Մոսկվայի ոստիկանությունը կեղծ գրավատուն է բացել քաղաքի արեւելյան հատվածում, վերջին շրջանում թանկարժեք քարերի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող անձի հայտնաբերելու համար: Իրավապահներին հայտնի է դարձել, որ Հայաստանի մի քաղաքացի Մոսկվայի տարբեր գրավատներում ապօրինի իրացնում է ադամանդներ: Ոստիկանները նրան հայտնաբերելու համար մետրոյի կայարաններից մեկի մոտ կեղծ գրավատուն են բացել, ուր շուտով այցելել է կասկածյալը: Նա փորձել է 132 ադամանդ վաճառել: Վաճառող-ոստիկանը նախ ստուգիչ գնում է կատարել, այնուհետեւ ներկայացել: Ներկայումս ձերբակալվածին «թանկարժեք քարերի ապօրինի իրացում» հոդվածով մեղադրանք է ներկայացվել: Չի բացառվում, որ նա առնչություն ունի նաեւ մի քանի գողությունների հետ:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ որոշ ադամանդներ նախկինում տեղադրված են եղել զարդերի մեջ: