Նոր աղանդ է ներխուժել Հայաստան

18/08/2011

Այն մարդկանց, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքին վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի եւ ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Երեկ հրավիրված ասուլիսում նշել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ում գնահատմամբ` Հայաստանում շատ են ակտիվացել կրոնական կառույցները, հատկապես «Եհովայի վկաները»: Այդ աղանդի ներկայացուցիչները տարբեր հայցերով դիմում են դատարաններ` ներկայանալով ճնշվողի դերում: Ըստ Ամարյանի` կրոնական գրեթե բոլոր կառույցների արմատներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տանում, որոնք «սնվում» ու միջոցներ են ստանում հենց ԱՄՆ-ից: Քիչ կազմակերպություններ են եվրոպական կամ Միջին ասիական: Ըստ Ամարյանի` վերջերս Հայաստան է ներխուժել Ալյա Այաթ անվանումով կրոնական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ: Այդ կառույցը սկզբնավորվել է Ղազախստանում: Հայաստանում գլուխ է բարձրացրել բողոքական ճյուղը, խարիզմատիկ եկեղեցին, որոնք սկսել են անպատժելի իրավիճակում գործել:

Խարբերդում «Աստծո զինվորներ» կառույցը ղեկավարում է Շողեր անունով մի կին, իսկ կառույց մուտք գործել չի կարող ոչ իրավապահ մարմնի, ոչ էլ պետական մարմնի որեւէ ներկայացուցիչ, եթե անկոչ հյուր է: Ալեքսանդր Ամարյանի խոսքերով` եթե ուսումնասիրվի այդ տիկնոջ գործունեությունը, հնարավոր է քրեական գործ հարուցել օրենսգրքի առաջինից մինչեւ վերջին հոդվածով: Ընդ որում, Ա. Ամարյանը եկեղեցու դերն աղանդների դեմ պայքարում համարում է ավելի փոքր, քան ժողովրդի ու կառավարության դերը: Ըստ նրա` կրոնական կառույցները հսկող օրենսդրություն պետք է լինի, պետք է պատրաստվեն փորձաքննություն կատարող մասնագետներ, կրոնագետ-հոգեբաններ, կրոնագետ-իրավաբաններ: «Կրոնական կառույցներով զբաղվող իրավապահ մարմին է անհրաժեշտ: Աղանդներն աղաղակում են, որ իրենց ճնշում են, որը բացառվում է»,- ասել է Ա. Ամարյանը: