Զբոսաշրջությունը Հայաստանում լուրջ վնասներ չի կրում եւ շարունակում է զարգանալ։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Վերջինս վկայակոչել է վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավելին, ըստ Ապրեսյանի, այս տարի զբոսաշրջության բնագավառում իրենք ակնկալում են մոտ 20 տոկոս աճ։ Նա նաեւ նշել է, որ իր ղեկավարած վարչությունը շարունակում է ոլորտի զարգացման ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր մշակել ու կյանքի կոչել։ «Պետք է զգոն լինենք եւ ապահովենք զբոսաշրջության կայուն զարգացումը։ Կան խնդիրներ` կապված աղտոտության, աղբահանության հետ, որոնք լուծելի են: Բայց պետք է բոլոր շահագրգիռ կողմերը մասնակցեն այդ խնդիրների լուծմանը»,- ասել է Մեխակ Ապրեսյանը` ավելացնելով, որ պետք է բարելավել համապատասխան ենթակառուցվածքները, վերահսկողություն սահմանել հատուկ պահպանման գոտիներում, նաեւ` արդյունավետ օգտագործել բնության ռեսուրսները` նույն բնության կայուն զարգացման սկզբունքի վրա։ «Պետք չէ անտեր թողնել պատմական հուշարձանները կամ զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող տարածքները` այնտեղ այցելությունները կազմակերպելով սահմանված ռեժիմի ու հստակ կանոնների համաձայն»,- ասել է նա։ Հասկանալի չէ միայն՝ թե շրջակայքը «զիբիլից» մաքրելու եւ պատմական հուշարձանները անտեր չթողնելու հորդորը ում է ուղղված։ Երեւի լրագրողներին։