Կենսաբանները ներկայացրել են բնության մեջ ապրող կենդանի օրգանիզմների տեսակների կոնկրետ քանակը: PLoS One ամսագրում հրապարակված գիտնականների հոդվածում ներկայացված տվյալների համաձայն, մոլորակի վրա գոյություն ունի 8,7 մլն տեսակի օրգանիզմ, որից 7,7 մլն-ը կենդանիներ են: Աշխատության շրջանակներում գիտնականները հաշվել են միայն էուկարիոտները` այն օրգանիզմները, որոնց բջիջները միջուկ ունեն: Այդ պատճառով, օրինակ, բակտերիաները եւ արխեյները դուրս են մնացել հաշվարկից: Նոր հետազոտության արդյունքն ավելի կոնկրետ է, քան մինչ այդ բերված թվերը, որոնք տատանվում են 3մլն-ից մինչեւ 100 մլն-ի սահմաններում: Բացի այդ, պարզվել է, որ ցամաքային օրգանիզմների 86%-ը եւ ծովային օրգանիզմների 91%-ը մինչ այժմ բացահայտված չեն: Գիտնականների կարծիքով` անհայտ տեսակները կատալոգացնելու համար կպահանջվի առնվազն 400 տարի: