Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ադրեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» կանանց խորհուրդը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին: Այդ նամակին պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան, որում, մասնավորապես, ասված է. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար: Ինձ համար, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, եւս կարեւոր է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է ապահովել Ադրբեջանի զարգացումը եւ կայունություն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում: Ես, որպես դեսպան, հնարավոր ամեն ինչ կանեմ եւ կօգնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հակամարտության կողմերին` ռազմական գործողությունների նոր պարույրը խոչընդոտելու եւ բանակցությունների ճանապարհով արդար եւ շարունակական խաղաղություն ձեռք բերելու հարցում»: