Դեմարշ Ռուսաստանին

18/08/2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովին: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` հավելելով, թե Ադրբեջանը գագաթաժողովին կներկայանա վարչապետ Արթուր Ռասիզադեի մակարդակով: Պաշտոնական որեւէ հիմնավորում չի ներկայացվել: ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովը գումարվելու է սեպտեմբերի 2-3-ը` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Թուրքմենստանը: Բելառուսը, Ուզբեկստանն ու Ուկրաինան դեռ չեն պատասխանել: Ադրբեջանական եւ ռուսական մամուլը եզրակացնում են, որ սա դեմարշ է պաշտոնական Բաքվի կողմից. Բաքուն այսպիսով իր դժգոհությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերից: Ըստ ռուսական «Նեզավիսիմայա գազետայի»` գագաթաժողովից հրաժարվելու պատճառը Սոչիում օգոստոսի 9-ին Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ «չհաջողված» բանակցություններն էին: Իսկ ադրբեջանական «Զերկալոն», ընդգծելով, որ Սոչիում Դմիտրի Մեդվեդեւն ըստ էության առաջարկել է կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում` հաշվի առնելով կազանյան հանդիպման արդյունքները, գրել է. «ԱՊՀ գագաթաժողովին մասնակցությունից հրաժարվելու` Ադրբեջանի նախագահի որոշումը հաջորդեց ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Սերժ Սարգսյանին: Ռուսական կողմից այս հանդիպումների վերաբերյալ ինֆորմացիայի լիակատար բացակայությունը ավելի քան համոզիչ ապացույց է այն բանի, որ Մեդվեդեւին չի հաջողվել համոզել Սերժ Սարգսյանին եւ չի հաջողվել մոտեցնել կողմերի տեսակետները: Այսպիսով, պաշտոնական Բաքվի դեմարշը վկայում է, որ այս իրավիճակում Ադրբեջանի նախագահն անիմաստ է համարում մասնակցել ԱՊՀ գագաթաժողովին, որտեղ կարող էր կայանալ եռակողմ ձեւաչափով նախագահների նոր հանդիպում: Հետեւաբար` նա քննարկելու ոչինչ չունի Ռուսաստանի եւ Հայաստանի իր գործընկերների հետ»: