյութը, սակայն արգելվում է հիվանդությունների սրացման շրջանում։

Կիսել

Ընտրեք մորու առողջ պտուղները։ Առանձնացրեք պտղակոթերից, լվացեք զտված ջրի մեջ, տրորեք հատապտուղները քամիչի վրա։ Ստացված հյութը առանձնացրեք։ Մնացած քուսպը լցրեք եռջրի մեջ, եփեք 5 րոպե` ոչ ուժեղ կրակի վրա։ Եփուկը քամեք, մի մասի մեջ բացեք կարտոֆիլի օսլան, մնացած մասին ավելացրեք շաքարավազ, հասցրեք եռման ջերմաստիճանի, ավելացրեք օսլայաջուրը։ Եռացրեք 2-3 րոպե։ Հովանալուց հետո միացրեք, խառնեք ստացված հեղուկը եւ ազնվամորու խյուսը։ Պատրաստման համար անհրաժեշտ է 100-200 գրամ ազնվամորի, 4 ճ/գ շաքարավազ, 3 ճ/գ օսլա, 1 լ ջուր։

Յուղամզվածք

Աչքերի եզրային մաշկը (հատկապես կոպերը) շատ բարակ է եւ նուրբ։ Արյունատար անոթները գտնվում են մակերեսին շատ մոտ։ Մաշկի այս հատվածը հաճախ է այտուցվում, քանի որ կոլագենի շերտը շատ բարակ է եւ քիչ է էլաստինը։

– Խառնեք չորացրած մեկական ճ/գ վաղենակի, երիցուկի, լորենու ծաղիկները, վարդի ծաղկաթերթերը, ազնվամորու եւ ջղախոտ մեծի տերեւները։ Հումքի վրա ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 4 օր, քամեք։ Օգտագործելուց առաջ գոլացրեք եւ բամբակե խծուծի օգնությամբ քսեք կոպերին կամ դրեք թրջոց։

Մակաբույծների դեմ. Խառնեք մասուրի պտուղը, հաղարջի, ազնվամորու տերեւները (2։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, խմեք 100 մլ օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։

Հիպոտոնիայի դեպքում. Խառնեք սրոհունդի խոտը, կեչու եւ ազնվամորու տերեւները, մասուրի պտուղը (3։3։2։2)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3-4 անգամ, օգտագործման ժամկետը անսահմանափակ է։

Վարիկոզի, թութքի դեպքում. Փոշիացրեք չորացրած բրգաձեւ սոճու (Abies) ճյուղն եւ անտառային ազնվամորու արմատը (հավաքել գարնանը կամ աշնանը) եւ խառնեք (2։1)։ Հումքի մի մասը լցրեք ապակե տարայի մեջ այնպես, որ ստացվի 15 մմ հաստությամբ շերտ, վրայից ավելացրեք 5 մմ բարձրությամբ հեղուկ մեղր։ Շարունակեք այդ հերթականությամբ` մինչեւ 3 լիտրանոց տարայի մեջ ազատ մնա 1 լ ծավալ։ Ավելացրեք 200 մլ եռջուր։ 24 ժամ անց տաքացրեք 6 ժամ ջրային բաղնիքի վրա, թրմեք եւս 48 ժամ։

Ապակե տարայից հեռացրեք հեղուկ մասը։ Ընդունեք մեկական ճ/գ օրը 5 անգամ` սնվելուց առաջ։

Շարունակեք մինչեւ պարունակության լրիվ վերջանալը։

Մրսածության, գրիպի դեպքում

– Խառնեք չորացրած ազնվամորու եւ արոսի պտուղները (4։3)։ Հումքի 5 ճ/գ-ն 4-5 ժամ թրմեք 1 լ եռջրի մեջ` ջերմապահում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում 200-ական մլ, 3 ժամը մեկ, խառնեք 1 թ/գ մեղր։

– Մանրացրած 1 ճ/գ մորու մատղաշ ճյուղերը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Ավելացրեք 1 կիտրոնի հյութ, սխտորի 2 ճզմած ատամիկ։ Խմեք օրվա ընթացքում, մինչեւ վիճակի բարելավում։

Ռեւմատիզմի դեպքում. Խառնեք հատապտուղը, տատրակի տերեւը (Tussilago farfara), խնկածաղկի խոտը (2։2։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Բաժանեք 4 մասի, խմեք սնվելուց 30 րոպե առաջ։

Բրոնխային ասթմայի դեպքում. 20 գ չորացրած արմատը 30 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ, վերականգնեք նախնական ծավալը, քամեք, խմեք 60-70 գրամ օրը 3-6 անգամ։

Սիրտ-անոթային հիվանդություններ. խառնեք հավասար քանակությամբ հատապտուղը, հաղարջենու, արոսի (Sorbus aucuparia), կեչու տերեւները։ Հումքի 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 100 մլ օրը 2 անգամ, սնվելուց առաջ։

Թութքի դեպքում. 2 ճ/գ չոր, մանրացրած տերեւները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։

Նեւրասթենիա. 10-ական գրամ ազնվամորու չորացրած արմատը եւ տերեւը 300 մլ եռջրով եփեք 30-40 րոպե մարմանդ կրակի վրա։ Վերականգնեք նախնական ծավալը, քամեք, խմեք 60-70 մլ, օրը 3-4 անգամ։

Միջատների խայթոցի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ հատապտղի ծաղիկն եւ տերեւը։ Մեկ շաբաթ թրմեք օղու մեջ (1։5)։ Խայթված հատվածը մշակեք ոգեթուրմով։ Չորանալուց հետո կրկնեք մի քանի անգամ։

Քրտնամուղ միջոց. 30գ հատապտուղը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, խմեք 200-ական մլ 30 եւ 15 րոպե քնելուց առաջ։ Օգտակար է նաեւ քրոնիկ ռեւմատիզմի դեպքում։

Աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում. Խառնեք ազնվամորու ծաղիկը, տերեւը, մատղաշ ճյուղերը։ Հումքի 2 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի։ Խմեք սնվելուց 20 րոպե անց։

Ատամի ցավի դեպքում. Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք մանրացրած ազնվամորու եւ դաղձի տերեւները, մինչեւ լցվի տարան։ Վրայից ավելացրեք այնքան գինու քացախ, որ տերեւները ծածկի։ Թրմեք 1 շաբաթ։ Քամեք, խառնեք ջրի հետ (1։1) եւ ողողեք բերանը։

Դիմակներ

Ճարպոտ մաշկի համար. Խառնեք 1 ձվի սպիտակուցը 2 թ/գ տրորած ազնվամորու հետ։ Քսեք բամբակե կտորին, 15 րոպե դրեք դեմքի վրա։ Լվացվեք ծորակի ջրով, այնուհետեւ շփեք սառցե խորանարդիկներով։ Սնուցում եւ սպիտակեցնում է մաշկը։

Թարմացնող դիմակ. Խառնեք 2 ճ/գ տրորած հատապտուղը եւ 1 թ/գ մեղրը։ Օգտագործեք վերը նշված ձեւով։

Սառցե խորանարդիկներ. Խառնեք մեկական ճ/գ հատապտղի տերեւը եւ լորենու ծաղիկները, 30 րոպե թրմեք տաք տեղում 400 մլ եռջրի մեջ։ Հովանալուց հետո լցրեք կաղապարների մեջ եւ պահեք սառնարանի սառցախցիկում։

Կորյակների դեմ քսուք. Քամեք մորու տերեւների հյութը, խառնեք կարագի հետ (1։4)։ Նեղացնում է ծակոտիները։

Մազերի համար. Լվացեք մազերը ազնվամորու տերեւների եփուկով։ Այն ամրացնում է մազարմատները եւ նպաստում աճին։