Քվեարկությունը թանկ հաճույք է

11/11/2005

Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության Պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283 մլն 449 հազար 91 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 27-ին կայանալիք «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Նույն որոշմամբ, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համապատասխան, հաստատվել է նաեւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կառավարության Պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձեւով կատարվող ծախսերի չափաքանակը: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. Պահուստային ֆոնդից 23 մլն 30 հազար դրամ է հատկացվել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանությանը՝ 2005թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ոստիկանության կողմից ընտրողների ցուցակներն` ըստ ընտրական տեղամասերի, եւ ընտրողների ծանուցագրերը տպագրելու ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաեւ` 2005թ. կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի ժամանակ նույնատիպ աշխատանքներ իրականացնելու ծախսերը հոգալու նպատակով։