«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները ինձ պարզապես ցնցել են»,- հայտարարել է Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը` երեկ ավարտելով իր եռօրյա այցը Բաքու: Լրագրողների հետ զրույցներում Լյոնինգը մատնանշել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ` անօրինական ձերբակալություններից մինչեւ սեփականության իրավունքի խախտումներն ու քաղաքական գործունեության համար ձերբակալվածների առկայությունը: «Ես, օրինակ, ցանկանում էի հանդիպել ազատազրկված բլոգեր Բախտիար Հաջիեւի հետ: Այցից երկու շաբաթ առաջ էի Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել իմ այդ ցանկության մասին։ Մեզ գրեթե մեկուկես ժամ պահեցին քրեակատարողական հիմնարկի դարպասների մոտ եւ ի վերջո հայտարարեցին, թե հանդիպումը չի կայանա։ Ես կարծում եմ, որ այլ երկրի Օմբուդսմենի նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է»,- ասել է Լյոնինգը: Նա նաեւ նշել է, որ այսօր Ադրբեջանում սեփականության իրավունքի խախտումները համատարած բնույթ են կրում: «Սեփականության իրավունքի խախտման ամենացայտուն դեպքերից մեկը իրավապաշտպան Լեյլա Յունուսի ղեկավարած «Խաղաղության եւ ժողովրդավարության» ինստիտուտի շենքի քանդումն էր: Ես պարզապես ցնցված էի, երբ տեսա այն կադրերը, որտեղ հստակ երեւում էր, թե ինչպես են ինչ-որ մարդիկ մի քանի մետր այն կողմ վաճառում քանդված այդ շենքից հանած պատուհանները»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ մտահոգիչ է նաեւ ադրբեջանական ոստիկանության գործելաոճը: «Եթե նախորդ տարի ոստիկանական բաժանմունքներում պաշտոնապես արձանագրված կտտանքների թիվը 57 էր, ապա անցած յոթ ամիսներին դրանց թիվը հասել է 89-ի»,- ասել է Գերմանիայի օմբուդսմենը: