Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր որոշմամբ` մայրաքաղաքի 3400 կրպակներ մի քանի ամիսների ընթացքում ապամոնտաժվելու են:
Մեծ թվով կրպակների «ջարդ» է իրականացվել մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Փափազյան, Քոչար, ինչպես նաեւ` Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում: Կրպակատերերը հայտարարում են, որ քաղաքապետը հանրապետությունում գերսոցիալական խնդիր է ստեղծել, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ հայտնվել են անորոշության մեջ, հետեւաբար նրանց նույնպես սպառնում է աղքատությունից փրկվելու միակ ճանապարհը` արտագաղթը: Կրպակատերերը չեն դադարում երթեր, բողոքի ցույցեր իրականացնել Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ նախագահական նստավայրի, այսօր նաեւ` ՀՀ Կառավարության շենքի դիմաց, սակայն նրանց դժգոհությունն առայժմ մնում է անպատասխան: «Այն, ինչ անում է քաղաքապետարանը` գողություն է: Առավոտյան գնում, տեսնում ենք մեր սեփականություն հանդիսացող գույքը` կրպակը չկա: Գիշերն ապամոնտաժել եւ տարել են անհայտ ուղղությամբ: Սա գողություն է եւ շարքային մարդուն ունեզրկելու գործընթաց: Սա մարդու իրավունքի կոպիտ խախտում է»,- ասում է Կենտրոն վարչական շրջանում 1998թ.-ից կրպակ շահագործող Արեւիկ Ղազարյանը, որի կրպակը նույնպես ապամոնտաժել են: Կրպակատերերի` ինչո՞ւ եք մեզ զրկում աշխատելու իրավունքից հարցին` պետական այրերը պատասխանում են` «Կարեւորը` քաղաքը գեղեցիկ տեսք ունենա»: Ա. Ղազարյանն ասում է, որ սկսած 1998 թ.-ից ենթարկվել է բոլոր քաղաքապետերի (գրավոր) ցուցումներին: Բոլոր առաջարկները, պայմանները` տեսքը փոխել, բարեկարգել, ստեղծել գազոնային տարածքներ եւ այլն` ընդունել եւ կատարել է: «Այսինքն` չեն դիպչել մեր աշխատելու իրավունքին, բայց հիմա ոտնահարված է մեր աշխատելու իրավունքը: Բացի ՀՀ քաղաքացի լինելուց, բացի սահմանադրական իրավունքից` մենք նաեւ հարկատուներ ենք: Երկրում ստեղծվել է գերլարված իրավիճակ, որովհետեւ առաջացել է ընտանիք պահելու, ուսանողի վարձ վճարելու, ծերերին, հիվանդ հարազատին դեղորայքով ապահովելու, պահելու խնդիր»,- ասում է Ա. Ղազարյանը: Այս օրերին համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնց միջոցով հանրությունը հնարավորություն ունեցավ տեղեկանալու, թե ինչ մեթոդներով են ապամոնտաժվում կրպակները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը փորձում էր համոզել, թե այդ կրպակատերերին աշխատատեղեր են առաջարկվելու: Այդպիսով ուզում են պատրանք ստեղծել, թե այդ մարդկանց գործազրկություն չի սպառնում: Մեր զրուցակից Ա. Ղազարյանը նշում է, որ «Արաբկիրի թաղապետը առաջարկ է արել, ըստ որի` մեր կանաչապատման բաժնում կա խոտ ցանող, մարգեր մշակողի 10 աշխատատեղ, կարող եք գալ եւ աշխատանքի ընդունվել»: Այլ կերպ ասած` 3400 մարդկանց աշխատանքից զրկելով` առաջարկում են 10 խոտ ցանողի աշխատատեղ: «Այսինքն` մենք արժանանում ենք նույն արհամարհական վերաբերմունքին: Մեր հարցին, թե` ինչո՞վ ապրենք, ոչ ոք չի պատասխանում»,- ասում է Ա. Ղազարյանը: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` օլիգարխներից մեկը եվրոպական չափանիշներին համապատասխան կրպակների բիզնես է ներդրել, եւ կրպակատերերը կարծում են, որ քաղաքապետի սույն որոշումն իրենց այդ օլիգարխի հաճախորդները դարձնելու միտում ունի: «Մեզ նաեւ առաջարկ արեցին, որ` ձեզ հատկացնում ենք տեղեր, նոր կրպակներ պատվիրեք, բերեք տեղադրեք: Ասացին` հինգ տարի ժամկետով պայմանագիր կկնքենք: Նոր կրպակ պատվիրելն ու տեղադրելը ենթադրում է խոշոր ծախսեր, այն ենթադրում է 2 եւ ավելի միլիոն դրամ, որը մեզ համար շատ մեծ գումար է»,- հավատացնում է նախկին կրպակատերն` ասելով, որ իրենց առաջարկվում է նոր պատվիրված կրպակները տեղադրել ոչ մարդաշատ տարածքներում, որտեղ առեւտուր իրականացնել հնարավոր չէ:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Երեւանի քաղաքապետը սկզբում որոշում-հրամաններ է կայացնում, այնուհետեւ մտածում, թե ինչպես դրա հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրը լուծել, իր որոշումից դժգոհ այդ մարդկանց զայրույթը մեղմել: Հիշեցնենք փողոցային առեւտրականների` կանաչեղեն, բանջարեղեն եւ մրգեղեն վաճառող առեւտրականներին իրենց զբաղեցրած վաճառակետերից վտարելու հարցը:
Որոշում կայացնելուց հետո միայն քաղաքային իշխանությունները հասկացան, որ անփույթ են գտնվել: Փողոցային առեւտրով զբաղվողներին, առանց որեւէ առաջարկության, արգելում են փողոցներում առեւտուր անել, ինչի արդյունքում մոտ 2500-3000 մարդու ընտանիք հայտնվում է պոտենցիալ գործազուրկի դերում: Քաղաքապետարանում էլ վստահ էին, որ շուկաներում առեւտուր իրականացնելու համար վարձավճարը շատ բարձր է, եւ բոլորը չէ, որ կարող են օրական մի քանի հազար դրամ վարձ մուծել ու ընտանիք պահել: Ավելին, քաղաքապետարանը լծակներ չունի շուկայի տնօրեններին պարտադրելու, որ ցածր վարձավճար պահանջեն: Քաղաքապետարանից այդ որոշման առիթով ասում էին, թե 4-5 փոքրածավալ շուկաներ պետք է կառուցվեն, որտեղ առեւտրականներին ողջամիտ վարձավճար կառաջարկվի: Արդյոք ճիշտ չէ՞ր լինի նախ այդ փոքրածավալ շուկաները կառուցել կամ փորձել պայմանավորվածություն ձեռք բերել շուկաների տնօրենների հետ վարձավճարների վերաբերյալ, եւ դրանից հետո որոշում ընդունել պայքարել փողոցային առեւտրի դեմ: Ինչ խոսք, որեւէ մեկի աչքին հաճելի չէ փողոցային առեւտուրը, եւ քաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ աշխատակից ավելի բարձր էսթետ չէ, որքան պատկերացնում են: Սակայն չպետք է մոռանալ, թե դա սոցիալական ինչպիսի խնդիր է լուծում: Ժամանակին` ցրտի-մթի տարիներին, փողոցներում նույնիսկ ձուկ, հավ, մսեղեն եւ կաթնամթերք էլ էին վաճառում, սակայն ժամանակի ընթացքում` կյանքի որակի փոխվելուն զուգահեռ, եւ գնորդը, եւ վաճառողը հասկացան, որ դա հակասանիտարական, տգեղ երեւույթ է, եւ հրաժարվեցին դրանից: Ընդ որում, քաղաքապետի այս որոշումը առնվազն տարօրինակ է այն դեպքում, երբ բացօթյա վաճառվող կանաչին մարդկանց առողջությանը վտանգավոր է համարում, իսկ, օրինակ, շաուրման, լցնովի պաղպաղակը, փողոցում քամած հյութը` ոչ:
Ինչեւէ, անդրադառնալով Երեւանի քաղաքապետի այս վերջին որոշմանը եւ դրանից բխող գործողություններին` նշենք, որ կրպակներն ապամոնտաժելու գրավոր որեւէ փաստաթուղթ կրպակատերերին չի ներկայացվել: Թեեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հայտարարում էր, որ կրպակատերերը չունեն օրինական փաստաթղթեր, այդուհանդերձ` ճիշտ հակառակն են պնդում վերջիններս: Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ուսումնասիրելով իրավիճակը` նա հայտնել է, որ` «Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»: Կ. Անդրեասյանը հայտարարել է, որ ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել: «Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ»,- ասել է ՄԻ պաշտպանը: «Ժառանգություն» խմբակցության առաջարկով շուտով Ազգային ժողովում այս խնդրի հետ կապված լսումներ կանցկացվեն: Կրպակատերերի կազմկոմիտեն ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ միասին շուտով դիմելու է մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցներին: «Այս գործերը ընդհուպ մինչեւ անգամ Եվրոպական դատարան կարող են հասնել, քանի որ ակնհայտ են մարդու իրավունքի, մարդու սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես ուսումնասիրել է կրպակատերերի փաստաթղթերը եւ վստահեցնում է, որ նրանք աշխատել են օրենքի դաշտում եւ ամրագրված սեփականության իրավունքի պայմաններում: Ըստ նրա` իրավական դաշտում գործելու պարագայում քաղաքապետարանը նախ պետք է դիմեր դատարան, այնուհետեւ` դատական ատյանների կողմից քաղաքացու սեփականության իրավունքը չեղյալ ճանաչվելու դեպքում միայն նման որոշում կայացներ եւ ապամոնտաժելու գործողություն իրականացներ: Այլ կերպ ասած` պետական մարմինները հայտարարում են, թե` նախկին թաղապետի հետ կնքած ձեր պայմանագրերը մենք հիմք չենք համարում, կամ սեփականության իրավունքի ձեր վկայականները, որոնց տակ համապատասխան կառույցների կնիքն է` մեզ համար ոչինչ է: Ստացվում է` պետությունը գործում է պետության դեմ, արդյունքում` քաղաքացին չունի իր իրավունքն ամրագրելու արժանահավատություն: Որեւէ օրինական փաստաթուղթ ի զորու չէ ճնշել այս կամ այն պետական պաշտոնյայի անօրինական, բանավոր որոշումը: «Եթե քաղաքականություն է փոխվել, ապա պետական պաշտոնյան, տվյալ դեպքում` քաղաքապետը պետք է առաջնորդվեր օրենքով սահմանված ընթացակարգով: Պետք է քանդման վերաբերյալ անհատական, իրավական ակտեր ընդունվեին: Այդ որոշումները պետք է տրամադրվեին կրպակատերերին, պետք է տրամադրման պահից սկսած ուժի մեջ մտնեին եւ, եթե նորից չլիներ քաղաքապետի եւ քաղաքացու միջեւ համաձայնությունը, ուրեմն` այդ խնդիրը պետք է լուծվեր դատական կարգով: Դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, եւ ընթացքը պետք է տրվի դատական կարգով, ոչ թե` ոստիկանական ջոկատների միջոցով, բանավոր հրամանի հիման վրա, բռնություն կիրառելով եւ քաղաքացու գույքն անհայտ ուղղությամբ տանելով»,- մանրամասնում է Զ. Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր հերթին այս կապակցությամբ նշել էր, թե ինքը չի կարծում, որ կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան: Կրպակատերերն էլ, իրենց հերթին, քաղաքապետին են հարց ուղղում` «Իսկ նա ճանաչո՞ւմ է կրպակ շահագործող ընտանիքներին: Նա գիտի՞, թե ովքեր են այդ մարդիկ եւ ի՞նչ պայմաններում են ապրում: Մեր պետական պաշտոնյաներից որեւէ մեկը երբեւէ հետաքրքրվե՞լ է իր երկրում ապրող շարքային մարդու ընտանեկան, կենցաղային, ապրելու միջոցների հարցերով: Էս ամենից հետո անկեղծ ասած` մեզ չի էլ հետաքրքրում, թե Կարեն Կարապետյանն ինչ է կարծում»:
Այնպես է ստացվել, որ քաղաքապետարանը որեւէ գործ նախաձեռնելիս միշտ վերջից է սկսում. նախ ընդունում է որոշումները, հետո մտածում դրա հետեւանքով առաջացած խնդիրները լուծելու-վերացնելու մասին: Այդ մակերեսային ու անփույթ որոշումների արդյունքում, սակայն, բազմաթիվ ընտանիքներ հացի խնդիր են ունենում, երկրում սոցիալական դժգոհության նոր ալիք է առաջանում: Եվ սա` այն դեպքում, երբ երկրի տնտեսական այս ծանր պայմաններում եւ քաղաքական նախընտրական շրջանում այդ դժգոհության ալիքի գոյությունը ձեռնտու չէ ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը, ոչ էլ, առավելեւս, քաղաքացուն: