Սերիալների հետեւանքը

18/08/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Ամառը թեժ է լինելու»,- մի ժամանակ սպառնում էին հանրահայտ գովազդն ու արմատական ընդդիմությունը: Պարբերաբար ու տարիներ շարունակ: Երբեմնակի նրանց հետ ձեն ձենի է տալիս հայրենյաց հիդրոմետ ծառայությունը: Միակ մխիթարանքը վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումն էր: Ամռան շեմին նա հայտարարեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում է լինելու: Համարձակ հայտարարություն էր: Ու պատասխանատու: Հայրենյաց տնտեսագետներից համարյա ոչ ոք մինչ այդ գլխի չէր ընկել, որ ամառվա կեսից հետո հանդ ու այգում բերքը հասունանում է: Հետեւաբար այս երկու-երեք ամիսներին տեղական արտադրության սննդամթերքի շուկայում գները ամենացածրն են: Տարվա մյուս ամիսների հետ համեմատած, իհարկե, ոչ թե բնակչության իրական եկամուտների: Պատասխանատու լրատվամիջոցներից մի քանիսը գնանկման ավետիսը ազգիս փոխանցելով` չէին մոռացել նշել, որ գնանկումը տեղի ունեցավ վարչապետի կանխատեսումի հանգույն: Փոխարենը մոռացել էին մեր շուկայում այսօր գործող գները համեմատել նախորդ տարվա նույն ցուցանիշների հետ: Մինչդեռ ազգային վիճակագիրները չէին մոռացել: Ըստ նրանց` այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ գնաճը 9,4 տոկոս է: Ամենատխուրն այն է, որ պարենային ապրանքները մի տարվա ընթացքում աճել են համարյա 15,5 տոկոսով: Ոչ պարենայինների ցուցանիշը մոտ 3 տոկոս է: Հակառակի պես ամռան շոգին հասարակական-քաղաքական կյանքն աշխույժ չէ: Քաղաքական բարդ ինտրիգների ու իշխանությունների հայրենանվեր առօրյա ձեռնարկների մասին տեղեկատվություն չկա: Համարյա բոլորն արձակուրդում են: Հետեւաբար ազգիս ընթերցասեր հատվածը ձեռքն ընկած տեղեկատվությունը մինչեւ վերջ է կարդում: Ի տարբերություն պատասխանատու լրատվամիջոցների: Իսկ մեր պաշտոնական լրատվությունը կառուցվում է քարոզչության լավագույն ավանդույթներով: Հաշվետվությունների սկզբում երկար-բարակ նշվում են արձանագրված դրական ցուցանիշները, հետո նոր ձախողումներն ու տագնապահարույց փաստերը: Տեսեք, մեր Ոստիկանությունը արդեն բավական ժամանակ զբաղված է մի կարեւոր գործով: Փորձում է սեփական հեղինակությունը բարձրացնել հասարակության աչքին: Սերիալներ է նկարահանում: Զարմացած հասարակությունը Զիմզիմովին ուղղված Պեպոյի հանրահայտ հարցն է տալիս` «Էդ ո՞ւմ փողերով»: Ու Ոստիկանությունը, որպեսզի սերիալներն առավելագույնս էժանացնի` սեփական անձնակազմով ու տեխնիկական միջոցներով է շարունակում նկարահանումները: «Բայց մենք ձեզ դրա համար չենք վարձել ու վճարում»,- զարմանում է հասարակությունը: Ու ճիշտ այդ պահին Ոստիկանությունը ձեռնարկում է հեղինակության բարձրացման նոր գործընթաց` հայտարարելով, որ այս տարի բացահայտել է կոռուպցիոն բնույթի 361 հանցագործություն: Հայտարարում ու ասում է, որ դա ուղիղ վեց տոկոսով ավելի է նախորդ տարվա հետ համեմատած: Աշխատանքի արդյունավետության վեց տոկոսանոց աճին կարելի է վերագրել, որ նվազել են խարդախության դեպքերը, բնակարանային գողությունները ու էլի ինչ-որ բաներ: Բայց հիմա հասարակությունն ամփոփագրերը մինչեւ վերջ է կարդում: (Տեղեկատվության ծավալի սակավ լինելու պատճառով` ինչպես նկատեցի): Կարդում ու տեսնում է, որ 30 տոկոսի չափով մի տարվա մեջ ավելացել են գողությունները: Անցած տարվա 59 ավազակային հարձակման փոխարեն` այս տարի 73 դեպք է արձանագրվել: Այս ու այլ ցուցանիշների գծով Ոստիկանությունը երկու տրամաբանական բացատրություն ունի: Առաջինը` որ սկսել է արդյունավետ աշխատել: Բայց սա լավագույն տարբերակը չէ: Սույնով հայրենի ոստիկանությունը փաստորեն կընդունի, որ ժամանակի մեջ եղել է մի պահ, երբ ինքը կատարյալ չի եղել: Հետեւաբար նախընտրելի է բացատրության երկրորդ հնարավոր տարբերակը` գողություններն աճել են գնաճին զուգընթաց: Այսինքն` նվազել է մարդկանց կենսամակարդակը: Հացի փող չունեցող մարդիկ էլ գողության դիմելով` փչացնում են քրեական վիճակագրությունը կառավարության տեսանկյունից: Փոխարենը` Ոստիկանությանը հիմք են տալիս եկող տարվա համար կառավարությունից ավելի շատ փող ուզելու: Ու որպեսզի կառավարության հետ ընդհանրապես ու վարչապետի հետ մասնավորապես հարաբերությունները իսպառ չվատանան, Ոստիկանությունը որոշել է խթանել գնանկման գործընթացը: Վարչապետի խոստումն ավելի առարկայական դարձնելու ձգտումով, Ոստիկանությունը վաճառքի է հանել 2006թ. արտադրության «Ֆոլկսվագեն» ու այլ մակնիշի մոտ 60 մեքենա: Շուկայականից ցածր գներով, իհարկե, մեկ մեքենան` 1,1 մլն դրամով: Ցածր գինը հիմնավորելու համար հայտարարվում է, որ այդ մեքենաները 70 տոկոս մաշվածություն ունեն: Ի տարբերություն ՀՀ գլխավոր դատախազի, ես կուզենայի իմանալ այն կազմակերպության անունը, որը տեխզննում է անցկացրել ու Ոստիկանությանը թույլատրել շահագործել 70 տոկոս մաշվածություն ունեցող ավտոմեքենաներ: Իսկ եթե գլխավոր դատախազը հետաքրքրվի, այդ կազմակերպությանը կարելի է հուշել հետեւյալ տրամաբանական բացատրությունը. «Տեխզննման պահին մեքենաները սարքին ու կարգին են եղել: Դրանք մաշվել ու շարքից դուրս են եկել ոստիկանական սերիալների նկարահանումների արդյունքում»: Ինձ թվում է` սա հիմնավոր բացատրություն է: Բայց եթե այն ձեզ դուր չեկավ, ինքներդ այլ տարբերակ հուշեք: