Երիտասարդությունն առավելություն է՝ չհաշված թերությունները

18/08/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՀԱԿ երիտասարդների` օգոստոսի 9-ի հայտնի բախումը ոստիկանների հետ, մասնավոր զրույցներում քննադատում են բոլորը, հատկապես ՀԱԿ համակիրները: Այո, ոստիկանները երիտասարդ ընդդիմադիրներին անխնա հարվածել են, պատճառել մարմնական վնասվածք, ինչը պիտի քննության առարկա դառնա այնպես, ինչպես պետք է պարզվի` մինչեւ ծեծվելը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն իրավական ի՞նչ հիմքով են մոտեցել իրենց աշխատանքը կատարող ոստիկաններին: Անգամ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս զոհերից մեկի մայրը իր երեխայի հանդեպ սեռական ոտնձգությունների համար մեղադրում է նաեւ իր երեխային: Այսինքն` տեսնում է մեղքի նաեւ նրա բաժինը:

Իսկ այն, որ այս պատմության մեջ միակ մեղավորները ոստիկանները չեն, ակնհայտ է: Չվախենալով իր երիտասարդ համակիրների ցասմանն արժանանալու կամ նրանց կորցնելու հեռանկարից` այս մասին պետք է բարձրաձայն ասի նաեւ ՀԱԿ առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ իրականությունն այն է, որ այս թեմայով այնքան էլ հեշտ չէ ասել այն, ինչ մտածում ես: Ի վերջո, մեկուսարանում երիտասարդներ են, չափազա՛նց երիտասարդ տղաներ, եւ ակնհայտ է. թե՛ ոստիկանները, թե՛ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներն այնքան գիտակից չեն, որ կարողանան լսել ճշմարտությունն ու այն տարբերել վախից կամ իշխանությունների ջրաղացին ջուր լցնելուց: Ոստիկաններն իրենց մասին ճշմարտությունը լսելով` անմիջապես ազատություն են տալիս վերջույթներին, ՀԱԿ ակտիվիստները թունոտ հայտարարություններ են անում: Իսկ այն, որ ՀԱԿ յոթ երիտասարդները բավականին խիստ են իրենց արարքը կամ անձը լուրջ չընդունող մարդկանց հանդեպ, խոսում է մեկուսարանից տարածած նրանց հայտարարությունը Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սարդարապատ» շարժման մասին: Այսինքն` եթե որեւէ մեկը հանդգնում է յոթ տղաների քայլը հերոսություն չհամարել, ավտոմատ ինքն էլ է զրկվում հերոսի իր կարգավիճակից: Այսպես. «…Վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում եւ հայտարարություններում, եւ պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է»: Հայտարարությունը եզրափակվում է մաժորային ակորդով. «Մենք` որպես Հայ ազգային կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք շարունակել մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, իսկ նրանք, ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են անբարո ճամարտակությունների ու հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան չեն անում, քան աջակցություն են ցույց տալիս ներկա վարչախմբին»:

Երիտասարդների հայտարարության այս տեքստը դժվար թե համաձայնեցված չլինի ՀԱԿ ղեկավարության հետ: Եվ որեւէ մեկը նրանց չի ասել. «Տղանե՛ր, ձեզ հասկանում ենք, սակայն մեկուսարանից այդքան չարությամբ արձագանքելը ընդդիմադիր մեկ այլ ուժի հայտարարության, տեղին չէ: Պատռեք հայտարարության տեքստը»: Որպես օրինականության թշնամի տեսնելը թե՛ ոստիկաններին, թե՛ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներին (ընդ որում` բոլորին` միասին), տպավորություն չի թողնում: Իսկ եթե թողնում էլ է, ապա միայն բացասական, ոչ այնքան հաճելի: Թեեւ այն, որ ՀԱԿ-ն, այդուհանդերձ, չընդհատեց իշխանական կոալիցիայի հետ իր խորհրդանշական հանդիպումների շղթան, անուղղակիորեն վկայում է, որ ընդդիմությունը հիացած չէ երիտասարդ ակտիվիստների սխրանքով:

ՀԱԿ-ը փորձում է այս տղաների համար ձեռք բերել քաղբանտարկյալի կարգավիճակ: Սակայն այդ դեպքում հավասարություն դնել այսօր արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալների եւ ոստիկանների հետ անմիտ կոնֆլիկտի մեջ մտած երիտասարդների միջեւ, արժեզրկում է «քաղբանտարկյալ» հասկացությունը: Ցանկացած երկրում օրենքի պաշտպանին ուղղված անգամ խեթ հայացքը կարող է պատճառ դառնալ մեկուսարանում երկար ժամանակ անցկացնելու: Մեր ոստիկաններին չհամեմատե՞նք մյուսների հետ. օրենքի մեր պաշտպաններն այնքան էլ օրենքի պաշտպաններ չե՞ն: Նրանք կարող են խոշտանգել, ծեծել, սպանե՞լ մարդուն: Կամ հասցնել ինքնասպանությա՞ն: Այդպես է: Սակայն կոնկրետ դեպքում` անհարկի միջամտել քաղաքացու եւ ոստիկանների միջեւ զրույցին, այն էլ` շանը դնչկալ հագցնելու պահանջին, խոսում է երիտասարդ ակտիվիստների անհարկի ակտիվության մասին:

Այս եւ մյուս բոլոր երիտասարդների էներգիան մեր երկրում ստեղծված անառողջ միջավայրի պատճառով ինչ-որ անհասկանալի ձեւեր է ստանում: ՀԱԿ ակտիվիստները եւս, ինչպես Հայաստանի երիտասարդների մեծ մասը, հոգեբանական լուրջ խնդիր ունի կայանալու, իր տեղը գտնելու, հերոսանալու: Յուրաքանչյուր երիտասարդ` իր ընտանիքի անդամների հետ միասին, արդեն խնդիր ունի պետության հետ: Ծնողը գիտի, որ իր զավակին պետությունը հիշում է նրա 18 տարին լրանալուն պես: Որպեսզի բանակ զորակոչի: Զորակոչում է եւ անմիջապես մոռանում: Երիտասարդին բանակում կարող են ստորացնել, ծեծել, սպանել, պետությունը տեր չէ: Եվ բոլոր երիտասարդներն անուղղակիորեն մտածում են պետությունից պաշտպանվելու մասին. շատերն անմիջապես մտնում են իշխանական կուսակցություններ, պատրաստ են ամեն կարգի ստորաքարշության, ընտրակեղծիքների: Սա պետությունից թաքնվելու, պետության հարվածից խուսափելու տարօրինակ, բայց իրեն արդարացնող ձեւ է: Մյուսներն անցնում են ընդդիմադիր դաշտ, ուր ծավալված հրապարակային գործունեությունը թույլ է տալիս լինել հասարակության ուշադրության կենտրոնում: Այդպիսով վտանգը պակաս ուժգին է թվում. ի վերջո, կան իրավապաշտպան կառույցներ, կա «քաղբանտարկյալ» եզրը: Երիտասարդների մյուս` կոսմոպոլիտ տեսակը շտապում է ժամանակին հեռանալ հայրենիքից, որովհետեւ հայտնի ճշմարտություն է` նա, ով չի ցանկանում ծառայել բանակում, չի ծառայում: Ծառայում են նրանք, ովքեր ուզում են ծառայել եւ ովքեր ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ կաշառքի գումարը չունեն:

Ժանրը ստիպում է մեղավորներ փնտրել եւ անպատճառ գտնել: Գիտե՞ք, Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված երեխայի մայրը, ով գուցե թողնում է ոչ խելացի կնոջ տպավորություն, այնուամենայնիվ իր անչափահաս երեխային եւս մեղավոր է համարում կատարվածի համար: Կարող ենք մենք էլ նշել ՀԱԿ, ՀՀԿ ղեկավարներին, ովքեր իրենց նվիրված երիտասարդների ուժերն այդքան անհամամասնորեն են օգտագործում: Թեեւ տեղին է փնտրել թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը այդքան կուրորեն ծառայող երիտասարդների մեղքի բաժինն էլ: Երիտասարդ` չի նշանակում անգիտակից: Մոցարտը չորս տարեկանում սիմֆոնիա էր գրում, Գագարինը 27 տարեկանում ուղեւորվեց տիեզերք: Դուրյանը 20 տարեկանում անմահացավ իր գործերով: Մարդը պատասխանատու է իր արարքների համար բոլոր տարիքներում: Պարզապես` ամեն տարիք ունի արած հիմարության համար պատասխան տալու իր ձեւը: Այս դեպքում, տա Աստված, որ տղաները րոպե առաջ դուրս գան մեկուսարանից` որոշակիորեն վերանայած իրենց քայլերի տրամաբանությունը: