«Շանթի» Ն(ն)վերը` Հանրայինին

18/08/2011

Մեր տեղեկություններով` «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական հաղորդման մեկնաբան Նվեր Մնացականյանն ազատվել է աշխատանքից եւ տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ լրատվական եւ վերլուծական ծրագրերի բաժնում աշխատելու է որպես հաղորդավար: Երեկ այդ տեղեկությունը tert.am-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը: Վերջինս ասել է, որ Մնացականյանը, բացի լրատվական թողարկումներից, վարելու է նաեւ հարցազրույցներ: Մեր տեղեկություններով` Ն. Մնացականյանին ավելի խոստումնալից առաջարկներով տեղափոխել են Հանրային հեռուստատեսություն` նաեւ «Շանթ» հեռուստաընկերությունը թուլացնելու նպատակով, քանի որ նրա հաղորդումները բարձրացնում էին «Շանթի» վարկանիշը: Երեկ Ն. Մնացականյանի տեղափոխության հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Շանթ» հեռուստաընկերության սեփականատեր Արթուր Եզեկյանից, սակայն նրա քարտուղարուհին Ն. Մնացականյանի վերաբերյալ հարցը լսելուց հետո ասաց` «Պրն Եզեկյանը հանդիպման է, չի կարող խոսել»: Փորձեցինք կապվել նաեւ Նվեր Մնացականյանի հետ, սակայն նրա բջջային հեռախոսահամարն այլեւս պատկանում է «անհայտ բաժանորդի»: Հավանաբար հեռուստաընկերությունը փոխելուց հետո հաղորդավարները փոխում են նաեւ հեռախոսահամարները: