ՀԱԿ ակտիվիստների հարցը՝ ԵԽ ԽՎ-ո՞ւմ

18/08/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսի անդամ յոթ երիտասարդների կալանավորումը, հետո նրանց նկատմամբ մեղադրանքի առաջադրումը ոմանք դիտարկում են որպես հետքայլ քաղաքական գործընթացների ներկայիս զարգացումների համատեքստում: Եվ բացառված չէ, որ հետագա զարգացումները կրկին պայմանավորված կլինեն դատական պրոցեսներով:

Ընդ որում, սա այն հարցերից է, որը միայն ներքաղաքական դրսեւորումներով չի սահմանափակվում: Չի բացառվում, որ միջազգային կառույցները նույնպես արձագանքեն այս միջադեպին: Հատկապես, որ սեպտեմբերին տեղի է ունենալու ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանը, որի ընթացքում, նախնական տեղեկություններով, քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը: Եվ հավանական է, որ այդ ժամանակ ՀԱԿ ակտիվիստների կալանավորման հարցին նույնպես անդրադարձ լինի: Հատկապես որ, նրանցից երեքի` Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը: Հիշեցնենք, որ մյուս 4 ակտիվիստները` Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանն ու Վահագն Գեւորգյանը, ձերբակալության 72 ժամը չլրացած` ստորագրությամբ ազատ են արձակվել: Ու թեեւ կալանավայրում գտնվող երիտասարդների փաստաբանները դատարանի այս վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, իշխանությունների գործելաոճից դատելով` չի բացառվում, որ նրանք, այնուամենայնիվ, մինչեւ ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նստաշրջանը մնան անազատության մեջ: Այս դեպքում արդեն մեծ է հավանականությունը, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի տակ գտնվող Հայաստանի նկատմամբ նորից բացասական քննարկումներ ընթանան կամ բանաձեւեր ընդունվեն: Հիշեցնենք նաեւ, որ այս 7 ակտիվիստների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելը: Այս նույն մեղադրանքներով էին մեղադրվում նաեւ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիր բազմաթիվ գործիչները: Հատկապես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը` ՔՕ 316 հոդվածն առաջադրված էր շատ քաղբանտարկյալների, այդ թվում եւ` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, Արամ Բարեղամյանի եւ այլոց նկատմամբ: Այդ նույն հոդվածով մի քանի ամիս առաջ մեղադրվեց, կալանավորվեց, հետո ազատ արձակվեց նաեւ հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը: Պատմությունը նորից կրկնվում է, եւ 2008-ի քաղբանտարկյալների մեղադրանքներն այսօր առաջադրվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող յոթ երիտասարդների նկատմամբ: Այնպես որ, բացառված չէ, որ միջազգային կառույցները եւս արձագանքեն այս իրադարձություններին: Դա չբացառեց նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով, սակայն, ընդդիմադիր երիտասարդներին քաղբանտարկյալ չհամարեց: Ամեն դեպքում, վերը նշված մեղադրանքներն այն վտանգավոր մեղադրանքները չէին, որոնց համար իրավապահ մարմինները պետք է երկամսյա կալանքի որոշում կայացնեին: ԵԽ ԽՎ-ն ու նրա պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ ՀՀ դատական մարմինները պետք է ձեռնպահ մնան որպես խափանման միջոց կալանքը հաճախակի ընտրելու գործելաոճից: Ու եթե, այնուամենայնիվ, իրավական խախտումներ են նկատել, դատաքննությունը կարող են կազմակերպել նաեւ առանց կալանքի:

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն իրենց համար հավելյալ բարդություններ ստեղծում եւ միջազգային կառույցներին իրենց քննադատելու առիթներ ընձեռում: «Եթե անգամ դա հավելյալ բարդություն է միջազգային կառույցներում, միեւնույն է, երկիրն այդ պատճառով չի կարող հրաժարվել իր իրավական գործառույթներից»,- մեզ հետ զրույցում պատասխանեց Դ.Հարությունյանը:

Իսկ ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը տեղեկացրեց, որ յոթ երիտասարդների հարցի մասին արդեն տեղյակ է պահել Հայաստանի հարցով համազեկուցողների ներկայացուցչին: «Ես, իհարկե, հնարավոր համարում եմ, որ ԵԽ-ն ինչ-որ կերպ դրան կարձագանքի, բայց հուսանք, որ դրա կարիքը չի լինի: Իսկ եթե լինի, ինձ թվում է, որ ԵԽ-ն չի լռի: Եթե տղաներն ազատ արձակվեն, ուրեմն դրան անդրադառնալու անհրաժեշտություն չի լինի: Եվ բոլորս հույս ունենք, որ այդ խայտառակ խնդրի հետ մենք նորից ստիպված չենք լինի գործ ունենալ»,- ասաց Ա.Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանի թե ոստիկանական, եւ թե դատական համակարգն անցած 4 տարիների այդքան փորձություններից հետո էլ նույն գործելաոճն է շարունակում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ եթե ընդդիմության ակտիվիստները շարունակեն մնալ անազատության մեջ, ապա չի բացառվում, որ ԵԽ ԽՎ-ում կուսումնասիրեն նրանց նկատմամբ կիրառված դատարանի որոշումները եւ կորոշեն, թե տվյալ պարագայում անհրաժե՞շտ է եղել նախնական կալանքը, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ նույնիսկ, եթե ինչ-որ իրավախախտումներ են տեղի ունեցել, նախնական կալանքը անհրաժեշտ միջոց չէ խափանման միջոց ընտրելու համար: Եվ եթե ինչ-որ խախտումներ են տեղի ունեցել, ապա դատաքննությամբ դա շատ հեշտ կարող է ապացուցվել: Եվ կարիք չկար, որ այդ տղաները գտնվեն նախնական կալանքի տակ»,- ավելացրեց Զ.Փոստանջյանը:

Իսկ մինչ այս միջադեպը ՀՀ քաղաքական շրջանակներում կարծում էին, որ այս անգամ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկումը եւ դրա արդյունքում ընդունվող բանաձեւը բավականին դրական բնույթ կունենային: Գոնե վերջին 3 տարիների հետ համեմատած: Չէ՞ որ իշխանությունները թեեւ 2 անգամ համաներում հայտարարեցին, ընդդիմադիր գործիչների մեղադրանքների հիմքում ընկած քրեական հոդվածները փոփոխության ենթարկեցին, բայց ի վերջո բոլոր քաղբանտարկյալներին ազատեցին: Ընդդիմության հանրահավաքների համար նորից վերաբացեցին Ազատության հրապարակը ու անգամ ՀԱԿ-ի հետ երկխոսության գործընթաց սկսեցին: Իշխանություններն ու անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում բավական հանդուրժող էին դարձել ընդդիմության նկատմամբ, անգամ դրական գնահատականներ էին հնչեցնում: Իսկ այս միջադեպով նրանք վտանգեցին ոչ միայն վերջին շրջանում սկիզբ դրած դրական գործընթացը, բուն երկխոսությունը, այլ նաեւ միջազգային կառույցների դրական վերաբերմունքը: «Եթե այս միջադեպը չլիներ, շատ հավանական էր, որ Եվրախորհրդում դրական գնահատականներ կլինեն: Ուշադրություն կդարձնեին այն փաստերի վրա, որ քաղբանտարկյալներ չունեինք, Ազատության հրապարակն ազատվել էր, երկխոսություն էր ծավալվել: Թեեւ ես այն կարծիքին եմ, որ դրանք այն բաներն են, որ ի սկզբանե խնդիրներ չպիտի լինեին, եւ այդ առումով մեր իշխանությունները առանձնապես մեծ գովեստի արժանի չէին: Դեռ բավականին մեծ թվով չլուծված խնդիրներ կան, որոնց վրա, կարծում եմ, որ ԵԽ-ն նույնպես պետք է ուշադրություն դարձնի»,- ասում է Ա.Գրիգորյանը: