Ստուրուային հեռացրել են պաշտոնից

18/08/2011

Վրաց ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան զրկվել է աշխատանքից երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քննադատելու համար: Ստուրուան հեռացվել է Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, սակայն Մշակույթի նախարարությունում հրաժարվել են հայտնել հեռացման պատճառները: Իր հեռացման մասին առաջինը պատմել է Ստուրուան` ֆեյսբուքյան իր էջում։ Հաղորդագրությունը բաղկացած է մեկ բառից. «Հեռացրել են»: Ռեժիսորը հրապարակել է նաեւ Մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուայի համապատասխան հրամանը վրացերեն: Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 9-ին եւ ուժի մեջ է մտել օգոստոսի 15-ից: Դրանում հեռացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: «Ես չեմ թաքցրել իմ քննադատական տրամադրությունները Վրաստանի գործող իշխանությունների նկատմամբ, որոնք տանել չեն կարողանում իմ քննադատությունը»,- այսպես է Ստուրուան մեկնաբանել իր հեռացման պատճառը: Հիշեցնենք, որ հուլիսին վրացական «Թրպ վՏՉՏրՑՌ» ամսագրին տված հարցազրույցում Ստուրուան, մասնավորապես, ասել էր. «Վրաց ժողովուրդը պետք է հրաժարվի այս ղեկավարությունից, ինչպես գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից: Վրացիները պետք է ապաշխարեն: Ղեկավարությունն իր վրա պետք է վերցնի եկեղեցին, միայն այդ ժամանակ երկիրը կփրկվի: Եթե աստվածացնում ես սատանային, անպայման քեզ ինչ-որ վատ բան է սպասվում»: Մինչ այդ Ստուրուան մեղադրել էր Սահակաշվիլիին վրաց ժողովրդի նկատմամբ ատելության մեջ: «Նա հայ է, ի՞նչ արած»,- ասել էր նա: Ռեժիսորի այս հայտարարությունը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել Հայաստանում եւ Վրաստանում, նրան մեղադրում էին ռասիզմի եւ քսենոֆոբիայի մեջ: