«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ 6 մշտական հանձնաժողովների նախագահներին` առաջարկելով հաջորդ շաբաթ խորհրդարանական լսումներ հրավիրել Երեւանում կրպակների ապամոնտաժման խնդրի վերաբերյալ: «Ժառանգությունն» իր պահանջը հիմնավորել է նրանով, որ մինչ օրս անհայտ է Երեւանի քաղաքային իշխանությունների հիմնավորումը, թե ի՞նչ պատճառներով ու համատարած կերպով չեն երկարացվել կամ երկարացվում Երեւանի գրեթե բոլոր տարածքներում գտնվող կրպակների հողի վարձակալության պայմանագրերը, ինչո՞ւ է դա զանգվածային բնույթ կրում, երեւանցիների անունից մայրաքաղաքը կառավարելիս ի՞նչ եւ ո՞ւմ շահերին են ստորադասվում կրպակների վարձակալների շահերը, ի՞նչ հիմքերով են քաղաքի տեսքի, էսթետիկայի վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնյաների, ավագանու առանձին անդամների սուբյեկտիվ ընկալումները կամ բիզնես միջավայրի շահերը գերադասվում գոյատեւման հարց լուծող հազարավոր երեւանցիների ապրելու իրավունքին: Նամակում նշվում է նաեւ, որ Երեւանի նախկին քաղաքային իշխանությունների կողմից վարձակալներին ու սեփականատերերին տրամադրված փաստաթղթերը ներկայիս քաղաքային իշխանությունների կողմից բազմաթիվ վարձակալների դեպքում օրինական չճանաչելն անօրինական է, եւ քաղաքային իշխանությունների եւ ոստիկանության գործողությունները` ոչ իրավաչափ: «Ժառանգություն» խմբակցության պաշտոնական գրությանը կցվել է նաեւ նախօրեին նախագահի նստավայր փոխանցված շուրջ 100 կրպակատերերի նամակը: