«Հայ ազգային կոնգրեսն իրեն արդեն ծուղակն է գցել: Սա արդեն ակնհայտ է, եւ ուրիշ երեւույթներից էլ էր երեւում, որ այս ծուղակն արդեն պատրաստ է: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունն էլ ծուղակի մեջ է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության շրջանակներում կայացած հինգերորդ հանդիպումը: Մինչ հանդիպումը ՀԱԿ-ը հայտարարել էր, թե երկխոսությունը շարունակելու հարցը կախված է անցած շաբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների կարգավիճակից: Մինչդեռ, ըստ Վ. Հովհաննիսյանի, այդ հայտարարությունից հետո հանդիպելով իշխանության ներկայացուցիչների հետ` ՀԱԿ-ը երկխոսության շարունակության մասին որոշում չկայացրեց: Փոխարենը` կողմերը քննարկեցին ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը` պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել քննարկումն առաջիկա ուրբաթ: Կողմերը նաեւ պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց` որոշելով շարունակել հանդիպումները: Վահան Հովհաննիսյանի կարծիքով` ամեն ինչ արդեն պարզ է` «կողմերը որեւէ հարց լուծելու ցանկություն չունեն, բացի առաջիկա ընտրություններում միմյանց մեջ աթոռներ կիսելը»: «Ամեն ինչի հետ պատրաստ են իրենք համակերպվել` եւ՛ իրենց կողմնակիցներին «խոշտանգելու» (չակերտների մեջ եմ ասում, որովհետեւ չգիտեմ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ), եւ նաեւ «ոչ լեգիտիմ» պատգամավորների հետ բանակցելու: Ահա այս պատկերի մեջ երբ նրանք գտնվում են, զարմանալ, որ նրանք մի գիշերվա ընթացքում կարող են դիամետրալ կերպով փոխել իրենց տեսակետը, արդեն պետք չէ»,- ասել է Հովհաննիսյանը: