Ռիկարդիոնեն թույլ է տալիս նույն սխալը

18/08/2011

Նախագահ Օբաման այս օրերին բազմաթիվ խնդիրներ ունի: Անցյալ տարվա վերջին, երբ սենատորներն ընդդիմացան նրա կողմից դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մի քանիսին` ներառյալ Թուրքիայում դեսպանի թեկնածուին, նախագահը դիմեց շատ հազվադեպ օգտագործվող մարտավարության` նշանակել դեսպաններին առանց Սենատի համաձայնության, քանի դեռ Կոնգրեսը արձակուրդում է: Ի դժբախտություն նախագահ Օբամայի, հարցի լուծման նրա այս ոչ ավանդական մոտեցումը կարող է շատ կարճ կյանք ունենալ: Եթե մինչեւ տարվա վերջ Սենատը չհաստատի նրա` «արձակուրդի ժամանակ արված նշանակումները», այս դեսպանները ստիպված կլինեն լքել իրենց պաշտոնները եւ խայտառակված տուն վերադառնալ: Նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուն` դեսպան Ֆրանսիս Ռիկարդիոնեն, օգոստոսի 2-ին գտնվում էր Վաշինգտոնում` հասկանալու համար, թե արդյո՞ք Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովը կհաստատի իր նշանակումը: Հանձնաժողովում իր ելույթի ժամանակ թուրքական քարոզչություն կատարելով` նա իր դեմ լարեց բազմաթիվ սենատորների: Երբ խոսք գնաց Թուրքիայի` մարդու իրավունքների դատապարտելի քաղաքականության, Կիպրոսի օկուպացիայի եւ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, դեսպանը տվեց մի շարք խուսափողական եւ կասկածելի պատասխաններ: Ի պատասխան սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները երբեւէ ուրացել է Հայոց ցեղասպանությունը, դեսպան Ռիկարդիոնեն կրկնեց վատ անգիր արված բառերը. «Ես սատարում եմ նախագահ Օբամայի բնութագրմանը, ինչպես իրենք` հայերն են անվանում` «Մեծ եղեռն» («Yedz Meghern») …»: Դժբախտաբար, նա սխալ արտասանեց «Մեծ եղեռն» բառը` շրջելով երկու բառերի առաջին տառերը` փաստելով, որ ինքը ոչ մի գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում: Եթե նա իսկապես ցանկանում էր հայերեն բառ գործածել, նա կարող էր պարզապես ասել «ցեղասպանություն»: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կրկին նիստ կգումարի սեպտեմբերին` քննարկելու համար Ռիկարդիոնեի թեկնածությունը` օգոստոսի 12-ի լսումից հետո սենատորների կողմից ներկայացված հարցերին նրա գրավոր պատասխանները ուսումնասիրելուց հետո: Մենք ձեռք ենք բերել անցյալ շաբաթ դեսպան Ռիկարդիոնեի պատասխանները սենատոր Մենենդեսի վեց հարցերին, որոնք վերաբերում էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի «ավտորիտար միտումներին», քրիստոնեական եկեղեցիները իրենց օրինական տերերին վերադարձնելուն, Կիպրոսից իր զորքերը հանելու Թուրքիայի մերժմանը, թուրքական բանկերի կողմից Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմանը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայոց ցեղասպանության ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությանը:

Դեսպան Ռիկարդիոնեն խուսափեց պատասխանել իրեն տրված գրեթե բոլոր հարցերին: Նա ամբողջական պատասխան տվեց միայն մի հարցի, որով իրեն գցեց մեծ խնդրի մեջ` անելով ակնհայտ կեղծ հայտարարություն.

Սենատոր Մենենդես. «Ձեր կարծիքով, ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից, որոնք գործել են մինչեւ 1915 թվականը, այսօրվա Թուրքիայի տարածքում, մոտավորապես քանի՞սն են դեռ այսօր գործում որպես եկեղեցիներ»: Դեսպան Ռիկարդիոնե. «Մինչեւ 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը դեռ գործում են որպես եկեղեցի: Մեծ կարեւորություն ունեցող եկեղեցիներից մի քանիսը վերածվել են թանգարանների: Մյուսները կամ չեն կարող վերանորոգվել, կամ վերածվել են մզկիթների, քանի որ չէին օգտագործվում»:

Սա պարզապես անհավատալի պատասխան էր փորձառու դեսպանի կողմից, ով հիանալի գիտելիքներ ունի Թուրքիայի մասին, քանի որ մի քանի անգամ ծառայել է այդ երկրում եւ վարժ թուրքերեն է խոսում: Ռիկարդիոնեի խնդիրն այն է, որ ինքը չափազանց մտերմացել է Թուրքիայի հետ: Մեկ տարի առաջ սենատոր Սեմ Բրաունբեքը «կասեցում» դրեց դեսպան Ռիկարդիոնեի թեկնածության վրա` մեղադրելով նրան Կահիրեում իր ծառայության ժամանակ «եգիպտացի դիվանագիտական գործընկերների դիրքորոշումներն ու փաստարկները շատ արագ կուլ տալու մեջ»: «Հաշվի առնելով այս հարցերը` ես համոզված չեմ, որ դեսպան Ռիկարդիոնեն ներկայիս Թուրքիայում դեսպանի ճիշտ թեկնածու է»,- գրել էր սենատոր Բրաունբեքը 2010 թվականի օգոստոսի 16-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված իր նամակում:

Դեսպան Ռիկարդիոնեն այժմ նույն սխալն է թույլ տալիս Թուրքիայում իր նոր պաշտոնում: Նա պարզապես դարձել է Թուրքիայի կառավարության խոսափողը եւ ոչ թե Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը Անկարայում: Դժբախտաբար, սենատոր Բրաունբեքը այլեւս Սենատում չէ, որպեսզի դարձյալ «կասեցում» կիրառի դեսպան Ռիկարդիոնեի թեկնածության վրա, սակայն պետք է լինեն այլ սենատորներ, ովքեր հենց այդպես էլ կանեն` հավաստիացնելու համար, որ ԱՄՆ դեսպանը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը արտերկրում եւ ոչ թե կատարում է հյուրընկալող երկրի հանձնարարությունները:

Ինչպես կարելի է բացատրել դեսպան Ռիկարդիոնեի անիմաստ ու կեղծ պնդումները, որ Թուրքիայում մինչեւ 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը դեռեւս գործում են որպես եկեղեցիներ: Իրականությունը ճիշտ հակառակն է: Քրիստոնեական եկեղեցիներից միայն մի քանիսն են Թուրքիայում այսօր դեռ գործում որպես եկեղեցի` չհաշված Ստամբուլում հայկական, հունական եւ ասորական մի քանի տասնյակ եկեղեցիները: Դեսպան Ռիկարդիոնեի կողմից` եկեղեցիները մզկիթի կամ թանգարանի վերածելը արդարացնելու գռեհիկ փորձը մեծագույն վիրավորանք է բոլոր քրիստոնյաներին: Դեսպան Ռիկարդիոնեն ակնհայտորեն ինքն իրեն որակազրկեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու համար: Սենատորներից մեկը կամ մյուսը պետք է «կասեցում» ներկայացնի նրա թեկնածության վրա, որպեսզի թույլ չտա նրան նոր վնասներ պատճառել ԱՄՆ-ի ազգային շահերին:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր