Խոշորների հասույթն աճել է

18/08/2011

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները»։ 440 խոշորագույն հարկատուների գործունեության վերլուծության արդյունքում ՊԵԿ-ը պարզել է, որ իրացումից հասույթը 2011թ.-ի հունիս ամսին կազմել է 205.4 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 5.4 %-ով: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 251 կազմակերպությունների մոտ` 36.4 մլրդ դրամով եւ նվազել 184-ի մոտ` 23.1 մլրդ դրամով: Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա հունիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 16.9 %-ով եւ կազմել 67.7 մլրդ դրամ: Ընդ որում, ներմուծման ծավալներն աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 25.9 մլրդ դրամով եւ նվազել` 150-ի մոտ համապատասխանաբար 15.9 մլրդ դրամով: Արտահանման ծավալը 2011թ.-ի հունիսին կազմել է 42.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 19.6 մլրդ դրամի փոխարեն կամ ավելացել է 19.6 մլրդ դրամով: Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի հունիս ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.3 մլրդ դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 58.1 %-ը: 2011թ.-ի հունիսին հարկային մարմնի կողմից կատարվել են 77 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 162.2 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է մոտ 2120 մարդով կամ 1.6%-ով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` 2334.1 մլն դրամով կամ 12.0%-ով: 01.07.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 80.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 50.7 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 10.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի հունիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 1899.6 մլն դրամի չափով: