ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ կազմել է 366.12 դրամ: Օգոստոսի 15-ի համեմատ ամերիկյան արժույթն արժեզրկվել է 0.36 տոկոսով (օգոստոսի 16-ին բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարք չի կայացել): Բորսայում կատարվել է 5.3 մլն դոլարի առքուվաճառք, փակման գինը կազմել է 366 դրամ: Ի դեպ, երեկ փոխարժեքի թեմային անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Հայաստանում գնաճի դեմ պայքարում են միայն դրամի փոխարժեքը բարձրացնելու նպատակով, եւ արտերկրից ստացվող տրանսֆերտների մարումը փաստորեն դարձել է գնաճից խուսափելու եւս մեկ միջոց: «Այստեղ գնաճի դեմ պայքարում են միայն վեր բարձրացնելով դրամի փոխարժեքը»,- ասել է նա: Արդյունքում, ըստ Բագրատյանի, դրամային գնաճը զսպվում է, իսկ դոլարայինը` աճում։ «Մի անգամ ես զրուցում էի երկրի ֆինանսական ղեկավարության հետ: Նրանք ասացին, որ եթե բաց թողնեն դրամը, այն կընկնի մինչեւ 440-ի: Ուժեղ գնաճ կառաջանա, ինչպե՞ս դա կբացատրենք: Նրանք նախընտրում են տնտեսական մրցակցության մեջ չմտնել, ավելի հեշտ է ճնշել գնաճը ձեւական ցուցանիշներով եւ ուրախանալ, որ հուլիսին մենք 3 տոկոս սղաճ ունենք»,- ասել է նախկին վարչապետը: