Նորություններ Facebook-ում

24/08/2011

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը կպարզեցնի օգտատերերի էջերի գաղտնիության կարգավորումները: Էջում տեղադրված տեղեկատվության արգելափակումն ապահովող ֆունկցիաների մեծ մասը օգտատերերի անհատական էջերի կարգավորման բաժնից կտեղափոխվի անմիջապես օգտատերերի էջեր: Այսպես, անձնական էջում կհայտնվի մի կոճակ, որը սեղմելով` օգտատերը կտեսնի, թե ում է հասանելի իր մոտ տեղադրված անձնական տեղեկատվությունը, լուսանկարները եւ հաղորդագրությունները: Հենց այդ կոճակի միջոցով էլ հնարավոր կլինի փոխել կարգավորումները: Օգտատերը կոճակի միջոցով կկարողանա թույլատրել կամ արգելել հրապարակումներն իր պրոֆայլում, նշումները լուսանկարների վրա եւ այլն: Մինչ տեղեկատվության հաստատումը այն չի արտացոլվի օգտատերի պրոֆայլում: Facebook-ը օգտատերին նաեւ հնարավորություն կընձեռի տեսնել, թե ինչպիսի տեսք ունի իր պրոֆայլն այլ օգտատերերի համար: Բացի այդ, հաղորդագրություններ տեղադրելու տողում կլինի նոր կոճակ, որի միջոցով հնարավոր կլինի նշել ընկերների այն շրջանակը, ում համար հաղորդագրությունը տեսանելի կլինի: Սոցցանցում նաեւ կավելանա «Գտնվելու վայրը» ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն mobile տարբերակի օգտատերերին: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր ծառայությունները կհայտնվեն առաջիկա օրերին: