Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կողմից անկախության հռչակման երրորդ տարեդարձի կապակցությամբ «The New York Times»-ը հրապարակել է մի հոդված, որը վերաբերում է աշխարհում «ուրվական-պետությունների» գոյության վտանգին: Ըստ հրապարակման հեղինակի, այդպիսի պետություններն ունեն սեփական բանակ, անցկացնում են ընտրություններ, զարգացնում են իրենց տնտեսությունները եւ երեխաներ են դաստիարակում, սակայն գտնվում են փաստացի գոյության եւ իրենց լեգիտիմության միջազգային ընդունման միջեւ: «Աշխարհում գոյություն ունի 12 այդպիսի չճանաչված միավոր, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է 40 միլիոն մարդ: Նախկին Խորհրդային Միության տարածքում դրանք են` Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, Եվրոպայում` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Մերձավոր Արեւելքում` Պաղեստինը, Աֆրիկայում` Սոմալիլենդը եւ այլն: «Ուրվականների» մեծ մասը գոյատեւում է արտաքին աջակցության շնորհիվ: Այսպես, պաշտոնական Մոսկվան Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի «գորշ կարդինալն» է, իսկ Հայաստանը` Լեռնային Ղարաբաղինը,- գրում է պարբերականը` շարունակելով,- Նմանատիպ պետությունների իշխանությունները, որպես կանոն, կոռումպացված են, դրանք ղեկավարվում են ռազմական հրամանատարների կողմից, ովքեր զբաղվում են նարկոբիզնեսով կամ այլ ապօրինի գործունեությամբ: Դրանք ի հայտ են գալիս պատերազմի արդյունքում եւ գոյատեւում են հակամարտության շարունակման վտանգի հաշվին: Նրանք պատերազմներ են ստեղծում, նպաստում են հանցավորության տարածմանն ու թուլացնում են առանց այդ էլ թույլ պետությունները»: Հոդվածի հեղինակները առաջարկում են օգնել օրինակարգություն ձեռք բերել նմանատիպ այն միավորներին, որոնց կառավարությունները «իրենց լավ են դրսեւորում»: Որպես օրինակ է մատնանշվում Թայվանը, որի անկախությանը դեմ է արտահայտվում Չինաստանը: «Երբ ԱՄՆ-ը եւ այլ պետությունները, պնդելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, բացառում են «ուրվական-պետությունների»` համաշխարհային քաղաքականության մեջ պատասխանատու սուբյեկտ դառնալու հնարավորությունը եւ պիտակավորում են` որպես անջատողականության եւ հանցավորության հենարաններ, միջազգային հանրությունը զրկվում է դրանց առաջնորդներին պատասխանատվության կանչելու միջոցներից»,- գրում է «The New York Times»-ը` ավելացնելով, որ ճիշտ չէ կենտրոնանալ միայն այդ միավորների` պետություն դառնալու ձգտման վրա: «Երբ «ուրվականն» անգամ դառնում է իրական պետություն, խնդիրները կարող են պահպանվել: Էրիթրեայի օրինակից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է քաջալերի բարեփոխումները այդ պետություններում: Հակառակ դեպքում Երկրի միլիոնավոր բնակիչներ կշարունակեն մնալ քաղաքական ու իրավական անորոշության մեջ, իսկ դրանց հարեւանները կլինեն պատերազմի մշտական վտանգի ներքո»,- գրում է «The New York Times»-ը: